«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


«ՀՆԳԱԿՈՂՄՆԵՐԸ» ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հիշեցրել է, որ առաջին անգամ չէ, որ հնգակողմ հայտարարություն չի ընդունվում, այս անգամ էլ` Դուբլինում, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի անունից:

Դուբլինի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններով է հանդես գալիս` մեղադրելով Հայաստանին, թե հնգակողմ հայտարարությունը չի ընդունվել հայկական կողմի պատճառով: Նալբանդյանն այդ առնչությամբ նաեւ առաջարկել է համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները Դուբլինում. «Կտեսնեք, որ ինչ-որ ասում է Հայաստանի արտգորխնախարարը, համահունչ է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը»: Ադրբեջանի ԱԳ նախարարի պարագայում` «Իրենք ասում են, իրենք` լսում»:

Իսկ առաջին անգամ չէ, որ հնգակողմը չի ընդունվում, օրինակներ շատ կան: Օրինակներից մեկն էլ, Նալբանդյանի հիշեցմամբ, Ալմաթիում 2010-ի հուլիսին պատրաստված հնգակողմ հայտարարությունն էր: «Բայց Ադրբեջանը պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորության, գերակայության վրա` այլ սկզբունքների համեմատ: Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք առաջարկվել են եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են ու չի կարելի բաժանել մեկը մյուսից եւ որեւէ սկզբունք, որեւէ դրույթ չի կարող գերակայել մյուսների նկատմամբ»:

«Այս անգամ ադրբեջանցիները, չգիտես ինչու, չուզեցին, որ երեք հայտնի սկզբունքներըՙ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն, անգամ հիշատակվեն: Ինչի՞ հասան», նշել է Նալբանդյանը, ավելացնելով, որ հնգակողմ հայտարարություն չեղավ, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները գծեցին այս երեք սկզբունքները: «Ավելին, Դուբլինում եռանախագահների արած հայտարարությունը ողջունելի է Հայաստանի կողմից եւ մենք կարող ենք նույն հայտարարությունն անել», ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4