Քաղաքական դիմանկարի փորձ
Նոյեմբերի 15-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի տասնութերորդ գումարման առաջին պլենումը Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար ընտրեց Սի Ցզինպինին: Չինական ղեկավարների «հինգերորդ սերնդի» առաջնորդը, որը միաժամանակ ստանձնեց Չինական Կոմկուսի Կենտկոմի Ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, կգլխավորի Չինաստանը մինչեւ 2023 թ.: Այդ իրադարձությունից հետո անցած շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրների վերլուծաբաններ եւ հետազոտողներ փորձել են հասկանալ եւ ձեւակերպել խնդիրների այն շարքը, որը կանգնած է Չինաստանի նոր ղեկավարի եւ չինական հասարակության առջեւ: Այս վերլուծականը մի փորձ է գնահատելու այդ ուսումնասիրությունները եւ ի մի բերելու հայ-չինական հարաբերությունների հնարավոր զարգացումների հեռանկարը:
Ինչպիսի՞ն կլինի չինական զարգացումը գալիք տասնամյակում
Աշխարհի ամենամեծ քաղաքական ուժի` Չինաստանի Կոմունիստական կուսակցության տասնութերորդ համագումարին Ամերիկայում, Եվրոպայում եւ Ռուսաստանում հետեւում էին մեծ ուշադրությամբ: Այդ հետաքրքրությունը միանգամայն հասկանալի է: Չինաստանն այսօր աշխարհի ամենադինամիկ զարգացող տնտեսությունն է: Երկրի քաղաքական ղեկավարությունը խնդիր է դրել գալիք տարիներին կերտել հարաբերական բարգավաճման եւ բարեկեցության հասարակություն: Այդ մասին Սի Ցզինպինը հայտարարել է իր ելույթում, խոստանալով բարձրացնել չինական հասարակության կենսամակարդակը: Արտասահմանյան դիտորդներն արձանագրում են, որ «հինգերորդ սերնդի» քաղաքական ղեկավարները արմատական փոփոխություններ երկրի արտաքին քաղաքական ուղեգծում չեն կատարելու եւ շարունակելու են զարգացման ու բարեփոխումների վերջին տարիների գիծը: Հիշեցնենք, որ 2000-ական թթ. կեսին Չինաստանում խնդիր դրվեց երկիրը դարձնել «համաշխարհային մասշտաբի տերություն»: Վերոհիշյալ համագումարի ձեւակերպած կարեւորագույն խնդիրներից առաջինը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը շարունակելու են իրականացնել խիստ ու վճռական մեթոդներով: Մյուս կարեւորագույն խնդիրը կարգապահության բարձրացումն է, առանց որի անհնար կլինի շարունակել երկնիշ ցուցանիշներով տնտեսական զարգացումը: Չինաստանն այսօր աշխարհի առաջատար տնտեսություններից մեկն է եւ իր ռազմավարական հարաբերություններում առաջին տեղը տվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդ որում, ամերիկա-չինական հարաբերությունները մոտակա եւ ավելի մեծ հեռանկարի ընթացքում շարունակելու են կրել փոխգործակցության, փոխներգործության եւ մրցակցության բնույթ: Չինացիները ձեռք են բերել մեկ տրիլիոն դոլարից ավելի գումարի ամերիկյան ակտիվներ, իսկ չինական ոսկու եւ տարադրույթի պահուստի ճնշող մասը ամերիկյան դոլարով է: Չինաստանն ախարհի խոշորագույն արտադրողն է, իսկ ԱՄՆ-նՙ խոշորագույն սպառողը, միաժամանակ չինական տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը: Չին-ամերիկյան առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդհանուր ծավալն անցյալ տարի գերազանցել է 400 մլրդ դոլարը եւ աճելու շարունակական միտում ունի: Վերլուծաբանները կանխատեսում են չին-ամերիկյան մրցակցության արդյունքում լարվածության աճ, որը կարող է դրսեւորվել աշխարհի տարբեր մասերում, օրինակՙ Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Ուշագրավ է նաեւ, որ Չինաստանն արտակարգ կարեւորել է համագործակցությունը Ռուսաստանի հետ ոչ միայն իբրեւ հումք արտահանող գլխավոր երկրի, այլ նաեւ իբրեւ ամենահեռանկարային գործընկերոջ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակներում: Բոլոր փորձագետների գնահատմամբՙ հենց այս տարածաշրջանն է լինելու գալիք տասնամյակում աշխարհի ամենադինամիկ տնտեսական զարգացման տարածքը:
Չինաստանի առաջնորդի քաղաքական դիմանկարի ուրվագծեր
Սի Ցզինպինը ծնվել է 1953 թ. Շանսի նահանգում: Նրա հայրը` Սի Չժունսյունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր-հայրերից մեկն է, նշանավոր հեղափոխական եւ ականավոր պետական գործիչ, որը ժամանակին զբաղեցրել է Չինաստանի փոխվարչապետի պաշտոնը: «Կուլտուրական հեղափոխության» տարիներին նա հեռացվել է պաշտոնից, 1962 թ. ռեպրեսիայի է ենթարկվել եւ ընտանիքով հեռացել է հեռավոր գավառներից մեկը: Այնպես որ էլիտար դպրոցում սովորել սկսած Սի Ցզինպինն այնուհետեւ ճաշակել է հեռավոր բնակավայրի հասարակ մարդկանց կյանքի բոլոր դառնությունները եւ դպրոցն ավարտել է այն ժամանակների համար ավելի քան համեստ միջավայրում: Չնայած դրան, նա ռեպրեսիաների ալիքի թուլացման պայմաններում կարողացել է ընդունվել ՉԿԿ շարքերը, նաեւ ընդունվել Ցինխուա համալսարանի քիմիական-տեխնոլոգիական ֆակուլտետ: Դա մի բարձրակարգ բուհ էր, որի շրջանավարտներն են եղել շատ նշանավոր չինական ղեկավարներ: 1978 թ. Սի Չժունսյունին ամբողջությամբ ռեաբիլիտացրին եւ արդարացրին, եւ դա հնարավոր դարձավ չինական բարեփոխումների ճարտարապետ Դեն Սյաոպինի կողմնակիցների իշխանության գալուց հետո: Այնպես որ Սի Ցզինպինն իրավամբ համարվում է Դեն Սյաոպինի գծի իրավահաջորդներից մեկը: Չինաստանի նոր ղեկավարը փայլուն կրթություն է ստացել եւ անցել է կուսակցական աշխատողի բոլոր աստիճաններով, պաշտոնավարելով ամենատարբեր քաղաքներում եւ գավառներում: Վերլուծաբանները ուշադրություն են դարձրել, որ նրա քաղաքական առաջընթացը հնարավոր է եղել կուսակցության գծին բացառիկ նվիրվածության, ինչպես նաեւ իր բոլոր պաշտոններում ցուցաբերած արտակարգ բանիմացության շնորհիվ: Օրինակ, նշվում է, որ այնտեղ, որտեղ պաշտոնավարել է Սի Ցզինպինը, կարճ ժամանակում արձանագրվել են տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներ եւ որպես դրա արդյունք` մեծացող հարգանք կուսակցական եւ հասարակական միջավայրում: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է եւ ունի գաղափարախոս-գործչի կայուն համբավ: Չինաստանի նոր առաջնորդ դառնալու նրա իրական հնարավորություն մասին առաջին անգամ սկսել են խոսել յոթ տարի առաջ, երբ նա դարձել է Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի ինը մշտական անդամներից մեկը: Ուշագրավ է, որ Սի Ցզինպինի ակնառու արժանիքներից մեկը կուսակցական շրջապատը համարել է կուսակցության միասնության եւ համախմբման համար նրա գործադրած անդուլ ջանքերը: Արեւմտյան դիտորդները ուշադրություն են դարձրել նրա բնավորության հետեւյալ գծերին. հանդարտություն, հավասարակշռություն, լսելու եւ շփվելու բարձր կուլտուրա, ձեւավորված, կայուն եւ հաստատակամ բնավորություն: Նրա քաղաքական դիմանկարը պատկերած վերլուծաբաններից մեկն ասել է, որ նա «շփման մեջ զուսպ է, բարեկիրթ եւ կարողանում է գրավել զրուցակիցների համակրանքը: Երբեք չի կորցնում ինքնատիրապետումը եւ հասարակության մեջ իրեն պահում է մեծ արժանապատվությամբ, երբեք թույլ չտալով կտրուկ արտահայտություններ»: Դիտորդները կարծում են նաեւ, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը խորհրդանշում է չինական ղեկավարության մեջ ավանդաբար ձեւավորված մի քանի խմբավորումների փոխհամաձայնությունը եւ լիակատար համագործակցությունը: Սի Ցզինպինն ամուսնացած է, ունի մեկ դուստր: Կարեւոր է իմանալ, որ իբրեւ քաղաքական գործիչ նա աճել է արեւելյան ափամերձ նահանգներում, եւ նրա աշխարհայացքը ձեւավորվել է այդ տարածքներում «Չինական հրաշքի» տարիներին գրանցված տնտեսական բուռն զարգացման մթնոլորտում: Չինաստանի հասարակությունը լավատեսորեն ակնկալում է, որ Սի Ցզինպինը գալիք տասնամյակում իրեն կառաջնորդի դեպի բարգավաճում եւ տնտեսական զարգացում:
Հայ-չինական կապերը 2500 տարեկան են
Պատմաբանները հակված են կարծելու, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնագույն կապերը վերաբերում են Քրիստոսից առաջ 4-րդ դարին: Չինաստանում շատ բարձր են գնահատում պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ առկա տեղեկությունները Ճենաց աշխարհի մասին: Հավասարապես բարձրարժեք են նաեւ Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացույցի» մեջ պարունակվող տեղեկությունները Չինաստանի բնական եւ ձեռակերտ հարստությունների մասին, որոնք վկայում են, որ վեց-յոթերորդ դդ. մեր ժողովուրդների միջեւ աշխույժ շփումներ են եղել, որոնց արդյունքում էլ հայերն այդքան լավ եւ մանրամասն տեղեկություններ ունեին հեռավորարեւելյան հսկայի մասին: Կիլիկիայի Հեթում պատմիչը մանրամասն նկարագրել է չինացիների կյանքը եւ սովորույթները: Մարկո Պոլոյի ժամանակակից, հայ Անտոն անունով ճանապարհորդն ու վաճառականը առաջիններից մեկն է Չինաստանից Եվրոպա բերել մետաքսի պատրաստման եւ տպագրության գաղտնիքները: Հայերը Չինաստանում բոլոր քրիստոնյաներից առաջինն են իրավունքներ եւ արտոնություններ ստացել եւ առաջինն են Չինաստանում քրիստոնեական եկեղեցի կառուցել: Չինաստանի մասին գրել են մեր մշակույթի շատ մեծեր, իսկ «Ազգասեր» եւ «Ազգասեր Արարատյան» թերթերի խմբագիր Մեսրոպ Թաղիադյանն ուղղակի գովերգել է չինական կենցաղավարության եւ աշխարհայացքի արժանիքները:
Չինաստանում հայ համայնքի իսկական զարթոնք է արձանագրվել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին: Պատմական այս իրողությունները հիմա տարբեր երկրներում ապրող մեր հայրենակից հետազոտողների ուշադրության կենտրոնում են, որոնք անընդհատ նորանոր դրվագներով հարստացնում են մեր գիտելիքը երկկողմ հարաբերությունների մասին: 1992 թ. Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, եւ այդ տարի առեւտրա-տնտեսական հարաբերությունների ծավալը կազմել է 370 հազար ԱՄՆ դոլար: 2011 թ. երկկողմ առեւտրի ծավալը կազմել է 421 մլն դոլար, որից 16 մլն-ը Հայաստանից արտահանման ծավալն է: Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առիթով անցած տոնակատարության ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը լավատեսորեն համոզմունք է հայտնել, որ այս տարի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կգերազանցի 500 մլն դոլարը: Այսպիսով, Չինաստանը Եվրոմիությունից եւ Ռուսաստանից հետո Հայաստանի երրորդ առեւտրա-տնտեսական գործընկերն է, իսկ եթե վերցնենք իբրեւ առանձին պետություն` երկրորդն է Ռուսաստանից հետո: Վերլուծաբանները ուշադրություն են դարձնում, որ Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ օբյեկտիվորեն մեծանում է: Այսպես, չինացիները հայտարարել են մոտակա տարիներին Վրաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին: 2011 թ. Ադրբեջանի հետ չինական տնտեսական կապերը գնահատվել են ավելի քան 620 մլն եվրո:
Չինաստանում շատ մեծ հարգանքով են արտահայտվում համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալից ներդրման մասին, եւ մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս օգտագործում են «աշխարհի հնագույն երկու ժողովուրդներ» ձեւակերպումը: Չինաստանում ամենահայտնի հայը 20-րդ դարի աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկն է` Արամ Խաչատրյանը, ում «Սուսերով պարը» մշտապես հնչում է հեռուստատեսությամբ եւ ռադիոալիքներով: Թե՛ ռուսաստանաբնակ, թե՛ ամերիկաբնակ վերլուծաբանները, ուսումնասիրելով հայ-չինական կապերի զարգացման հնարավորությունները, արձանագրել են, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական համագործակցության նոր որակի մասին կանխատեսումներ անելու համար: Համացանցերում շատ են կանխատեսումները, որ, մասնավորապես, հասունացած է երկկողմ համագործակցության հնարավորությունը ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական ոլորտներում: Մեր երկրում մեծանում է Չինաստանով հետաքրքրվողների թիվը ոչ միայն մանր եւ միջին ձեռնարկատերերի շրջանում, այլ նաեւՙ պատանիների ու երիտասարդների, ովքեր կուզենային մասնակցել Չինաստանում իրականացվող զանազան կրթական ծրագրերի:
Չինաստանը ԱՄՆ-ի, Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության հետ ժամանակակից աշխարհակարգում անվիճելի չորս ուժային կենտրոններից մեկն է: Ֆինանսական վերլուծաբանները կարծում են, որ նաեւ Չինաստանի վրա է ընկած 2012-2015 թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հաղթահարման պատասխանատվության զգալի մասը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու