Օրերս պաշտպանության նախարարությունը հնարավորություն ընձեռեց լրագրողներին հանդիպելու նորակոչիկների հետ:
N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Ազիզբեկյանը «Ազգի» հետ զրուցում ասաց. «Բանակը չափից ավելի քննարկման առարկա է դարձել, ի վնաս ե՛ւ պետության, ե՛ւ մեր բանակի, ինչպես նաեւ ժողովրդի: Անտեղի քննադատելով իջեցնում ենք բանակի դերը»: Փոխգնդապետը համեմատություն անելով նախորդ տարիների զինվորների ռազմական գիտելիքի, ֆիզիկական պատրաստվածության հետ, նշեց, որ այժմ զինվորական նախապատրաստական գիտելիքների նկատելի աճ կա, սակայն նորակոչիկները ֆիզկապես առանձնապես կոփված չեն:
Զրուցելով ընդամենը 7 օր բանակում գտնվող նորակոչիկների հետ, պարզեցինք` գրեթե բոլորը գիտակցում էին բանակի դերն ու նշանակությունը եւ իրենց ծառայության անհրաժեշտությունը:
Նորակոչիկ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հենց այդ զինվորների թվին. «Շատ լավ տրամադրությամբ եմ եկել ծառայելու եւ քանի որ ես էությամբ շփվող մարդ եմ, դրա համար էլ հեշտ հարմարվեցի եւ մերվեցի: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի: Պատերազմի ժամանակ բոլորիս հայրերը, պապերը ծառայեցին, շատերը զոհվեցին` մեզ ապահով հայրենիք թողնելով, իսկ հիմա մեր հերթն է ծառայելու, որպեսզի մեր հարազատները հանգիստ եւ ապահով ապրեն»: Մոնթեի համար ամենամեծ խնդիրը բանակում համացանցի բացակայությունն է: Մտնելով նորակոչիկների սենյակՙ առաջին հայացքից նկատեցի մի շատ տխուր նորակոչիկի, զրույցում պարզվեց, որ կարոտն է տանջում Արթուր Սաֆարյանին: Նրա համար կան որոշ դժվարություններ, սակայն, ինչպես ինքն է ասում, փորձում է հաղթահարել: Իսկ մինչ բանակ գալը իրեն ասել են. «Լավ ծառայիր, պրծի, արի տուն»:
Տիգրան Խաչատյանի համար էլ միակ խնդիրը սնունդն է. «Տան սնունդին չի հասնի, սակայն սոված մնալ էլ չեմ կարող, դրա համար էլ աղցաններ եմ ուտում, երեւի կհամակերպվեմ եւ մնացած ուտեստներն էլ կուտեմ»:
Մինչ բանակ գալը Տիգրանի մայրը խնդրել է. «Այնպես ծառայիր, որ քո պատճառով լաց չլինեմ»: Տիգրանը եւս իր կամքով է եկել բանակ. «Յուրաքանչյուր երիտասարդ տղայի պարտքն է ծառայել հայրենիքին: Մենք` զինվորներով, մեկս մյուսի հետ շփվում ենք ինչպես եղբայրներ»:
Ինչպես աշնանային զորակոչի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ե՛ւ նորակոչիկները, ե՛ւ անձնակազմը, մասնավորապես` ժամկետային զինծառայողները, պատրաստ են հայրենիքը պաշտպանելուն. «Մենք ոչ մի մտավախություն չունենք` ե՛ւ մարտական ոգով, ե՛ւ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջելու մեր սերնդակիցներին, եթե հարկ լինի, ապա ավելի լավ, ավելի խիզախ են պաշտպանելու հայրենիքը, իհարկե, մեր անցած փորձի հիման վրա եւ անմիջական աջակցությամբ»:
Շփվելով նորակոչիկների, ժամկետային զինծառայողների հետ, Ս. Օհանյանի խոսքերի ճշմարտացիությունը ակնհայտ դարձավ:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ