Իսրայելի Էլիաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 2 խմբով: Ծանրորդներն առաջնության պարգեւներն են վիճարկում մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների մրցավեճում: Հայաստանից Եվրոպայի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն 11 ծանրորդներ:
Մեր հավաքականի կազմում առաջինը մրցահարթակ դուրս եկավ 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, որը մասնակցեց մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցավեճին: 17-ամյա Իզաբելան պոկում վարժությունը սկսեց 75 կգ-ից, ապա բարձրացրեց 80 կգ-ը: 3-րդ մոտեցման համար նա պատվիրել էր 81 կգ, սակայն չկարողացավ հաղթահարել ծանրությունը: 80 կգ արդյունքով նա պոկում վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Լավագույն արդյունքը ցույց տվեց մոլդովացի Քրիստինա Իովունՙ 92 կգ: Արծաթե մեդալը բաժին հասավ բելառուս Ալյոնա Չիչխանինՙ 90 կգ:
Հրում վարժությունում էլ Յայլյանը հաջող կատարեց առաջին 2 մոտեցումներըՙ բարձրացնելով 95 եւ 98 կգ: Իսկ 100 կգ-անոց ծանրաձողը 3-րդ մոտեցման ժամանակ հայ մարզուհուն չենթարկվեց: Այլապես Իզաբելան երկամարտում էլ բրոնզե մեդալի կարժանանար: Նա երկամարտի 178 կգ (80+98) արդյունքով 7 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Հայ մարզուհին միայն անձնական ավելի ծանր քաշիՙ 100 գրամի պատճառով բրոնզե մեդալը զիջեց նույնպիսի արդյունք ցույց տված թուրք Այսեգուլ Կոբանին:
Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց մոլդովացի Քրիստինա Իովուն, որը երկամարտում ցույց տվեց 207 կգ (92+115) արդյունք: Արծաթե մեդալը նվաճեց բելառուս Ալյոնա Չիչխանըՙ 195 կգ (90+105):