Վերջին օրերին լրատվամիջոցներով մեր քաղաքական գործիչների` միմյանց ուղղված ուղերձները պտտահողմերի երեւույթն ունեն, որ մի քանի րոպե անասելի ավերմունք են գործում եւ անհետանում: Փոխադարձ մեղադրանքներ, փոխադարձ կոմպրոմատներ` առայժմ էպիստոլյար ժանրի մեջ: Դեռ ոչ ոք չի կանգնում եւ ուղիղ մյուսի երեսին ասում, թե իրականում ինչ է մտածում նրա մասին: Գագիկ Ծառուկյանի մամլո գրասենյակի նախորդ օրը տարածած հաղորդագրության երկու առանցքային հատվածը բրյուսելյան հանդիպումների մասին, թե` «Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով», եւ «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», բավական կոշտ արձագանքի է արժանանում իշխանամերձ շրջանակում: Այս իրավիճակը գնալով մի փոքր անհասկանալի է դառնում այն պարագայում, երբ խաղը դիտարկում ես նույն շրջանակի ներքին պայմանավորվածությունների մեջ: Այսինքն ի՞նչ` ամեն բան լրջանո՞ւմ է, իսկապես փոխադարձ մրցակցությունը տեղ ունի՞ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, թե ինչպես տեսակետ կա, այնուամենայնիվ, իմիտացիոն է ամեն ինչ: Ու երբ երեկ Ազգային ժողովի փոխնախագահը նյարդային արձագանքեց բրյուսելյան հաղորդագրությանը` կասկածը մեծացավ, թե կամ խաղն է դուրս գալիս վերահսկողությունից, կամ էլ կողմերից մեկը, կամ էլ, ինչու չէ, երկուսն էլ փոխադարձ պայմանավորվածություններ են խախտել, ուրեմն: Այլապես ինչո՞ւ պետք է Էդվարդ Շարմազանովը այսպես սուր արձագանքեր ԲՀԿ հաղորդագրության կոռուպցիայի դեմ պայքարողների վերաբերյալ հատվածին` այն անվանելով ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում ու ամոթ համարեր նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն իսկ ու «ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, ու դա արդարացված է»: Երեւի մեկ օր առաջ ԵԺԿ ի կարծիքը ԲՀԿ-ի մասին տարածումն էլ կարելի տեսնել այս համատեքստում, ինչպես ի դեպ այլ լրատվական «բոմբեր», դրանք պատկերում են օրվա քաղաքական խճանկարը. «Մենք չենք ասում չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի, հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում չէ՞, որ, ըստ մեր եվրոպացի գործընկերներիՙ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա:
Մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնելով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում չէ՞, որ, ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ»: Սա էլ Շարմազանովից` Ծառուկյանին:
Հա, ինչ-որ զարմանալի բան, այնուամենայնիվ, կատարվում է: Սակայն կուզեինք այս բոլորի տակի առավել խորը եւ հոգեբանական շերտերը վերլուծել:
Արդյո՞ք իշխանությունն իսկապես վախենում է, որ Ծառուկյանը կարող է իր թեկնածությունը դնել եւ լուրջ քվեներ վերցնել: Բայց մի՞թե ինքը, իշխանությունը մեղավոր չէ այս իրավիճակի համար: Նախ` այն բանի համար, որ մեր հասարակությունն այն դիմագիծն է ձեռքբերել, որ կուզենար ունենալ Ծառուկյանի նման նախագահ: Բնականաբար, երբ հասարակության բավական զգալի շերտեր Իսահակյան եւ Մարկես են կարդում, նրանց պահանջները նախագահի թեկնածուի կերպարի վերաբերյալ բոլորովին այլ են, քան այն դեպքում, երբ հասարակության պահանջարկի ամենաանհրաժեշտ բաղադրիչը Քիմ Քարդաշյանի տորսի չափերի մասին տեղեկատվությունն է, կամՙ հոգեզուրկ-նյութապաշտ-կռապաշտ մեր սերիալային հերոսը, ու այս դեպքում նման պահանջարկով հասարակության նախագահի թեկնածուն բոլորովին այլ մարդ է: Պահանջարկ, ընդհանրապես մարդ ու հասարակություն կրթելու մասին որ միշտ ասվում է, հենց դրա համար է ասվում: Երբ ասում ենք` վերջ տվեք այդ անհոգի-բթացնող սերիալներին, դրանց գործած ավերն անդառնալի է, մեզ պատասխանում են, թե հասարակությունը դրանց պահանջարկն ունի, հեռուստաընկերությունների տնօրեններին այդ էժանագին հանրայնությունը դուր է գալիս, այդ տեսակ սերիալին գովազդ է տալիս չորրորդ դասարանի կրթությամբ մեր գործարարների մեծ մասը: Այսինքն` հեռուստաընկերության փող վաստակելու միջոցներից մեկն էլ այդ մարդ բթացնող սերիալն է: Ով է երես տալիս այդպիսի հեռուստատեսություններին, ո՞վ` սնունդ տալիս այդ կերպարներին: Բայց հենց դրանցով է դաստիարակվել այն մարդը, որը ոչ թե կուզենար ունենալ կրթված, խնդիրները խորքից իմացող ղեկավար ու նրա հետեւից գնալ, այլ ուժեղ, հարուստ փողատիրոջ, որ բոլոր հարցերը լուծելու է ուժի եւ փողի դիրքերից: Հենց այդպես էլ վարվել ենք տարիներ ու ստացել մի հասարակություն, որը օրինակ է վերցնում ոչ թե բարեկիրթ հերոսից (ով բացակա է մեր սերիալներից էլ, մեր լրատվամիջոցներից ու համարյա մեր կյանքից), այլ ուժեղից, անկիրթ-հզորից, գողականից... Ո՞ւմ մասին են գրում ամեն օր լրատվամիջոցները` Թոխմախի Մհերի, Լֆիկի, մեր մյուս մականունավորների ու հարուստների... թվում է, թե բացասական անդրադարձներով: Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես: Իրականում նրանք մեր ԶԼՄ-ների ամենօրյա հերոսներն են, քանի որ նախ հակագովազդը նույնպես գովազդ է, բացի այդ` կարդացող միջին հայը մտածում է, թե տես ի՞նչ ուժեղ տղերք են, իրենց մասին գրում ու գրում են, բայց իրենք, ինչ էլ գրեն, թքած ունեն ու հարուստ են, ուրախ, չաղ ու բախտավոր: Ու ցանկանում է նմանվել... հենց այդ մականունավորներին: Բումերա՛նգն է աշխատում, ու շատ ճշգրիտ. ինչ ցանվում, այն էլ հնձվում է: Ու հիմա բոլորովին էլ զարմանալի չէ, որ հասարակության մի զգալի շերտի մոտ պահանջարկված լինի փողատիրոջ եւ ուժով հարց լուծողի կերպարը: Ու նաեւ լրագրողներն են այդպիսին` մեղրի կաթիլին եկած ճանճերի պես թափվում փողատերերի վրա` իբր քննադատում են, լրագրությամբ են զբաղվում, իրականում... Իրականում այդ մարդկանց մասին պետք է մոռանալ, չանդրադառնալ նրանց ոչ բացասական, ոչ դրական, նրանք չպետք է լինեն լրատվամիջոցների գլխավոր հերոսները: Ու ով է նրանց համար կանաչ ճանապարհ բացել` իշխանությունը, իր կամ դիմացի ուժի մեջ, մեկ է: Հիմա եկել ու ի՞նչ եք ասում: Ստացել եք մի հասարակություն, որն իր խնդիրները լուծելու համար հերոս է ընտրում ձեր մատուցած կերպարով ու նմանությամբ, ու այո, պետք է վախենալ, որ օլիգարխը, ինստիտուտին ոչ համապատասխան մարդը կդնի թեկնածությունը եւ ձայներ կտանի: Բայց չէ որ հենց դուք եք նախապատրաստել այս իրավիճակը: Իսկ հիմա ԲՀԿ բրյուսելյան այցի հաղորդագրության մասին ասում եք թատերական ներկայացում ու կամ` թատերական ներկայացման առաջին հարվածը ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վրա է ընկնում: Թող որ պրն Ծառուկյանը, ի տարբերություն շատ-շատերի, հոգով բարի մարդ է եւ սիրում է բարեգործություն անել:
ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ