«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ՀԱՅ ԵՐԳԻ ՆՈՐ «ԱՎԵՏԻՍ»

Երգչուհի Սիրուշոն ինտերնետ հանրությանն է ներկայացրել նոր երգ` «ՊռեԳոմեշ» վերնագրով: Հանրահայտ «Լոռվա հորովել»-ի «պռե գոմեշ» արտահայտությունը կրկնելուց բացի` թե էլ ինչո՛վ եւ որքանո՛վ է այս նոր երգն առնչվում կոմիտասյան մշակման հետ, դժվարանում ենք ասել: Մասնագետ չլինելով` չենք էլ հավակնում ինչ-որ բան ասել, բայց ահա նոր երգի տեքստը, որի հեղինակը ժամանակակից հայ «պոետ» Ավետ Բարսեղյանն է, բանասերիս ասելու բան տալիս է: Եվ առաջին ասելիքն այն է, որ երգի տեքստը բացարձակ անմիտ տողերի խղճուկ շարադրանք է` անկապ ու շինծու: Ի դեպ, այս «պոետին» ու նրա «պոեզիային» հենց միայն «Ազգի» էջերում մենք անդրադարձել ենք քանիցս` հիմնականում քննադատելով նրան ասելիքի բացակայության, բովանդակազրկության եւ պոետական ակնհայտ ապաշնորհության համար` բնութագրելով նաեւ նրա երգերի կեղծ «հերոսներին», սակայն այս նոր երգում Ավետը գերազանցել է ինքն իրեն, որովհետեւ տեքստն այնքան է անիմաստ, որ նույնիսկ «հերոսի» խնդիրը չի լուծել: Իսկապես, որեւէ ձեւով հնարավոր չէ կռահել, թե ով է երգի հերոսը, հերոս չասենք` գործող անձը, եւ ում մասին է երգում Սիրուշոն: Վերնագրից կարծես կռահվում է, որ հերոսը գոմեշն է, թեեւ վերջինիս հերոսանալու հանգամանքը, մանավանդ մեր օրերում, փոքր-ինչ զավեշտալի է ու անհավանական, բայց ուրիշ ի՞նչ մտածես, եթե «պոետը» արարել է «Ել ու թող իմանա աշխարհը» տողը, որով սկսվում է երգը, եւ այդ խրոխտ «ել»-ը ոչ թե բանվոր դասակարգին է ուղղված, ինչպես հանրահայտ երգում, այլ այդ խեղճ կենդանուն: Այո, մեզ թույլ ենք տալիս գուշակելու, որ, ամենայն հավանականությամբ, գոմե՛շն է երգի գլխավոր հերոսը, գոմե՛շն է «ելնելու», բայց ինչպե՛ս է ելնելու, որտեղի՛ց եւ հատկապես ինչո՛ւ, բացարձակ անորոշություն է, մանավանդ որ «պոետը» հաջորդիվ ստեղծում է «Ել ու թող ազնիվ կռիվդ Երկնքում հաստատի պատիվդ» անզուգական տողերը: Շատ մտածեցինք, թե գոմեշն ու՛մ հետ եւ ինչու՛ է «ազնիվ» կռիվ տալու` չհասկացանք, բայց մեզ մանավանդ հուզեց «երկինք» բառի գոյությունն այդ տողում, որն այնպիսի նուրբ պոետականությամբ էր օծել գոմեշի աշխատավորական կերպարը, որ երգն ակամա բալլադի էր վերածում, չնայած հիմա էլ անհասկանալի էր գոմշական «պատիվը երկնքում հաստատելու» ավետական համոզմունքը:

Ունկնդրի համար, հատկապես այն ունկնդրի, ում համար երգի տեքստն անկարեւոր մի բան չէ, այլ նրա «առաջին նշանակության» բաղադրիչը, այս երգի հերոսի ով-ինչ լինելը շարունակում է հարցական մնալ նաեւ տեքստի շարունակության մեջ, թեեւ կրկներգը գալիս է հաստատելու, որ հերոսը, այնուամենայնիվ, գոմեշն է: Ի դեպ, կրկներգի մասին: Այն բաղկացած է աշխատավոր մարդու` իր հավատարիմ գործակցին ուղղված բացականչություններից, որոնք բնականաբար չէին կարող միտք դառնալ եւ դասական իմաստով նախադասություն կազմել. «Պռե՛ գոմեշ, Ա՛ռ հա՛ գոմեշ, Պռե՛ րե՛ գոմեշ, Ա՛ռ հա՛ գոմեշ, Տա՛ր հա՛ գոմեշ, Պռե՛ րե՛ գոմեշ»: Սակայն, թերեւս չափազանց արժեւորելով իր հերոսին ու նրան ուղղված «խոսքը», երգի հեղինակն այնպես է արել, որ վերոբերյալ բացականչությունները երգում առավել իմաստալից հնչեն, քան իր հեղինակային տողերը: Ի՜նչ զիջողամտություն:

«Նա անհնազանդ է ու քար, //Աչքերում ապրում է լուռ պայքար»,- գրում է «պոետը»` նորից կասկածելի դարձնելով, թե գոմեշն է երգի հերոսը, որովհետեւ գոմեշի հերոս լինելու պարագայում պիտի ընդունել, որ վերջինս «անհնազանդի» հետ միասին կարող է լինել նաեւ «քար», դա դեռ քիչ է, նրա աչքերում էլ դեռ կարող է «ապրել լուռ պայքար»: «Քարը» «պայքարով» հանգավորող «պոետ» Ավետին (շուտով նա կհանգավորի նաեւ «մենամարտն» ու «անպարտը», «աշխարհ»-ն ու «ճանապարհ»-ը, «պահանջ»-ն ու «նահանջ»-ը. անսպա~ռ են ավետական տաղաչափական հնարավորությունները) ուզում եմ հիշեցնել Պ. Սեւակի մի բանաստեղծական արտահայտությունը. «Որ մինչեւ անգամ լավ է ավելի //Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,// Քան թե չունենան կշիռ ու արժեք»: Սեւակի այս տողերը հիշեցի, որ կարողանամ պարզապես շնորհավորել Ավետ Բարսեղյանին, քանզի նա այնպես է արել, որ բառերն իրար հետ ոչ միայն կապ չունեն, այլեւ չունեն որեւէ կշիռ ու արժեք:

Ա. Բարսեղյանի հորինած տեքստը, բնականաբար, չէր կարող չարտահայտել ստեղծողի խոր փիլիսոփայական մտորումները: Այդ մտորումներն ուղղակի երգից երգ «խեղդում» են «պոետին», եւ վերջինս բաց չի թողել հնարավորությունը` նաեւ Սիրուշոյի զրնգուն ձայնով հնչեցնելու դրանք: Օրինակ` այս մեկը.

Մեկն է բնության օրենքը,

Կամքն ուժեղ գտնում է ելքը...

Անտարակույս, շա՛տ խորաթափանց, համարյա դարվինյան միտք է, բա շարունակությո՜ւնը` «... Ու շարունակում տալ սերունդներ»: Ուրեմն, արձանագրենք, թե ի՛նչ «ունենք» այս եռատողի արդյունքում` «կամքը» «շարունակում է տալ սերունդներ». մի՞թե խորիմաստ չէ...

Իր «հերոսի» ճակատագրի համար իմաստասիրական խոկումների մեջ ընկած հեղինակը երգի վերջում պարզապես չի կարող մի երկու բառ չասել... դե, իհարկե, ցավի մասին.

Ցավն են անցկացնում դանդաղ

Սարերից իջնող ջրերը պաղ...

Դժվար է պնդել, թե խոսքն այստեղ վարուցանքի ընթացքում «ծեծ կերած» գոմեշի ցավի մասին է, բայց թե Ավետը մեզ այլ բան ենթադրելու հնարավորություն չի էլ թողել: Շատ որ ուզենք, կարող ենք մտածել նաեւ, որ գոմեշի վզին ու կողերին վարուցանքի սարքուսուրքի առաջացրած ցավի մասին է խոսքը, բայց դե ի՛նչ իմանաս` Ավետի պոետական միտքն այդ պահին ու՛ր է թափառելիս եղել, եւ ի՛նչ իմաստ է նա տվել «ցավին», որը կարող է, փաստորեն, նաեւ «անցկացվել»:

Միանգամայն տրամաբանական է, որ Ավետն իր ստեղծագործությունն ավարտում է գոմշային լավատեսությամբ.

Տաք արյունը գույնն է բախտի,

Բռնած ուղիդ ոչինչ էլ չի խախտի...

Մեջբերում ու չես կարողանում զսպել հիացմունքդ. ի~նչ հրաշալի հանգաբանություն` «բախտի»-«խախտի», ափսոս միայն, որ դարձյալ ընթերցողի «վզին» է դրվում այս գաղտնախոսությունը վերծանելու ծանր լուծը, որովհետեւ ոչ մի կերպ հասկանալի չէ, թե այդ ի՛նչ «տաք արյան» մասին է ակնարկվում, որը «բախտի գույնն» է նաեւ, այդ ի՛նչ «բռնած ուղի» է, որը, փաստորեն, կարելի է նաեւ «խախտել» (ուղին` խախտել), սակայն որը, ինչպես հավաստիացնում է «պոետ» Ավետը, եւ ինչպես վերահաստատում է երգչուհի Սիրուշոն, «ոչինչ էլ չի խախտի»:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. - Անդրադարձը պատրաստ էր, երբ օրաթերթերից մեկում հայտնվեց Սիրուշոյի հիացական կարծիքն իր իսկ երգի մասին: Խոսելով մասնավորապես տեքստի մասին` երգչուհին նշում է. «Երգի խոսքերն ինձ համար հատկապես կարեւոր էին, քանի որ ասելիք ունեի, այնքան շատ ասելիք, որ միտքս խոսքիս հերթ չէր տալիս. հասկացա, որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել եւ միտքս ճիշտ տեղ հասցնել միայն իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանը»: Վերջինս, ուրեմն, Սիրուշոյի միտքը «ճիշտ տեղ է հասցրել»: Ողբամ վիճակդ, հայ երգ: Եվ հատկապես ողբամ, եթե քո «տաղանդավորը» Ա. Բարսեղյանն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4