«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ԿԱՊՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Եվրոմիության աջակցությամբ իրականացրած հետազոտության արդյունքները

Հայաստանի Հանրապետության 17 նախարարությունները 2012-ի հունվարի դրությամբ ունեն ինտերնետ կապ, իսկ աշխատողների 89 տոկոսը օգտագործում է համակարգիչներ (անհատական, դյուրակիր եւ այլն): Այս ցուցանիշներն են երեկ հրապարակվել «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը ՀՀ նախարարություններում» հետազոտության զեկույցում, որն իրականացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը Եվրոմիության աջակցությամբ:

Հետազոտությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության 18 նախարարություններից 17-ում եւ վերաբերել է համակարգիչների, ներքին համակարգչային ցանցի, ինտերնետ ցանցի օգտագործման, անհատական մարդկային ռեսուրսների ծառայություններին էլեկտրոնային եղանակով նախարարությունների աշխատողների հասանելիության եւ այդ ամենին առնչվող այլ հարցերին:

Նախարարությունների 94 տոկոսը ունեցել է ներքին հաղորդակցման համակարգչային ցանց` մեկ շենքում կամ հարեւան շենքերում միմյանց միջեւ հաղորդակցության համար: Սակայն միայն 59 տոկոսին են հասանելի եղել էլեկտրոնային եղանակով անհատական մարդկային ռեսուրսների սպասարկման ծառայությունները:

Ինչպես արդեն նշեցինք, թեեւ բոլոր նախարարություններն ապահովված են ինտերնետ կապով, բայց աշխատողների 76 տոկոսին է այն հասանելի եղել այդ պահին: Ընդ որում, ինտերնետային կապի 88 տոկոսը եղել է մալուխային, օպտիկամանրաթելային, ֆիքսված անլար եւ մի քանի այլ տեսակի: Ամենաարագ ներբեռնման արագությունը կազմել է 2,1 Մբ/վ:

2012-ի հունվարին նախարարությունների 94 տոկոսն օգտագործել է ուղղակի կապի (այցելություն, հանդիպում), ավանդական փոստի եւ կայքէջի միջոցով հանրային ծառայությունների մատուցումը: Սպասարկման կենտրոնների միջոցով հանրային ծառայություններ է մատուցել նախարարությունների 41 տոկոսը, հեռախոսով` 76 տոկոսը, բջջային հեռախոսով` 53 տոկոսը, էլեկտրոնային փոստով` 88 տոկոսը, ինտերնետային սոցիալական ցանցի միջոցով` 35 տոկոսը, ինտերետային հեռախոսակապի միջոցով` 18 տոկոսը:

Զեկույցում նշվում է, որ բոլոր նախարարություններն ունեցել են պաշտոնական կայքէջեր, որտեղ նշված է եղել նրանց կառուցվածքի, գործունեության, նորությունների մասին: Նախարարությունների 87 տոկոսն ապահովել է հասանելիություն իր կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությանը, իսկ 71 տոկոսը իր հաղորդագրություններում օգտագործել է էլեկտրոնային ստորագրություն` կիրառելով գաղտնի ծածկագրերի մեթոդները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4