Մոսկվայի «Սպարտակի» կայքը վերջապես տեղեկացրեց, որ Յուրա Մովսիսյանը պաշտոնապես դարձել է թիմի ֆուտբոլիստՙ երկարաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ: Այլ մանրամասներ կայքում չկան:
Նշենք, որ մինչ այդ տարբեր լրատվամիջոցներում նշվել էր, որ Յուրան պայմանագիր է կնքել 5 տարով, իսկ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմելու է 1,5 մլն եվրո: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում էր 7,5-8 մլն եվրո:
Ռուսական Sportbox.ru կայքը հրապարակել է Մոսկվայի «Սպարտակի» ամենաթանկ տրանսֆերների ցանկը, որում Մովսիսյանը 7,5 մլն եվրոյով եզրափակում է հնգյակը:
Ակումբի ամենաթանկ ձեռքբերումը շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Էյդեն Մակգիդին է, որի դիմաց «Սպարտակը» 2010-ին 12 մլն եվրո է վճարել: 10 մլն եվրոյով անցյալ տարի ակումբը գնել էր «Ֆեներբահչեի» հարձակվող Էմանուել Էմենիկեին:
10 մլն եվրոյով ակումբը գնել է «Էսպանյոլի» պաշտպան Նիկոլաս Պարեխային, 8,6 մլն եվրո էլ վճարել էր «Ռիվեր փլեյթի» ֆուտբոլիստ Ֆեռնանդո Կավենագիի համար:
«Լոս Անջելեսում ապրելու տարիներին դիտում էի Մոսկվայի «Սպարտակի» հանդիպումները: «Սպարտակը» մեծագույն ակումբ է, որը ՌԴ-ի չեմպիոնական տիտղոսներով յուրօրինակ ռեկորդակիրն է: Սակայն վերջին տարիներին թիմը չի կարողանում հասնել բարձր արդյունքների: Գիտեմ նաեւ ակումբի լեգենդներից է իմ հայրենակից Նիկիտա Սիմոնյանը, որով հիանում եմ:
Երբ տեղափոխվեցի «Կրասնոդար», ակումբի սեփականատեր Գալիցկուն ասացի, որ թիմից կհեռանամ միայն այն դեպքում, եթե ռուսական որեւէ ուժեղագույն ակումբից առաջարկ լինի: Իմ տրանսֆերի նախաձեռնողը Վալերի Կարպինն է, հետաքրքրություն էր դրսեւորել նաեւ ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը: Տեղափոխության հարցում մեծ դեր է խաղացել նաեւ ակումբի բաժնետերերից Ջիվան Չոլոյանը: Երախտապարտ եմ բոլոր այդ մարդկանց», նշել է Յուրա Մովսիսյանը «Ռոսիյսկայա գազետայի» թղթակցի հետ զրույցում: