Երեկ Պեկինում մեկնարկեց համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող շախմատի մրցաշարը: 32 մասնակիցների թվում են Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը:
Մասնակիցները նախ ուժերը չափեցին արագ շախմատի մրցաշարում, որի 7 տուրերից 4-ը կայացավ երեկ: Լեւոն Արոնյանը բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով Ալեքսանդր Մորոզեւիչի, Թեյմուր Ռաջաբովի, Վիկտոր Բոլոգանի եւ Հիկարու Նակամուրայի հետ: 4 տուրից հետո Արոնյանը վաստակել է 2 միավոր: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, որն ունի 3,5 միավոր: 3-ական միավորով նրան հետապնդում են Դին Լիժենը եւ Լաուրենտ Ֆրեսինետը:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը շատ անհաջող մեկնարկեց: Նա 2 անընդմեջ պարտություն կրեց Ալեքսանդրա Կոստենյուկի եւ Չժու Չենի հետ մրցավեճում: Սակայն հաջորդ 2 տուրերում Էլինան հաղթեց Չժաո Հուեին եւ Մոնիկա Սոչկոյին ու վաստակեց 2 միավոր:
Առաջատարն աշխարհի նախկին չեմպիոնուհի Հոու Յիֆանն է, որն ունի 3,5 միավոր: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Կատերինա Լահնոն ու Համպի Կոներուն: