«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


ՎԵՐՋԻՆ ԹՌԻՉՔԸ

Կարինե Ղազինյանի հիշատակին

Կայծակի նման իջավ բոթըՙ 57 տարեկանում ԱՄՆ-ում, վիրահատության ժամանակ, թե դրանից հետո ստեղծված բարդություններից մահացել է դեսպան Կարինե Ղազինյանը, նա ով այնքան կենսախինդ էր, ամենատխուր պահերին անգամՙ հումորով լի: Դժվար է հավատալ, որ սա տեխնիկական վրիպակ չէ. օրեր առաջ աշխարհի ամենազարգացած երկրի բժիշկները չկարողացան փրկել սիրելի Ֆլորա Մարտիրոսյանին, հիմա էլՙ Կարինե Ղազինյանին:

Ուժեղ կին էր. ամուսնուՙ 1997-ին Ռումինիայում իր աշխատավայրում հանկարծամահ եղած ՀՀ 44-ամյա դեսպան Գեորգի Ղազինյանի մահվան բոթը մեզՙ լրագրողներիս էր շփոթեցրել, իսկ ինքը սեպտեմբերին կամքի ուժ էր գտել ՀՀ կառավարությանՙ Ռումինիայում ՀՀ դեսպանի իրեն վստահած բարձր պաշտոնը ստանձնել մեծ պատասխանատվությամբՙ հաղթահարելով անձնական դժբախտության իրեն բաժին ընկած կորստի ցավը:

Նա հմայիչ էր եւ հպարտ, բնածին դիվանագետ էր, թեպետ միշտ շեշտում էրՙ «ամուսնուս հետ անցկացրած 20 տարիներն են ինձ սովորեցրել իսկական դիվանագիտություն», իսկ 2009-ին, երբ Գերմանիային հրաժեշտ էր տալիս, մեզ տված հարցազրույցում ընդգծեցՙ «բեռլինյան տարիներն ինձ համար իսկական դիվանագիտական դպրոց դարձանՙ զինելով նոր գիտելիքներով, նոր հմտությամբ, դառնալով կյանքի դպրոց»: Գերմանացիները «շատ հմայիչ»-ի կողքին անընդհատ շեշտում էինՙ «նախաձեռնող» է: Կարեւորագույն պայման էր սա իր հաջող առաքելության, որ Գերմանիայում աշխատած տարիներին կարողացավ ապացուցել ու փաստել անընդհատ: Շատ ճկուն էր, եռանդուն, նոր բան սկսելու պատրաստակամ, ի շահ Հայաստանի եռանդը կրկնապատկվում էր: Երեկոյան լողում էր, թե առավոտ կանուխ վազում, ճաշի ու ընթրիքի մասնակցում, միեւնույն էՙ սա դիվանագիտական աշխատանքի մաս էր կազմում իր համարՙ ասում էրՙ յուրաքանչյուր հաղորդակցություն կարեւոր է, երբ Հայաստանն ես ներկայացնում: Նրա շարժուձեւի, վարքագծի, ջերմ խոսքի, հոգատարության, ճաշակի, գրագիտության հիմքում մշտապես ընդգծված ընտանեկան դաստիարակության, Կրոյան-Ղազինյան ազգանունների ներկայություն կար:

«Առավոտ կանուխ առցանց կարդում էր հայրենական եւ միջազգային մամուլը, տեղյակ էր ամեն ինչին, առանձնահատուկ սեր ուներ տպագիր խոսքի, դասական երաժշտության, արվեստի հանդեպ: Լրագրողիներին մի առանձնահատուկ սիրով էր ընդունում, ըմբռնում նրանց գործի կարեւորությունը: Նա օրն այնպես էր կառուցում, որ ոչինչ, եւ որ ավելի դժվարՙ որեւէ մեկին չմոռանա: Կարեւորագույն առիթներովՙ մեծ շռայլություն էր անումՙ ձեռագիր բացիկներով ջերմացնելով մտերիմներին: Հպարտ էր, որ Հայաստան երկիրն է ներկայացնում, տառապում էրՙ «դեսպանությունը Բեռլինի կենտրոնում պիտի լինի, որ կենտրոնում լինենք, մեզ լավ կճանաչեն»: Բեռլինում Նուսբաումալլե 5 հասցեում տեղակայված ՀՀ դեսպանության գեղեցիկ շենքը նրա անդուլ ջանքերի արդյունքն է: Ինքը միշտ կենտրոնում էրՙ սիրուն շալն ուսից անպակաս, պայծառ ժպիտը դեմքին, բոլոր դժվար հարցերը արագ լուծելի էր դարձնում, չոր պատասխաններն արագ փափկում էին նրա նրբագետ խոսքին ընդառաջ, իսկ կնճիռների համար հատուկ արդուկ ուներՙ պայծառ ժպիտն ու բայազետցուն հատուկ կողմերին հաշտեցնելու, անկյունները կլորացելու բնածին վարպետությունը: Եվ մի մագնիս, որ իր շուրջն էր խմբում Հայաստանի վարկանիշը մտավոր կարողություններով բարձր պահելու պատրաստակամ համախոհների:

Դեմքն ինչպե՛ս էր փոխվում, երբ մեծ բեմում իր երկրի տաղանդների ելույթին էր հետեւում: Կարծում եմ, այն արտիստները, ովքեր մեկ անգամ գոնե վայելել են նրա ընկերակցությունը, մեծ ափսոսանք ու ցավ են ապրում այդպիսի թիկունք կորցնելու փաստից: Մեր հպանցիկ զրույցում Բոխումի Ռուր համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղը, հիշելով Կարինե Ղազինյանին, փոխանցեց. «Շատ հուզվեցաՙ տիկին Ղազինյանի անժամանակ մահվան բոթը լսելով: Իր հետ միշտ մեծ հաճույքով գործակցած եմ, մեկն էր, որ գիտեր լսել, խորհրդակցիլ եւ ընտրել հարմարագույնը, լավագույնը: Նա Հայաստանի հանդեպ համակրանք էր ստեղծում, դառնում դրա կրողն իր վերաբերմունքով, շարժուձեւով, խոսքով: Տիկին Ղազինյանը կրցավ Հայաստանի եւ Գերմանիո կապերը դրական կերպով զարգացնել»:

Մեր զրույցներից մեկում Կարինե Ղազինյանը կին քաղաքական գործչի երկու իդեալ էր նշելՙ Ալեքսանդրա Կոլոնտաՙ «Խորհրդային Միության դեսպանը» ֆիլմից, եւ Մարգարիտ Թետչեր: Մեզ համար ինքն էՙ կանացի աննահանջ հմայքով, գաղտնիքըՙ շալի տակ, գործըՙ տեսանելի:

Թռիչքների պատրաստ էր, քանի որ վայրէջքն անփոփոխ էրՙ Հայաստանի Հանրապետություն, որի հողն, ինչքան էլ անժամանակ համարենք, այս անգամ գրկելու է այնպես ամուր, որպես արդարացում խոստովանելովՙ հարստացնում է իր դատարկվող ընդերքը:

Մեր ցավակցություններն իր զավակներինՙ Իշխանին եւ Լուիզային, Կրոյաններին, Ղազինյաններին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ»-ի խմբագրությունը միանում է ցավակցություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4