«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ՊԵՆԵԼԱՅԻ «ՀՈՒՄՈՐԻ ԲԻԵՆԱԼԵՆ» ԵՎ ՀԱՅ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Պենելան Լիսաբոնի եւ Պորտուի միջեւ ընկած փոքրիկ քաղաք է: Այստեղ 2008-ից սկսած երկու տարին մեկ կազմակերպվում են Լուիշ դը Օլիվիեյրա Գիմարայիշի անվան հումորի բիենալեներ: Այս տարվանը կրում էր «Գիրը եւ ժուռնալիստիկան» խորագիրը, որին մասնակցեցին աշխարհի 58 երկրից 435 արվեստագետներ, 1250 աշխատանքներով: Մասնակիցներին տրված էր աշխատանքները էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն: Բիենալեի երեք մրցանակային տեղերի թեկնածուներին ընտրում էր համապատասխան ժյուրինՙ Պենելայի քաղաքապետարանի, Գիմարայիշի ընտանիքի եւ բարեգործական խմբի ներկայացուցիչները, երկու նկարիչ եւ բիենալեի գեղարվեստական ղեկավարՙ Օժվալդո Մասեդո դը Սոուսան:

Պենելայի այս բիենալեի հետաքրքրությունը եւ դա հրապարակման նյութ դարձնելը պայմանավորված է իհարկե ոչ միայն հայ արվեստագետի մասնակցության, այլեւ նրա` առաջին մրցանակին արժանանալու հանգամանքով:

Շատերիս, նաեւ գրաֆիկական դիզայներ Հարություն Սամուելյանին անծանոթ փոքրիկ Պենելան իր կյանքի հիշարժան հանգրվաններից մեկն էր դառնալու: «Սովորաբար մրցույթների մասնակցության այսպիսի հրավերներ շատ են լինում, պատմում է նա,- այս մրցույթը ինձ հրապուրեց իր խորագրով, եւ ես ուղարկեցի 5 նկար, մտածելով, որ դրանցից գոնե երկուսը կգնահատվեն այնքան, որ կընդգրկվեն տպագրվող կատալոգում: Անակնկալ էր, երբ ստացա պատասխան, որ 1-ին մրցանակին եմ արժանացել, նաեւՙ բացման արարողությանը մասնակցելու հրավեր»:

Մրցանակակիր աշխատանքը 1989-ի արված գրաֆիկական գործ էր («Գիրք-ծով» պայմանական անվանումով). բացված գիրքը վերածվում է ծովիՙ հեռաստանում երեւացող փոքրիկ առագաստանավով: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հարություն Սամուելյանը բիենալեին իր մասնակցությունը ներկայացրեց որպես նվիրում հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանին` որպես 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի: Խորհրդանշական էին թեմայի համապատասխանությունը գրավոր մշակույթին առնչվող տարվա մեր երկու իրադարձություններին եւ պորտուգալական բիենալեում հայ մասնակցի առաջին մրցանակին արժանանալը:

Ցուցահանդեսի կազմակերպման մակարդակի ու եղանակների, տեղի բնության, երկրի ճարտարապետության ու հատկապես պորտուգալական հյուրասիրության տպավորությամբ զրուցակիցս հիշում է այնտեղ անցկացրած ամեն օրը եւ յուրաքանչյուրՙ անգամ փոքրիկ, աննշան դրվագներ. պաշտոնական ընդունելության պարզ, անմիջական մթնոլորտը, որ հնարավորություն էր տալիս յուրաքանչյուրի անկաշկանդ ինքնադրսեւորմանը, շփումները, ծանոթությունները պաշտոնական անձերի ու հյուրերի հետ: Տպավորված պատմում է հպարտության այն զգացումի մասին, որով հյուրընկալ տանտերերը ցույց էին տալիս Լուիշ դը Օլիվիեյրա Գիմարայիշի ընտանեկան հարուստ գրադարանը, հատկապես հնատիպ գրքերը, Լոպե դե Վեգայի երկերը` իր ժամանակի տպագրությամբ, Գուստավ Դորեի փորագրություններով Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Բիենալեի ժյուրիի անդամ Գիմարայիշի ընտանիքի ներկայացուցիչը անկեղծացել է, ասելով, որ Հարություն Սամուելյանի աշխատանքն արտահայտում էր իրենց երկրի երկու հատկանշական արժեքներըՙ ծովի ու գրքի մշակույթները. Պորտուգալիան XV-XVI դարերին ծովային մեծ կայսրություն էր, եւ իրենքՙ պորտուգալացիները խորագույն հարգանք եւ սեր ունեն գրի, գրավոր մշակույթի հանդեպ, այնպես որ «Գիրք-ծով» նկարը այլընտրանք չուներ:

Բիենալեի հյուրընկալ կազմակերպիչները նախատեսել էին նաեւ ճամփորդություն պորտուգալական հնավայրերով, երկրի նշանավոր քաղաքներով: Մասնակիցները եղան Կուիմբրայում, որը Պորտուգալիայի միջնադարյան մայրաքաղաքներից է, հրաշալի տեսարաններովՙ արտակարգ ճարտարապետությամբ, ջերմ, մտերմիկ մթնոլորտով, վանական համալիրներով ու տաճարներով, գետափնյա բլուրների վրա վեր բարձրացող 13-րդ դարի համալսարանով, որ մինչեւ օրս գործող աշխարհի հնագույն համալսարաններից մեկն է:

Գնալ Լիսաբոն եւ չայցելել «Գյուլբենկյան» թանգարան, դժվար է պատկերացնել որեւէ հայ մտավորականի համար: Հարստագույն մի թանգարան, որտեղ ցուցադրված են հայ եւ համաշխարհային մշակույթի բազմաշերտ ու եզակի արժեքներ, եւ որն իր գործունեությամբ մեծապես նպաստում է Պորտուգալիայի կրթական ու մշակութային կյանքին, անպայմանորեն Հայ սփյուռքին ու Հայաստանին: Եվ Սինտրանՙ հայտնի արքայական պալատներով, որ հնաբույր քաղաքի շունչն է փոխանցում: Քիչ այն կողմ Ատլանտյան օվկիանոսն է եւ Եվրոպայի ամենաարեւմտյան կետը, որտեղ տեղադրված ստելան զբոսաշրջիկներին այս մասին է հուշում: Տպավորիչ է այս ամենը, մանավանդ երբ ամենաարեւմտյան կետում ես եւ... մայրամուտ է:

Հ. Սամուելյանը աշխատանքային հարուստ փորձ եւ հատկապես մրցույթների մասնակցության տպավորիչ կենսագրություն ունի: Կրթությամբ ֆիզիկոս, նաեւ թեկնածուական թեզ պաշտպանած մասնագետ, նա, այնուամենայնիվ, իր ունակությունները դրսեւորել է գրաֆիկական դիզայնի ամենատարբեր ոլորտներում (գրքերի, հանդեսների, տպագիր այլ արտադրանքի գրաֆիկական նախագծում, ձ-ավորում - նկարազարդում, տառատեսակների նախագծում, ֆիրմային ոճերի նախագծում ու մշակում, նամականիշների, թղթադրամների, մետաղադրամների - մեդալների նախագծում եւ այլն), հրատարակչական բազմամյա գործունեություն է ծավալել:

1976-ից սկսած մասնակցել է կերպարվեստի, գրաֆիկական հումորի եւ երգիծանկարի տասնյակ ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների, հայաստանյան մի շարք ստեղծագործական մրցույթների եւ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հուշադրամների մրցույթների հաղթող է: Համահեղինակ է ՀՀ ներկայում գործող Պետական զինանշանի ժամանակակից գրաֆիկական մեկնության: Հեղինակել է ավելի քան 130 նամականիշ, այդ թվում ՀՀ եւ ԼՂՀ առաջինները, կատարել բազմաթիվ գրքերի նկարազարդումներ, գրաֆիկական աշխատանքներ, երգիծանկարներ:

Մրցույթների հաղթանակներն ու հաջողություններն, իհարկե, այս կենսագրության հիշարժան տարեթվերն են: Դրանցից նա հիշում է մի քանիսը, ինչպեսՙ ժամանակի առումով ռեկորդային 1998-ին Ղարաբաղյան շարժման 10-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի պատրաստման պատմությունը: Երբ նամականիշների ստեղծման եւ տպագրության տեւողությունը լավագույն դեպքում, ինչպես զրուցակիցս է նշում, առնվազն երկու ամիս է, այս նամականիշը (համահեղինակներ Գարեգին Մարտիրոսյան, Հարություն Սամուելյան) ստեղծվեց ռեկորդային ժամանակում եւ տպագրվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, Հոլանդիայի Հարլեմ քաղաքի Ջոհ Ենսքեդե Սթեմփս ընկերությունում: Իր հեղինակությամբ եւ մասնակցությամբ «Հայերըՙ XX դարի մշակույթին» 36 նամականիշով գրքույկի տպագրությունը դարձյալ իրականացավ Հոլանդիայում:

Հ. Սամուելյանըՙ որպես գրաֆիկական դիզայներ լուրջ ներդրում ունի հայկական մետաղադրամների ու թղթադրամների ձեւավորման աշխատանքներում: Նա 100.000 AMD թղթադրամի գրաֆիկական նախագծման հեղինակն է: Աբգար թագավորին եւ նրա հետ կապված պատմությանը անդրադառնալու գաղափարը Կենտրոնական բանկի այն ժամանակվա նախագահ, ներկայիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանինն է: Թղթադրամի տպագրությունն իրականացրել է անգլիական «Դե Լա Ռու» նշանավոր ընկերությունը: 2010-ին The International Currency Affairs-ի կողմից թղթադրամների հիմնական արտադրողների կոնֆերանսում այն արժանացավ երկրորդ տեղինՙ զիջելով միայն շոտլանդականին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4