Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված չէր: Սակայն հայ ծանրորդը կանգնեց պատվո պատվանդանին: Խոսքը Ռուսաստանը ներկայացրած Ռազմիկ Հունանյանի մասին է, որը մինչեւ 20 տարեկանների մրցավեճում երկամարտի 335 կգ (150+185) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
18-ամյա հայ ծանրորդը վստահ ելույթ ունեցավ պոկում վարժությունումՙ հաջորդաբար բարձրացնելով 140, 146 եւ 150 կգ: Սակայն այդ արդյունքով նա գրավեց միայն 5-րդ տեղը: Լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Մուհամադ Խիբալովը (152 կգ), որն արժանացավ փոքր ոսկե մեդալի: Նա անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ գերազանցեց նույնպիսի ցուցանիշի հասած բելառուս Պյոտր Ասայոնակին, որը բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուս մեկ այլ մարզիկիՙ Իվան Կլիմին (151 կգ):
Ռազմիկ Հունանյանն ավելի բարձր արդյունքներ ցույց տվեց հրում վարժությունում, ինչն էլ նպաստեց մրցանակակիր դառնալուն: Նա վարժությունը սկսեց 178 կգ-ից: 2-րդ մոտեցմամբ Ռազմիկը չկարողացավ բարձրացնել 183 կգ-ը, իսկ ահա 185 կգ-անոց ծանրաձողը 3-րդ փորձից «սանձեց»: Այդ արդյունքով նա հրում վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ երկամարտում գրավեց 2-րդ տեղը: Ճիշտ է, երկամարտում 335 կգ արդյունք էր ցույց տվել նաեւ իսպանացի Անդրես Մատան, սակայն ավելի ծանր անձնական քաշի պատճառով նա բավարարվեց բրոնզե մեդալով: Իսկ չեմպիոնի տիտղոսը երկամարտի 336 կգ (146+190) արդյունքով նվաճեց հույն Անտոնիս Մարտասիդիսը, որը պոկում վարժությունում ցույց էր տվել ընդամենը 6-րդ ցուցանիշը:
Մինչեւ 77 կգ քաշային կարգի մինչեւ 23 տարեկանների մրցավեճն ավարտվեց ռումինացի Պաուլ Ստոյկիցայի հաղթանակով: Նա երկամարտում ցույց տվեց 328 կգ (142+186) արդյունք: 2-րդ տեղը գրավեց բուլղարացի Ալեքսանդր Դիմիտրովըՙ 327 կգ (147+180): Բրոնզե մեդալակիր դարձավ լեհ Լուկաշ Կրավչիկըՙ 316 կգ (135+181):
Մինչեւ 85 կգ քաշային 20 տարեկան ծանրորդների մրցավեճին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչ Սեդրակ Խաչատրյանը թույլ ելույթ ունեցավ: Նա երկամարտի 325 կգ (150+175) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց բելառուս Ալեքսեյ Խունաեւը, որը երկամարտում ցույց տվեց 360 կգ (163+197) արդյունք: 2-րդ տեղը 350 կգ-ով (158+192) զբաղեցրեց նրա հայրենակից Դմիտրի Ժուկը: Բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի Վիկտոր Գյոտցըՙ 346 կգ (154+192):