ՀՀ հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է գտնվել եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Ըստ Corriere dello Sport-ի, 23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են բունդեսլիգայի մի քանի թիմերՙ «Բավարիան», «Բորուսիան» եւ «Շալկե-04»-ը:
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղն Ուկրաինայի առաջնությունում: 18-րդ տուրում նա կրկին դաշտից չհեռացավ առանց գոլիՙ 29-րդ րոպեին գրավելով «Կրիվբասի» դարպասը: Դա Հենրիխի 18-րդ գոլն էր առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներում: Հենրիխը վստահորեն գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Ի դեպ, «Կրիվբասի» դարպասը Մխիթարյանի խփած այդ գոլը «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է 2-րդը: Հենրիխի խփած գոլի օգտին քվեարկել են 74 ֆուտբոլասերներ: Իսկ լավագույնն է ճանաչվել «Նորդշելանի» դարպասը Վիլիանի խփած գոլը, որի օգտին ձայն են տվել 150 հոգի:
Նույն կայքի անցկացրած հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Հարցման 583 մասնակիցներից 234-ը իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին: 2-րդ տեղում Ֆեռնանդինյոն էՙ 170 ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ բրազիլացիՙ Վիլիանը, որի օգտին քվեարկել են 123 ֆուտբոլասերներ: