«Եհովայի վկաները» շարունակում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական հայցերը
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Այլընտրանքային ծառայության մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում փոփոխություններին, որոնցով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու պատճառները:
Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ դա պայմանավորված է 3 գործոններով` այլընտրանքային զինծառայության` զինվորական ծառայությունից երկար ժամկետ, այլընտրանքային ծառայության զինվորական ենթակայություն եւ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի զինվորական ենթակայություն: Այս հանգամանքներով պայմանավորվածՙ Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ դատական վճիռներ են կայացվել, քանի որ այդ դրույթները համարվել են Եվրոխորհրդի սկզբունքներին հակասող:
Օրենքի նոր նախագծով այլընտրանքային ծառայության ժամկետները 36 եւ 42 ամիսների փոխարեն կդառնան 30 եւ 36 ամիս, այլընտրանքային ծառայությունը կանցնի ոչ զինվորական ենթակայությամբ, իսկ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը կազմված կլինի ոչ թե միայն պաշտպանության նախարարության, այլեւ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներից:
Տեղեկացնենք, որ Հայաստանում ինչպես զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից խուսափում են «Եհովայի վկաներ» տոտալիտար աղանդի անդամները, որոնք դրա համար ենթարկվում են քրեական պատասխանատվության, ապա այդ վճիռը բողոքարկում են Եվրոպական դատարանում: Պետական բյուջեն, այսինքն` մենքՙ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներս, այդ թվում նաեւ հիշյալ անձանց անվտանգությունն ապահովող իսկական զինվորական ծառայություն անցնողները, հարկադրված ենք լինում վճարել Եվրոպական դատարանի որոշմամբ մեզ պարտադրված տուգանքները ամեն տեսակ ծառայությունից խուսափող եւ իրենց բոլորից գերադասող «Եհովայի վկաների» տականքներին: