Championat.com կայքի անցկացրած հարցման արդյունքներով ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է ՌԴ առաջնության 1-ին շրջանի լավագույն լեգեոնական: Նա առաջնության 13 խաղում 9 գոլ է խփելՙ տեղ զբաղեցնելով լավագույն ռմբարկուների ցանկում: Կայքի կարծիքով Մովսիսյանի համար լավագույն խաղը «Կրասնոդար»-«Մորդովիա» (6-1) հանդիպումն էր, որում Յուրան 2 գոլի հեղինակ դարձավ: Յուրա Մովսիսյանը 2-րդ մրցաշրջանն անցկացրեց ՌԴ պրեմիեր լիգայում «Կրասնոդարի» կազմում: Նա մրցույթի արդյունքներով արժանացել է 6,88 միավորի:
Ի դեպ, երեկ «Սովետսկի Սպորտը» տեղեկացրեց, որ Յուրա Մովսիսյանը 4,5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Նրա տրանսֆերը գնահատվել է 8 մլն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 մլն եվրո: Սակայն «Սպարտակի» պաշտոնական կայքում դեռեւս պայմանագրի կնքման մասին ոչ մի խոսք չկա: Պարզապես նշված է, որ «Սպարտակն» ու «Կրասնոդարը» համաձայնության են եկել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում:
Երեկ «Սպարտակի» ֆուտբոլիստներին մինչեւ հունվարի 20-ը արձակուրդ է տրամադրվել: Յուրան թիմին կմիանա այդ օրը, իսկ մի քանի օր անց «Սպարտակի» հետ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններՙ ուսումնամարզական 1-ին հավաքի:
ՌԴ առաջնության լավագույն լեգեոնականների տասնյակում 6-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը ստացել է 6,77 միավոր: Ըստ կայքի, Օզբիլիսը շատ օգտակար է գործում թիմի համար: Նրա գլխավոր հատկանիշներն են ստանդարտ դրությունների արդյունավետ օգտագործումն ու հիանալի հարվածը: Նրա շնորհիվ «Կուբանի» տուգանային հարվածները մեծ վտանգ են ներկայացնում մրցակիցների համար: