Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեւոն Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Լոնդոնի շախմատի մրցաշարումՙ 9 մասնակիցների մեջ գրավելով 6-րդ տեղը: Արոնյանն այդ արդյունքի համար պարգեւատրվեց 10 հազար եվրոյով: Գլխավոր մրցանակըՙ 50 հազար եվրոն ստացավ մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենը: 2-րդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկը պարգեւատրվեց 25 հազար եվրոյով, Նակամուրան եւ Ադամսը ստացան 17,5-հազարական եվրո:
Բացի հիմնական մրցանակային հիմնադրամից, մրցաշարում խաղարկվում էր նաեւ լրացուցիչ 21 հազար եվրո մրցանակային գումար, որը բաշխվեց հաղթանակ տոնած շախմատիստների միջեւ: Քանի որ մրցաշարում ընդհանուր առմամբ 19 պարտիա արդյունավետ ելք ունեցավ, ուստի յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները պարգեւատրվում էին 1105 եվրոյով: Ինչպես հայտնի է, Արոնյանը միայն մեկ հաղթանակ տոնեց, իսկ ահա Կառլսենը բոլորից հաճախՙ 5 անգամ ճաշակեց հաղթանակի քաղցրությունը: Բացի նշված գումարից, յուրաքանչյուր տուրում 1000 եվրո էր վճարվում լավագույն պարտիայի համար:
Լոնդոնի մրցաշարը Լեւոն Արոնյանի համար վերջինը չէր իր համար հագեցած այս մրցաշրջանում: Դեկտեմբերի 14-ին նա Էլինա Դանիելյանի հետ կմասնակցի Չինաստանում մեկնարկող ինտելեկտուալ խաղերի շախմատի մրցաշարին: Հանդես կգան 16-ական շախմատիստներ եւ շախմատիստուհիներ:
Դեկտեմբերի 14-15-ին կկայանա արագ շախմատի մրցաշարը 7 տուրով: Այնուհետեւ մասնակիցներն իրենց ուժերը կչափեն կայծակնային մրցախաղում (15 տուր) եւ «կույր» շախմատում (7 տուր):