«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ»-Ի ՏՏ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիային տրամադրել է օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի եւ Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ` ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով:

Ակադեմիային աջակցելուՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու եւ ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:

«Մենք սատարում ենք որակյալ կրթություն ստանալու եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու երիտասարդության ձգտումը` երկրի զարգացմանը նպաստելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու եւ արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, եւ որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման եւ մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի հետ մեր համագործակցության նպատակը», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը եւ լավագույններին` «Մայքրոսոֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաեւ: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` ուսումնական հաստատությունը արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում եւ այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի եւ շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջեւ կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4