Vesti.az-ը հրապարակել է ոմն Այդին Մելիք-Միրզոեւի «քաղաքագիտական վերլուծությունը»: Այն հոգեխանգարմունքի ակնհայտ դրսեւորում է: Հեղինակի կարծիքով, Ադրբեջանը «պետք է շահագրգռված լինի Իրանի թուլացմամբ եւ Ռուսաստանի մասնատմամբ, բայց աշխատի զգույշ, առավելապես` ուրիշի ձեռքերով»:
Ո՞րն է «քաղաքագետի»` Ադրբեջանին հարեւան երկու երկրների հանդեպ շիզոֆրենիկ ատելության պատճառը: Միայն այն, որ, ըստ Մելիք-Միրզոեւի, «Հայաստանը նրանցից օժանդակություն է ստանում»: Այսինքն, Ադրբեջանի գերխնդիրը Հայաստանի «թուլացումն է, որպեսզի այնտեղ տնտեսական փլուզում լինի, արտագաղթը ահագնանա»: Բաքվի քարոզչամեքենայի այս «պտուտակի» հայացքով, այդ դեպքում «հայկական կողմից ադրբեջանական բանակին դիմադրող չի գտնվի»:
Իր «կապույտ երազանքն իրականացած տեսնելու» մղումով ադրբեջանցի «քաղաքագետը» մտասեւեռվում է Սիրիայի վրա, որտեղ «ցանկալի է լինի խամաճիկային, անողնաշար կառավարություն, որը ԱՄՆ-ին եւ Թուրքիային կարտոնի իր տարածքում ռազմահենակայաններ տեղաբաշխել, որպեսզի նրանք արեւմուտքից մոտենան Իրանին, իսկ դրանից հետո կգա Իրանի հերթը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մելիք-Միրզոեւը ցանկանում է «տնտեսական դժվարություններ, որպեսզի հայ աշխատանքային միգրանտները չկարողանան Հայաստան տրանսֆերտներ առաքել»: Նա գտնում է, որ այդ դեպքում կտուժեն նաեւ միլիոնավոր ադրբեջանցիներ, որ նույնպես Ռուսաստանում են վաստակում, բայց «նավթով եւ գազով հարուստ Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի հաղթահարել սոցիալական դժվարությունները», իսկ Հայաստանը «կհայտնվի աղետալի վիճակում»: Մելիք-Միրզոեւի գնահատմամբ, Ադրբեջանը արդեն սկսել է Ռուսաստանին թուլացնել` «մրցակցելով «Գազպրոմի» հետ»:
Նա գտնում է, որ «ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ մոտ ապագայի անհաջողությունների համար հայերը պետք է մեղադրեն իրենց, թե ինչո՞ւ մերժեցին մադրիդյան սկզբունքները եւ առաջարկվող ինքնավարությունը (Լեռնային Ղարաբաղի)»:
Նույն օրն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հատվածներ են հրապարակել Wall Street Jornel-ում տպագրված` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի «Կայուն խաղաղության հաստատումը» հոդվածից: Այն Մելիք-Միրզոեւի «վերլուծությունից» տարբերվում է նրանով, որ նույն գաղափարները նրբաքողարկված են դիվանագիտական ձեւակերպումներով:
Արտառոցն այն է, որ այդ ոգով Մամեդյարովը հույս է տածել, որ «Դուբլինում հնարավոր կլինի հասնել առաջընթացի (ղարաբաղյան կարգավորման հարցով)»: Որքանո՞վ է մեր ժամանակներին հարիր ադրբեջանական շիզոֆրենիան` թող գնահատական տան ԵԱՀԿ նախարարների խորհրդում: Մեզ համար ավելորդ չէր լինի մտածել` իսկ գուցե արդեն ժամանա՞կն է քայլեր ձեռնարկելու, որ Ադրբեջանը, իր ցանկությանը համապատասխան, հայտնվի «մուրճի եւ սալի արանքում»: Մելիք-Միրզոեւը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմը:
Այն ժամանակ ոչ Հայաստանն էր անկախ, ոչ մանավանդ` Ադրբեջանը: Կար Թուրքիա, որ հավակնում էր Իրանը տեսնել թուլացած, Ռուսաստանը` մասնատված: Եվ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Վատ օրինակ չէ: Չէ՞ որ նույն այդ դարաշրջանի ծնունդ է կովկասյան թաթարների ռազմերգը` «բիր-իքի` Կավկազ բիզիմքի» (մեկ-երկու` Կովկասը մերն է լինելու), որ այսօր «երգում է» Այդին Մելիք-Միրզոեւը` Իլհամ Ալիեւի «դիրիժորությամբ»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ