Կանխատեսելի ընտրություններ ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` դրանք շատ կանխատեսելի է համարել` կախված այն բանից, թե ինչ կարգի թեկնածուներ կառաջադրվեն, բացի ՀՀԿ թեկնածուից: Բոլոր դեպքերում ՀՀԿ թեկնածուն կարող է հաղթել` հավաքելով սկսած 50-51 տոկոսից մինչեւ 80-85 տոկոս (տոկոսները այլ թեկնածուների տարած ձայների հաշվարկով կլինեն, բայց սա է կորը): Ծառուկյանի առաջադրման դեպքում հնարավոր էր գուցե մեկ-երկու ուժի համախմբումը նրա շուրջը, բայց միայն այդքան: Իսկ հիմա Ծառուկյանի ընտրազանգվածը բաժան-բաժան կլինի` ըստ առաջադրված բոլոր թեկնածուների: Նրա ենթադրությամբ` Գ. Ծառուկյանի չառաջադրվելու որոշման համար հնարավոր է, որ պատճառ է եղել հօգուտ նրա որոշակի պայմանավորվածությունների, իսկ աշխարհաքաղաքական ենթատեքստ այստեղ Իսկանդարյանը չի տեսնում: Իսկ թե Ծառուկյանը սխալվել է, թե ոչ` չառաջադրվելով, դա հետո հայտնի կլինի:
Խժդժոց է ՀԱԿ-ում
ՀԱԿ-ում ամեն օր խորհրդակցում ու կռվշտում են առ այն, թե վերջապես ինչ դիրքորոշում որդեգրեն. առաջադրվո՞ւմ է Տեր-Պետրոսյանը, մեկ ուրի՞շը, թե՞ ընդհանրապես բոյկոտում են ընտրությունները: Ընդ որում` ԲՀԿ-ին եւ Ծառուկյանին ժամանակին սիրաշահող եւ դրան դեմ թեւերն առավել անհաշտ են միմյանց հանդեպ հիմա` միմյանց են ուղղելով սարկաստիկ արտահայտություններ եւ ծաղրալից բնորոշումներ: Արտահոսքեր կան, որ Լեւոն Զուրաբյանն ու նրա մի շարք կողմնակիցներ այնքան հիասթափված են, որ անգամ ուզում են հեռանալ Հայաստանից:
Պարույր Հայրիկյանը կամաց-կամաց մոտենում է նախագահական նստավայրին
Նախագահի մի այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը հենց նախագահական նստավայրից 50 մետր հեռավորությամբ է գրասենյակ բացել, որ ընտրվելուց հետո որեէ պրոբլեմ չունենա, ձեռքի հետ էլ բյուջեին քիչ վնաս կտա` ոտքով աշխատանքի հասնելով:
Նա երեկ մի արժանահիշատակ օրինակ է բերել առ այն, որ երբ Չերչիլին աղջկա վատ վարքի մասին են ասել, նա պատասխանել է, որ կարող է Անգլիան եւ անգամ աշխարհը կառավարել, բայց ոչ սեփական աղջկան: Օրինակը Հայրիկյանը աբստրահել է մեր իշխանավորների վրա` զգուշացնելով Հայաստանում այդպես մտածողներին, որ դա հիմնովին սխալ մոտեցում է:
Ծառուկյանի չառաջադրվելու մասին էլ Հայրիկյանը տեսակետ հայտնեց, թե երեւի իր եվրոպական շփումներում ԲՀԿ առաջնորդը հասկացել է, որ գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, սակայն բնականոն չէ, որ Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ ուժը չի մասնակցում ընտրություններին: Բայց ով էլ առաջադրվի-չառաջարդվի` Հայրիկյանն իր ուրույն տեղն ունի, իր վրա դա չի ազդի, Ծառուկյանի ընտրազանգվածի վերակողմնորոշման մասին էլ ասաց. «Կարծում եմ` Ծառուկյանն ու իր մայրն էլ ինձ կընտրեն», սրանում Հայրիկյանը համոզված էր` Ծառուկյանի եւ Ռոզա մայրիկի հետ իր խոսակցությունները հիշելով:
Ո՞վ չի մոռացել Հովիկ Աղազարյանի անունը
Հովիկ Աղազարյանը ինչ-որ ժամանակ եղել է պատգամավոր, բայց հիշվում է նրա ՀՅԴ անդամ լինելը (կարծեմ` նրան հեռացրեցին ՀՅԴ-ից): Ահա այս Հովիկ Աղազարյանն, ուրեմն, նույնպես նախագահի թեկնածու է առաջադրվելու ու երեկ նույնիսկ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որտեղ նորույթներ էլ կային (քանի որ խոստացել է` պետք է տարբերվի մյուսներից). Ազգային ժողովը միայն համամասնական կարգով պետք է կազմավորվի, ընդ որում` այնտեղ պետք է լինեն ամենաշատը 91 պատգամավոր: Նա նույնպես Արարատի մարզի Սուրենավան գյուղից է, որտեղից մի ուրիշ նախագահի թեկնածու էլ կա` Մարտիկ Սարգսյանը: Իսկապես որ` մեր ժողովրդի արգանդը չի չորացել: Բայց համ էլ Հ. Աղազարյանը թիվ էր նշել, որ եթե վաղն ընտրություն լինի` 5 հազար մարդ կընտրի իրեն: Մինչդեռ գոնե 500 հազար մարդու վրա պետք է վստահ լինի որեւէ թեկնածու` առաջադրման դեպքում: Ու չնայած գործազուրկ է Հ. Աղազարյանը, բայց նախագահական առաջադրման 8 միլիոն դրամ ընտրագրավը մուծելը նրա համար որեւէ խնդիր չի առաջացնի:
Երթուդարձն ի մի բերեց
Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ