«Միասնական օրակարգ-նախագահական ընտրություններ»: Սա Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախաձեռնած պլատֆորմի խորագիրնէ, որն առաջարկում է միասնական ընդդիմադիր դաշտի ձեւավորում եւ ուղիներ, որոնց շնորհիվ երկիրը դուրս կգա ներկա իրավիճակից: Քաղաքական պլատֆորմը բաղկացած է յոթ կետից: Դրանք քաղաքական, իրավական, տնտեսական եւ սոցիալական հարցերի վերաբերյալ առաջարկություններ են:
Յոթկետանոց քաղաքական պլատֆորմը Դաշնակցությունը քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետՙ բացառությամբ ՀՀԿ-ի: Բացառությամբ կոալիցիոն երկու կուսակցություններիՙ ՀՀԿ եւ ՕԵԿ, խորհրդարանական մնացյալ ուժերի ներկայացուցիչները երեկ «Էրեբունի պլազայում» մասնակցում էին քաղաքական պլատֆորմի քննարկմանը:
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբՙ ապագա նախագահական ընտրությունները հասարակության շրջանում ակնկալիքների առումով նվազագույն մակարդակի վրա են: Ըստ Ռուստամյանիՙ հենց վստահության նվազման աստիճանով է պայմանավորված միասնական ընդդիմադիր դաշտի ստեղծումը: «Որեւէ ուժ չի տիրապետում այն վստահությանը, որ կարողանա միայնակ հասնել արդյունքի», ասաց Ռուստամյանըՙ հավելելով, որ այսօր պետությունն օտարված է ժողովրդից, եւ պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացվել են: Ռուստամյանն առաջարկում է ընդդիմադիր դաշտի միասնականության եւ ներկայացված ճանապարհային քարտեզի վերաբերյալ տեսակետները համաձայնեցնել ու շարժվել մեկ ուղղությամբՙ կուլիսային խարդավանքից դուրս մթնոլորտում:
Կարապետ Ռուբինյանի գնահատմամբՙ Դաշնակցության ներկայացրած փաստաթուղթը հավասարակշռված է եւ կարող է լավ հիմք հանդիսանալ քաղաքական ուժերի համախմբման համար: Սակայն Ռուբինյանին անհանգստացնում է փաստը, թե անգամ միասնական թեկնածուով ինչպե՞ս է հնարավոր լինելու պայքարել փողի դեմ: Ռուբինյանը երաշխիքներ է պահանջում, նախ, որ արդար մրցակցություն լինի, երկրորդՙ որ միասնական թեկնածուն ընտրվելուց հետո պահի խոստումն ու չշեղվի ճանապարհային քարտեզից:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստաթուղթը համարում է բեկումնային եւ խոստումնալից: Այն ընդունում է ամբողջությամբ, սակայն առաջարկում, որ ժամանակի ընթացքում կետերը բացվեն:
«Պատրաստ ենք աշխատել, քննարկել պլատֆորմն ու հարցերը», ասաց դաշնակցական Արսեն Համբարձումյանը :
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից քննարկմանը ներկա էին Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Վերջիններս ոչ միայն ելույթ չունեցան, այլեւ քննարկան կեսից Արծվիկ Մինասյանից ներողություն խնդրեցին եւ հեռացան:
ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ Դաշնակցության հետ կետերը քննարկվել են շատ բաց մթնոլորտումՙ ամենայն մանրամասնությամբ: Քննարկումը տեւել է շուրջ երեք ժամ: «Կետերի բովանդակությունից առավել մեզ դուր եկան կամքն ու ցանկությունը, որ հարկավոր է միասնական ճակատ, խնդիրների միասնական դրվածք, որը պետք է ադեկվատ լինի ներկայիս քաղաքական իրավիճակին, եւ դա կարող է լինել այն հիմքը, որի շուրջը քաղաքական ուժերը կարող են համագործակցել: ՀԱԿ-ը կողմ է միասնական ծրագրին, այսօրվա մարտահրավերներն արձանագրելուն, եւ դրանք արձանագրելուց հետո միայն կհեշտանա միասնական թեկնածուի խնդիրը: Հարցը շատ ճիշտ է դրվածՙ պրոբլեմի քննարկում, որից հետո քաղաքական ուժերը կարող են նստել եւ քննարկել այն անձի թեկնածությունը, որը կարող է այդ խնդիրները լուծել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ