Երեկ տեղի ունեցավՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Գրքարվեստ» հանրապետական 5-րդ մրցույթի մրցանակաբաշխության ամփոփումը:
Այն ունի հետեւյալ անվանակարգերը` «Իմ հայրենիքը», «Մեր ժամանակակիցը», «Գիրք գրքի մասին», «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք», «Գրքի ձեւավորման համար» եւ «Գլխավոր մրցանակ»:
«Այս տարի «Գրքարվեստ» հանրապետական մրցույթի առաջին հոբելյանն է: Այն խթանում է տպագրական գործը եւ տարեցտարի նկատվում է հրատարակիչների ձգտումը առավել հետաքրքրական գրքեր տպագրելու: ԱՊՀ մրցույթներում հայաստանյան գրքերը արդեն 9-րդ տարին ստանում են տարբեր մրցանակներ: 5-րդ տարին է, ինչ անցկացնում ենք այս մրցույթը, եւ ըստ իս այն շարունակական բնույթ կկրի: Հայ գրատպության 500-այակին նվիրված միջոցառումների շարքի վերջին ակորդներից է սա», ասաց մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչության կենտրոնի պետ Էդվարդ Միլիտոնյանը:
«Գրքարվեստ» հանրապետական 5-րդ մրցույթի գլխավոր մրցանակի արժանացավ Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրք» հուշանվերային գիրքը, «Իմ հայրենիքը» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Ի. Ստրժիգովսկու «Հայկական ճարտարապետությունը», իսկ «Մեր ժամանակակիցը» անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ Հ. Իգիթյանի «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը», «Գիրք գրքի մասին» անվանակարգում առաջին մրցանակակիրն է «Գրի հավերժությունը», ինչպես նաեւ «Գիրք երեխաներին» անվանակարգումՙ «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները» եւ «Կախարդական զամբյուղը» գրքերը արժանացան առաջին մրցանակին, իսկ «Արվեստի գիրք» անվանակարգումՙ Ն. Մառի «Անին» եւ Արարատ Սարգսյանի «Ժանրային տարածությունը», «Գրքի ձեւավորման համար» անվանակարգումՙ Ա. Սարգսյանի «Տղա Դավթի եւ Աղջիկ Խանդութի հեքիաթը»:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ