Վտարանադիության դատապարտված` Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը շարունակում է զվարճացնել եւ զգաստության կոչել իր հայրենակիցներին: Youtube-ում նա տեղադրել է իր «ռեժիսորական» աշխատանքի հերթական արտադրանքը` տեսահոլովակ, որտեղ «սերիալի հերոս» են ինքը եւ Բաքվի Սաբիրի անվան գրադարանի տնօրեն, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի օգնական Սեւինջ Բաբաեւան:
Տեսագրությունը կատարվել է 2005-ին Ադրբեջանում «կայացած խորհրդարանական ընտրությունների» օրերին: Բաբաեւան ասում է, որ Գյուլար Ահմեդովան «պարտվել է Էլդար Նամազովին», բայց երբ զանգել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին. «բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունները գրվել են նորից, իսկ Նամազովի կողմնակիցներին ծեծել եւ ցրել են»: Բաբաեւան նաեւ ասում է, որ Էլշադ Աբդուլլաեւից ստացած գումարը` 1 մլն դոլար, «փոխանցված է Ռամիզ Մեհթիեւին, եւ Գյուլար Ահմեդովան կատարել է պետության երկրորդ դեմքի բոլոր պրիվատ հանձնարարությունները»:
Խոսքն այն մասին է, որ Գյուլար Ահմեդովային «հանձնարարված է կերակրել ընդդիմության մի մասին, որ երկրի ներսում քննադատի իշխանություններին, իսկ դրսում խոսի անցումային շրջանի դժվարություններից»: Նշվում է նաեւ կոնկրետ անուն` «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադե, որին հանձնարարված է որոշակի «փոխհատուցման» դիմաց «համոզել Արզու Սամեդբեյլիին հրաժարվելու պատգամավորական մանդատից»:
Վերջինս նշված ընտրություններում Էլշադ Աբդուլլաեւի մրցակիցն էր եղել եւ հաղթել էր, բայց իշխանությունները, հաշվի առնելով, որ նա «Մուսավաթ» կուսակցության անդամ է, ամեն կերպ խանգարել են, որ տարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակի քվեարկության արդյունքները: Այդուհանդերձ, Սեւինջ Բաբաեւան կասկած է հայտնում, որ Իլհամ Ալիեւը կարող է համաձայնել, որպեսզի Սամեդբեյլին «լինի պատգամավոր»: Ավելի վաղ տարածված տեսահոլովակում այս առթիվ ասվում էր, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պնդում է, որ ընդդիմադիր «Մուսավաթը» տեղ ունենա խորհրդարանում:
Այս կապակցությամբ Բաբաեւան Աբդուլլաեւին ասում է, որ եթե Սամեդբեյլին «պատգամավոր դառնա, ապա փոխարենը Աբդուլլաեւի եղբայրը կնշանակվի Բաքվի Բինագադիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար, իսկ ինքը` Աբդուլլաեւը, Սումգայիթ քաղաքի դատավոր»: Ի պատասխան Աբդուլլաեւն ասում է, որ «վճարել է հատկապես պատգամավորական մանդատի համար եւ ուզում է լինել խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ»:
Բաբաեւան որեւէ հստակ պատասխան չի տալիս, այլ փորձում է լիցքաթափել իրավիճակը եւ Աբդուլլաեւին պատմում է, որ ինքը եւ Գյուլար Ահմեդովան անձամբ են Մեհթիեւի աշխատեսենյակում նրան տվել 1 մլն դոլարը` մեկ-մեկ հաշվելով թղթադրամները: «Նա մեզ նույնիսկ 50 000 էլ չնվիրեց, նա իսկական առնետ է»,- ափսոսանքով եզրափակում է Բաբաեւան:
Ըստ երեւույթին, Ռամիզ Մեհթիեւը եթե անգամ ցանկանար էլ, չէր կարող մեծահոգի եւ առատաձեռն գտնվել. չէ՞ որ նա էլ Իլհամ Ալիեւի «գործակալն» է: Ահա այսպես` Ադրբեջանը վերից վար «առնետների» երկիր է: Իսկ հպատակների բազմությունը ստիպված է կերակրել նրանց: Թե չէ կատաղած առնետները կխժռեն նրան:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ