Սիլիկոնյան հովիտ. Հայաստանի վարչապետի այցելության մանրամասները
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ բացվել է Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: Այդ մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այնուհետեւ «Փլագ էնդ Փլեյ» կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ Հայաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: «Ցանկանում եմ նշել, որ այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների եւ մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր եւ միջին ընկերություններՙ հայկական ներուժի մասնակցությամբ», ասել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ ստորագրվել է նաեւ Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: «Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարեւորագույն քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլեւ չիպերի արտադրություն», նշել է վարչապետը: Նա ընդգծել է «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանումՙ մեր երկրում բացելով իր կենտրոնը, ինչպիսիք ունեն «Մայքրոսոֆթը» եւ «Դե-լինքը»:
Անդրադառնալով Հայաստանում ՏՏ բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման մասին հարցին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս ոլորտը կառավարությունից տարեկան պահանջում է առնվազն հազար բարձրակարգ շրջանավարտ: Վարչապետն ընդգծել է, որ այս բնագավառում ստեղծվող աշխատատեղերն ապահովում են բարձր վարձատրություն եւ ունեն մեծ արտադրողականություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է նաեւ Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ (IBM) ընկերության կենտրոնակայան: Ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
Աշխատանքային խումբը մինչեւ 2013-ի առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության եւ Այ-Բի-Էմ ընկերության միջեւ կկնքվի համաձայնագիրՙ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:
Ա. Մ.