Եզրափակվում են հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունները
Երեկ Հովհաննես Թումանյանի թանգարանը մարդաշատ էր: Հանդիսավորությամբ, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, բացվեց «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագիրը կրող ցուցահանդեսը: Աննախադեպ ցուցահանդեսը, որը հայաստանյան հինգ խոշոր մշակութային կառույցներիՙ Թումանյան թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի համատեղ նախագիծն է: Ըստ էության, այս ցուցահանդեսով եզրափակվում է հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:
Ցուցանմուշները նվիրված էին հայ ընթերցանության պատմության եւ գրքի գեղարվեստական ձեւավորման տարբեր փուլերինՙ սկսած 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականները: Ցուցահանդեսի մեկ ներածական եւ երեք հիմնական բաժիններում ներկայացված են ընթերցանության մշակույթի ձեւավորման եւ գրքի նկարազարդման որոշակի փուլեր: Հետաքրքրական էր 1880-ականներից մինչեւ 1910 թ. ընթացքում ստեղծված հայ պարբերական մամուլի եւ գրական երկերի նկարազարդումները: Իսկ արդեն 20-րդ դարում նկարիչների մասնակցությունն ավելի է ակտիվանում գրքի գեղարվեստական պատկերազարդման բնագավառում եւ ցուցահանդեսում ներկայացված էին հրաշալի նմուշներ Գեւորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Ալեքսանդր Ծատուրյանի, Եղիշե Թադեւոսյանի հայտնի նկարազարդումներըՙ հայկական հեքիաթների, էպոսների, վեպերի համար: Իսկ գրքային գրաֆիկայի ոլորտում ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի եւ Միքայել Արուտչյանի նկարազարդումները: Յոթ տասնյակից ավելի ցուցանմուշներում առանձնահատուկ էին ազգային գրականության լավագույն եւ ամենահայտնի նկարազարդումներըՙ Երվանդ Քոչարի «Սասունցի Դավթի» ձեւավորումը, Գրիգոր Խանջյանիՙ «Վերք Հայաստանի»-ի, «Անլռելի զանգակատան» նկարազարդումները եւ Սուրեն Ստեփանյանի գործերը: Իսկ թանգարանի մուտքի աստիճաններին կանգնած հայ անվանի գրողների կերպարներով դերասանները այցելուներին հրավիրում էին ցուցահանդես:
«Ազգը» խնդրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ամփոփել հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները, որը մեկնարկել էր Վենետիկում, եւ ի՞նչ նշանակություն ունեցան այդ ցուցադրությունները: «Ի սկզբանե որոշված էր ներկայացնել մեր գրատպության ողջ պատմությունը եւ այն, ինչպես նշեցիք, սկսվեց Վենետիկի ցուցահանդեսով: 12 քաղաքներում անցկացրինք գրատպության ու գրքի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ, որոնք ավարտվում էին հնատիպ գրքի պատմությունովՙ 1800 թվականներ: Բազմաթիվ ու բազմաբնույթ ցուցահանդեսները, գրական ֆորումները, քննարկումներն ու բանավեճերը մեզ ամբողջական վերլուծական նյութ տվեցին գրատպության ավանդույթների շուրջը, եւ մեզ պարտավորեցնում է այսուհետ լինել հետեւողական, հասկանանք, որ մեծ պարտավորություններ ունենք մեր պատմության առջեւ եւ կփորձենք ապացուցել, որ մենք իրավամբ շարունակողներն ենք այդ ավանդույթների», ասաց նախարարը:
Նշեք խնդրեմ, թե ո՞ր երկրները աչքի ընկան իրենց ցուցահանդեսներով եւ եղան երկրներ, որ չմասնակցեցին հոբելյանական տարվա ծրագրերին: «Արտերկրներում ներկայացված մեր ծրագրերը գրեթե կրկնակի էին, որովհետեւ բացի միջազգային ցուցահանդեսներից, որը ծրագրել էինք, մասնակցեցինք մի շարք գրական փառատոների, գիտական նստաշրջանների, կոնֆերանսների: Ես հպարտ էի այն ցուցադրություններով, որոնք եղան արտերկրում, որովհետեւ մենք ներկայացանք մի մշակութային հատվածով, որով մրցակիցներ չունենք աշխարհում: Կարեւորում եմ նաեւ երիտասարդության մասնակցությունն ու հետաքրքրությունը հոբելյանական ծրագրերին: Հիմնականում ծրագրին լայն մասնակցություն ունեցան եվրոպական երկրները, դա բնական է, քանզի մենք մեր գրատպության պատմության մեջ սնվել ենք հենց Եվրոպայից եւ Եվրոպայում ենք առաջինը հիմնել մեր գրատպության կենտրոնները: Հատուկ ուզում եմ շեշտել, որ բոլոր հեղինակավոր հաստատություններում, համալսարաններում, գրադարաններումՙ Բրիտանական, Կոպենհագենի, Վաշինգտոնի եւ այլն, բոլոր տեղերում իրենց նախաձեռնությամբ բացեցին ցուցահանդեսներ եւ դա շատ կարեւոր հանգամանք էր, քանի որ պահոցներից վեր հանված նյութերը մշակվեցին, վերականգնվեցին, կատալոգներ տպագրվեցին եւ մենք այդ արժեքավոր նյութերը ձեռքբերեցինք, որը մինչեւ օրս մեզ հասու չէր: Այս տարվա ընթացքում իրականացված միջոցառումների ծավալը իմ կարծիքով, շատ լուրջ է մի պետության համար, մի փոքր երկրի համար, որը 12 միջազգային խոշոր ցուցահանդես բացեց, 10 գրքի տոնավաճառների մասնակցեց, շուրջ 5 միջազգային գրքի փառատոների մասնակցեց եւ բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց մասնակցեցին օտար գրողներ, հրատարակիչներ, գրքասերներ: Նման ծրագիրը մեզ համար նոր մեկնարկ էր ապագա նոր գործընթացներն իրականացնելու գործում»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ