«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2012-12-13 | #224, 2012-12-14 | #225, 2012-12-15


ՆՇՎԵՑԻՆ ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 55 ԵՎ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՆՈՐ-ԱՅՐԻ 100-ԱՄՅԱԿՆԵՐԸ

Մանվել Միկոյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը տոնելու միանգամից երկու առիթ ուներ. այս տարի լրացավ Կիրովականի գրական միավորման հիմնադրի` արձակագիր Նոր-Այրի 100 եւ միավորման ստեղծման 55-ամյակները: Միջոցառումը մարզային բաժանմունքում էր համախմբել մարզի մտավորականներին Նոր-Այրի ընտանիքի անդամներին: Մայրաքաղաքից ժամանել էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, դրամատուրգ, արձակագիր, 1992-1997 թվականներին մարզային բաժանմունքի նախագահ Նելլի Շահնազարյանը: Ներկաներին ողջունեց բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը ` ներկայացնելով գրական միավորման ստեղծման պատմությունը, զարգացման ու կայացման դժվարին ուղին, Նոր-Այրի վաստակը, մասնակցությունն այդ կարեւոր գործին, Լոռվա գրական աշխարհին շունչ ու ոգի հաղորդող, ավագ ու երիտասարդ սերնդի արձակագիրների, բանաստեղծների ու գրականագետների մեծ ներդրումը: Նա շնորհակալության խոսք հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, փոխմարզպետ Արսեն Դարբինյանինՙ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:

1957 թ.-ի հուլիսի 21-ին Կիրովականի քիմկոմբինատի կուլտուրայի պալատում տեղի է ունեցել Հայաստանի սովետական գրողների միության` Կիրովականի գրական միավորման հիմնադրման հանդիսավոր ժողովը: Միավորման նախագահ է նշանակվել գրող Նոր-Այրը: Ավետիք Իսահակյանը առաջինն է ողջունել միավորման ստեղծումը: «Մեծն Թումանյանի հայրենի աշխարհում ստեղծվող երիտասարդ գրողների միավորումը կտա իրենց ձայնն ունեցող բանաստեղծներ ու վիպասաններ»,- ասել է նա: Իսկ 1968-ի նոյեմբերի 21-ին Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացված հանրապետության երիտասարդ եւ սկսնակ գրողների 8-րդ խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին անվանի գրողներ Նաիրի Զարյանը, Համո Սահյանը, Պարույր Սեւակը եւ ուրիշներ, որոշում է կայացվելՙ հիմնադրել Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունք: Նոր-Այրը բաժանմունքը ղեկավարել է 17 տարի: Տարբեր տարիների բաժանմունքը ղեկավարել են նաեւ Ռազմիկ Պողոսյանը, Նելլի Շահնազարյանը, Սամվել Զուլոյանը, Հրաչյա Սարուխանը, 2009-ից մինչ օրս բաժանմունքի նախագահն է Մանվել Միկոյանը:

2010 թ. դեկտեմբերի 17-ից Լեւոն Անանյանի միջնորդությամբ եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աջակցությամբ այն գործում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Այստեղ կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ` ավագ, միջին եւ երիտասարդ, տպագրվում են գրքեր, իսկ 1997-ից հրատարակվող «Երկունք» գրական թերթը, որի խմբագիրն է Մ. Միկոյանը, լավագույն գրական պարբերականներից է հանրապետությունում:

Կիրովական-Վանաձորի գրական միավորման ստեղծման ու Նոր-Այրի հոբելյանական տարելիցների առթիվ շնորհավորանքի խոսք ասաց Լեւոն Անանյանը :

- Ուրախ եմ, որ երախտագիտությամբ եք հիշում Նոր-Այրին: Նրա ստեղծագործությունները, վեպերը, պատմվածքները 20-րդ դարի մեր իրականության արտացոլումն են: Անհրաժեշտ է ընդգծել նրա` որպես գրական կազմակերպչի անուրանալի կարողությունը: Պետք է խոստովանել նաեւ, որ նրան փոխարինելու են եկել այնպիսի արժանավորներ, ինչպիսիք են Ռազմիկ Պողոսյանը, Նելլի Շահնազարյանը, Սամվել Զուլոյանը, Հրաչյա Սարուխանը, Մանվել Միկոյանը,- ասաց նա:

Լ. Անանյանը կարդաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշումըՙ Լոռու մարզի գրական կյանքի զարգացման, հայ գրականության մեջ ունեցած վաստակի եւ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի հիմնադրման 55-ամյակի առթիվ Մ. Միկոյանին նախարարության «Ոսկե մեդալով» պարգեւատրելու մասին եւ բաժանմունքի տարելիցի տոնին այն հանդիսավորությամբ հանձնեց նրան:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը : Նա մարզպետի շնորհակալագրեր հանձնեց Մանվել Միկոյանին` բաժանմունքի գործունեությունը լավագույնս կազմակերպելու, հայ քնարերգության մեջ մնայուն արժեքներ ստեղծելու, հայ գրականության զարգացման ու առաջընթացին նպաստելու, Լոռու գրական ավանդույթները շարունակելու եւ գրական կյանքը կազմակերպելու գործում ունեցած անուրանալի ներդրման համար եւ ՀԳՄ Լոռու բաժանմունքի հիմնադրման 55-ամյակի առթիվ: Շնորհակալագրերի արժանացան նաեւ բաժանմունքի քարտուղար, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, բանաստեղծներ, բաժանմունքի հիմնադիր անդամներ Սերո Անտոնյանը, Ռազմիկ Պողոսյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանը: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը :

- Այս տոնը բոլոր նրանցն է, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են գրականությանը, իսկ գրականության հետ մենք հաղորդակցվում ենք դպրոցական նստարանից,- ասաց Գ. Աղաբաբյանը: Նա շնորհակալություն հայտնեց Մ. Միկոյանինՙ բաժանմունքում ձեւավորված ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու համար: Օրհնության խոսք հղեց եւ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունից շնորհավորեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը : Գրականագետ Մելս Սանթոյանը , բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը իրենց հիշողություններով ու հուշերով ամբողջացրին Նոր-Այրի կերպարը:

- Պայծառ ու հացով մարդ էր, նրա հետ մեզ ապահով ու պաշտպանված էինք զգում,- ասաց Մ. Սանթոյանը: Նա առաջարկեց Վանաձորի դպրոցներից մեկն անվանակոչել Նոր-Այրի անունով, կանգնեցնել նրա արձանը` իրապես գնահատելով նրա վաստակը:

- Մեզՙ երիտասարդ ստեղծագործողներիս, շատ էր թեւ տալիս: Երիտասարդ գրողներիս փնջած տանում էր աշխարհի տարբեր ծայրերը,- ասաց Ռ. Պողոսյանը: Լոռու մարզային բաժանմունքի գործունեությունը գնահատեցին եւ հուշեր պատմեցին նաեւ Լենա Անթառանյանը, Նելլի Շահնազարյանը: Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն իր եզրափակիչ խոսքում բարձր գնահատանքի արժանացրեց Լոռու մարզային բաժանմունքի գործունեությունը:

Նոր-Այրի ընտանիքի անդամները նույնպես իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպման համար:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4