«Փոփոխություն չկա Սիրիայի նկատմամբ մեր դիրքորոշման մեջ»
Նախորդ համարում գրել էինք ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հայտարարության մասին: Նա ասել էր, որ չի բացառվում սիրիական ընդդիմության հաղթանակի հնարավորությունը: Այդ հայտարարությունը նախորդ ողջ օրը զգայացունց լուրերի շարքում շրջանառվել էր աշխարհում, որպես Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն Բաշար Ասադի իշխանության նկատմամբ:
Երեկ, հավանաբար նկատի ունենալով այդ հանգամանքը, Միխայիլ Բոգդանովը նորից հանդես եկավ եւ հայտարարեց, որ նախորդ օրն իր արտասանած խոսքերում նորություն չկար ամենեւին եւ ավելացրեց, որ իր երկրի դիրքորոշումը չի փոխվել Սիրիայի նկատմամբ: Նա իբրեւ սիրիական հարցում միակ ընդունելի տարբերակ հիշեցրեց հունիսի 30-ին Ժնեւում ընդունված որոշումըՙ ներքին բանակցություններ եւ արտաքին միջամտության բացառում:
Մյուս կողմից, Թուրքիայում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Պանետան երեկ վերահաստատեց Սիրիայի հետ Թուրքիայի սահմանագծին ամերիկյան «Պատրիոտ» հակահրթիռային 6 կայանքներ տեղակայելու մասին, որոնց կսպասարկեն ամերիկյան 400 զինծառայողներ: