Կալինինգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Ռինգ դուրս եկած մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մենամարտերը:
Մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում Արամ Ավագյանը 14-8 հաշվով պարտության մատնեց բելառուս Դմիտրի Ժուկովին եւ մտավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում նրա մրցակիցը կլինի Անգլիան ներկայացնող Կեզ Էշֆակը, որն առավելության հասավ ֆինն Մատի Կուտայի նկատմամբ: Քաշային այս կարգում Վրաստանը ներկայացնող Վենետիկ Երանոսյանն էլ հաղթանակած հեռացավ ռինգիցՙ 16-3 հաշվով պարտության մատնելով Սլովենիայի ներկայացուցիչ Բլաց Սկրժանեցին: Վենետիկը 1/8 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Ջավադ Չալաբիեւի հետ, որը 11-10 հաշվով հաղթել էր հունգարացի Քրիստիան Նագիին:
Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը, որն արդեն 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկեց հունգարացի Գաբոր Օրբանին: Սիմոնյանի հաջորդ մրցակիցն ուկրաինացի Եգոր Պլեվակոն է, որը 28-16 հաշվով պարտության մատնեց բելառուս Յան Սուդիլովսկուն: