«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


ԱԴԱՄ ՇԻՖ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԻՐ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հարեւանները ամերիկացի կոնգրեսականից ուզում են, որ իր ընտրողներին լսելու փոխարեն վարվի «խավիարակերների» պես

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Գողը բոլորից բարձր է գոռում, թե բռնեք գողին: Ադրբեջանը շատ դեպքերում հենց այս մարտավարությամբ է առաջնորդվում, ընդ որում հանգամանքների խեղաթյուրումն ու փաստերի տարամեկնաբանությունները նորությունների բաժնից չեն, հատկապես երբ գործի է դրվում ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան: Այդ մեխանիզմի ցցուն դրսեւորումներ ներկայացնող Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունն էլ այնքան հաճախ է անգրագետ ու կիսատ-պռատ մոտեցումներով փորձում «շտկել» իրավիճակը, որ անկհայտորեն սխալ դատողությունների առնչությամբ մեկնաբանություններ անելու հիմք չի մնում:

Հերթական անգամ ադրբեջանական դիվանագիտական միտքը փորձել է մանեւրել` անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի նամակներից մեկին, որով վերջինս, որպես Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ, իր գործընկերներին ու Սենատին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը, ավելի պարզ ասած` ռազմական օգնությունը: Շիֆը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցությունից զրկելու առաջարկը գալիս է Իլհամ Ալիեւի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջը շարունակվող սկանդալից:

«Ադրբեջանն արդարադատությունն ամենախիստ ձեւով խաթարող քայլ է արել` սառնասիրտ մարդասպանին հերոս դարձնելով: Ադրբեջանական զինուժի դասընթացների մեջ մեր ներդրումները վատնելուց վատ արդյունք են տվել: ԱՄՆ-ը չպետք է ագրեսիայի որեւէ քայլ հանդուրժի ընդդեմ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի, եւ Ալիեւիՙ ատելությամբ լի այդ գործողությունը խաթարում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու միջազգային ջանքերը», ասված է Շիֆի նամակում:

Կոնգրեսականը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանը բարձր գին պետք է վճարի իր արարքների համար, ավելացնելով, որ Բաքուն գնահատում է Վաշինգտոնից ստացվող ռազմական օգնությունը «ոչ թե որ փողի կարիք ունի, այլ որովհետեւ դա երկկողմ մերձավոր հարաբերությունների նշանավորում է»: «Դադարեցնելով ռազմական աջակցությունը Ադրբեջանին` ԱՄՆ-ը ցույց կտա իր գարշանքը Սաֆարովի դեպքի առնչությամբ, նաեւ հիշեցնելով Ալիեւին, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի ագրեսիվ քայլեր Հայասռանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, որպես Շիֆի նամակի արձագանք, հանդես է եկել հայտարարությամբ, թե Շիֆի հայտարարությունները հակադրվում են ԱՄՆ ազգային շահերին, կարծես Ադրբեջանին հակադրվելիս ամերիկյան շահն առ ոչինչ է դառնում: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Էլմար Աբդուլաեւը հայտարարել է. «Ինչ կարելի է սպասել ամերիկյան կոնգրեսականից, որի քաղաքական կարիերան կախված է հայկական սփյուռքից»: Ամերիկյան շահերի «պաշտպան» Աբդուլաեւը նաեւ կարծիք է հայտնել, թե Շիֆի նման հայտարարությունները «ապացուցում են, որ նա լիովին գտնվում է հայկական սփյուռքի ազդեցության տակ»:

Որ որեւէ կոնգրեսական Միացյալ Նահանգներում կարող է գտնվել հայկական սփյուռքի ազդեցության տակ, որեւէ բացասական մոտեցում չի կարող պարունակել այն պարզ պատճառով, որ հայկական սփյուռքն այդ երկրի քաղաքացիներից է կազմված, որոնք ընտրելու, հետեւաբար նաեւ պահանջելու, իրենց շահերը ներկայացնելու պահանջ դնելու իրավունք ունեն:

Ամեն դեպքում, որեւէ մեկի ազդեցության տակ լինելը, երբ այդ մեկը քո ընտրողն է կամ այն հարկատուն, որի վճարումների շնորհիվ դու աշխատավարձ ես ստանում, ժողովրդավարություն է, մինչդեռ ադրբեջանական ազդեցության առումով ավելի շուտ արդեն ողջ մոլորակով հայտնի ու վարկաբեկված «խավիարային» դիրքորոշման հետ գործ ունենք, այլ ոչ սեփական դիրքորոշման արտահայտման:

Եվ եթե Եվրոպայում, եվրոպական մի շարք կառույցներում ադրբեջանական «խավիարը» ճանապարհ է հարթում, հենց Ադրբեջանում էլ «խավիարի» հոտ է գալիս շատ հայտարարություններից, որոնցից վերջինը արել է այդ երկրում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, որին, ի դեպ, «տարօրինակ» հայտարարությունները հատուկ են` հետագայում դրանք հերքելու երբեմն դրսեւորվող մոտեցմամբ:

Այս անգամ էլ Կոբիան հայտարարել է, թե Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը ավելի մեծ շանս ունի: «Ընտրություններում կհաղթի ամենաուժեղ թեկնածուն», ասել է Կոբիան, ու, ըստ ադրբեջանական կայքէջերի, ավելացրել, թե Ալիեւի շանսերը ավելին են, քանի որ «նա պոպուլյար է ժողովրդի մեջ»:

Հետաքրքրական է, թե հատկապես խավիարի ո՞ր գույնն է նախընտրելի, երբ Ալիեւը կարող է ներկայացվել որպես ժողովրդի «ընտրյալ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4