«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2012-12-11 | #222, 2012-12-12 | #223, 2012-12-13


ՕԶԱԼԻ ԱՃՅՈՒՆԻ ՄԵՋ 4 ՏԵՍԱԿ ԹՈՒՅՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Թուրքիայի դատաբժշկական փորձագետները երկրի 1993-ին մահացած նախագահ Թուրգութ Օզալի աճյունի մեջ 4 տարբեր թույներ են հայտնաբերել: Մինչեւ օրս մասնագետները չեն կարողանում պարզել նրա մահվան ստույգ պատճառը, նշում է «Հյուրիեթ» թերթը:

Չնայած թույների հայտնաբերմանը, դատաբժշկական փորձագետները դարձյալ չեն համարձակվում միանշանակ պնդել, թե նախագահը մահացել է թունավորումից: Սպասվում է, որ այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա Անկարայի դատախազությունը, ուր ստամբուլցի բժիշկներն ուղարկել են փորձաքննության հաշվետվությունը:

Օզալի աճյունի հայտնաբերված թույների թվում են կադմիումը, ամերիցիումը, պոլոնիումը եւ ԴԴՏ-ն, որն անցյալում օգտագործվում էր որպես միջատասպան: ԴԴՏ-ն Թուրքիայում արգելվեց 10 տարի առաջ: Նախկին նախագահի որդի Ահմեդ Օզալը քանիցս պնդել է, որ իր հորը թունավորել են: 2012-ի հոկտեմբերին Թուրքիայի իշխանությունները որոշեցին անցկացնել Օզալի մահվան պատճառների նոր քննություն: Այդ նպատակով նրա աճյունը հանվեց դամբարանից:

Տեղական լրատվամիջոցները արդեն նոյեմբերին գրեցին, որ Օզալին թունավորել են: Լրագրողները պնդում էին, թե աճյունում հայտնաբերվել է ստրիխնին: Սակայն պաշտոնական անձինք չհաստատեցին այդ լուրը: Ահմեդ Օզալը մտադիր է փորձաքննական արդյունքների հրապարակումից հետո կազմակերպել մամլո ասուլիս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4