«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2012-12-11 | #222, 2012-12-12 | #223, 2012-12-13


ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱԴՐԲԵՋԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իլհամ Ալիեւի վարչախմբի համար, ամենայն հավանականությամբ, անսպասելի էր, որ Գաբալայի ՌՏԿ-ի հետագա վարձակալության հարցում կոշտ վերաբերմունք առաջինը կդրսեւորի հենց Ռուսաստանը: Մինչ այդ Բաքվի քարոզչությունը նպատակադրված էր «վստահեցնելու», որ Ռուսաստանը «ստիպված կլինի գնալ սկզբունքային զիջումների», ինչից հասկացվում էր, որ Ադրբեջանը փորձում է երկկողմ` ռուս-ադրբեջանական խնդիրների կարգավորումը պայմանավորել ԼՂ կարգավորման բանակցություններում պաշտոնական Մոսկվայի «որդեգրելիք դիրքորոշմամբ»:

Կասկածից դուրս է, որ Գաբալայի ՌՏԿ-ի հարցում Ադրբեջանը պատրաստ կլիներ հոգալու ռուսաստանցի զինծառայողների կեցության ծախսերը, ուր մնաց` թե «բարձրացներ» վարձավճարը, եթե ակնկալիքներ ունենար, որ «Ռուսաստանը Հայաստանին ստիպելու է «դեօկուպացնել ադրբեջանական տարածքմները» եւ կնքել խաղաղության պայմանագիր»:

Հարկ չկա խորանալու մանրամասնությունների մեջ` ի՞նչն է դրդել, որ Ռուսաստանն առաջինը հրապարակայնացնի Գաբալայի հարցում Ադրբեջանի հետ «այլեւս համաձայնության չգալու» իրավիճակը: Սկզբունքորեն` դա հարցի էական կողմը չէ: Առարկայորեն հառնում է մի սկզբունքային հարց` որեւէ կապ ունի՞ այս ամենը ԼՂ-ի հետագա ճակատագրի հետ: Այսինքն, ակնհայտորեն հիասթափված լինելով Ռուսաստանից, Ադրբեջանը ունի՞ երաշխիք, որ ԼՂ հարցում «ստանալու է արեւմտյան դաշինքի երկրների աջակցությունը»:

Այսպես դատելիս մենք մի կողմ ենք թողնում նաեւ զուտ ռուս-ադրբեջանական հետագա հարաբերությունների պարագան: Պարզ ասած, ո՞վ է երաշխիք տվել, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ընկալումների տարբերության էլ ռուս-ադրբեջանական երկկողմ շփումները, հնարավոր է, տեղափոխվեն բոլորովին այլ հարթություն: Բայց մեզ հետաքրքրում է Ադրբեջանի արեւմտամետ «կողմնորոշման» եւ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի հարաբերակցության խնդիրը:

Միանշանակ ասել, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սառնությունը բերելու է Ադրբեջան-Արեւմուտք հարաբերությունների չափազանց «ջերմացման», ըստ ամենայնի չափազանցություն է: «Ռոսբալտին» տված հարցազրույցում Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջամալն ասել է, որ «Ադրբեջանում վաղուց են գործում երրորդ երկրների ուժային կառույցները», եւ պարզաբանել` «ժամանակին թուրք զինվորականները պահպանել են ադրբեջանական նավթամուղները` քողարկված լինելով որպես բանվորներ»:

Չափազանց էական այս բացահայտումը Հեյդար Ջամալն արել է` նկատել տալու, որ Գաբալայի ՌՏԿ-ի խնդրում ռուս-ադրբեջանական անհամաձայնությունը «բոլորովին էլ անակնկալ չէր»: Ուշագրավ է, որ «Ռոսբալտի» հոդվածագիրը, կարծես թե ամփոփելով նկատառումները, եզրահանգում է, որ «Իրանի մասնատումից հետո Ադրբեջանը խաղուպարով կլուծի Ղարաբաղի հիմնահարցը»:

Նման դեպքերում ավելին չի էլ ասվում, եթե չնկատենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցը նույնիսկ նկատելիորեն «պարզեցրել է» խնդիրը: Այսինքն` Ադրբեջանը «նախապայմաններ է առաջադրել Ռուսաստանին, քանի որ վերջինս չի նպաստել, որպեսզի խաղուպարով լուծվի ԼՂ խնդիրը»: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ Ադրբեջանը վերջնականապես իրեն տեսնում է հակաիրանական կոալիցիայի անդամ: Երկրորդ, պատրա՞ստ են «հակաիրանական կոալիցիայի անդամներն» Ադրբեջանին ընդունել «իրենց ակումբի անդամ»: Երրորդ, կա՞ երաշխիք, որ «հակաիրանական կոալիցիայի անդամ» Ադրբեջանին կհաջողվի իրոք «խաղուպարով լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Կարեւորագույն է դիտվում հատկապես այն իրավիճակը, երբ Ադրբեջանը չի կարողանա այլեւս թաքցնել, որ «հակաիրանական կոալիցիայի անդամ է»: Հատկապես` որ «հրաժեշտի վալսը» հնչել է ոչ թե Բաքվից, այլ` Մոսկվայից: Սա շատ նուրբ հանգամանք է, որ նկատելի է դարձնում առկա տարաձայնություններից ելքի վստահությունը: Շատ թափանցիկ է, որ իր բոլոր, այդ թվում եւ նավթագազային ու կոմունիկացիոն գրավչությամբ հանդերձ, Ադրբեջանի «տեսակարար կշիռը» համարժեք չէ այն դերակատարությանը, որ Իլհամ Ալիեւը կամ փորձում է ստանձնել, կամ նրան ստիպում են, որ ներկայանա «ուժեղ տղայի» կեցվածքով:

Ըստ էության, «ցտեսություն, Ադրբեջան» ասվածը, որ հնչել է Մոսկվայից, կարող է չափազանց թանկ արժենալ Իլհամ Ալիեւին: Օրինակներ, մանավանդ` տարածաշրջանից, չվկայակոչենք: Պատմությունը նման իրավիճակներ հուշում է գրեթե անընդմեջ: «Մեծ խաղից» բաժին ունենալու համար հարկ է մեծ լինել: Ադրբեջանը խաղում է «մեծություն»: Եվ, ինչպես անցյալ դարասկզբին, մոտ ապագայում էլ, գուցե ակամա, իր չափազանց «անկախականությամբ» կարող է առիթ սադրել, որ Հարավային Կովկասի ապագան մթագնի «երրորդ ուժի» միջամտությամբ: Անկախ այն բանից` դա «հյուսիսային», թե «արեւմտյան» կամ «հարավային երրորդ ուժ» կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4