«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՙ ՍԱ Է ՄԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄԸ»

ՀՀԿ համագումարը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ արդեն հայտնի էր, որ թվով երկրորդ քաղաքական ուժը նախագահի թեկնածու չի առաջադրելու: Այս իմաստով ՀՀԿ-ից ոչ ավելորդ ջանք էր պահանջվում, ոչ էլ ինչ որ մեկին տեղը դնելու անհրաժեշտություն կար: Այնպես որ` շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում էս գլխից արդեն, նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ, հաղթողի շունչն էր թեւածում: Միաձայն նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի ելույթն առավել արածի ու անելիքի, անցած եւ ապագա գործելակերպերի պարագիծ էր ներկայացնում, անգամ այլ ուժերին կամ հնարավոր մրցակիցներին բան հասկացնելու տեղերում առանձնապես չմասնավորեցնելով եւ միայն ընդհանրացումների գնալով: Ուրիշ բան, որ այդ տարողունակ ելույթի որոշ հատվածներում երբեմն ցանկալին իրողության տեղ էր ներկայանում: Սակայն այն, ինչ նշվում էր, նորմալ մարդու ցանկությունների ծիրում է, ու շատերը միանշանակ այդ դրույթների մեծ մասին համաձայն են երկու ձեռքով:

Միայն թե կուզենային ոչ թե սոսկ ելույթով լսել դրանց մասին, այլ իրական կյանքում հանդիպել ասվածին: Համագումարի մթնոլորտի առումով էլ հին-խորհրդային զգացողությունների պակաս չկար «միաձայնի», այլընտրանքային որեւէ առաջադրման բացակայության` արդեն անկախ Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների համար սովորական գործելակերպ դարձած երեւույթով: Տարածքային կառույցների` հատկապես բալզակյան տարիքի կանանց ինքնամոռաց ձոներով առ կուսակցության առաջնորդն ու ՀՀԿ-ն: Վերջիններիս մասով, կարծում ենք, վաղուց ժամանակն է, որ բոլոր կուսակցություններում, այդ թվումՙ ՀՀԿ-ում վերջ դնեն այն քծնանքին ու պաթոսին, որ սովորաբար ուղղվում է լիդերին, ու դա պետք է անի կուսակցության առաջին դեմքը` խստիվ զգուշացնելով ձեռնպահ մնալ գովերգներից եւ ըստ էության խոսքի բացակայությունից: Այս բոլորով հանդերձ` արդեն առաջադրված նախագահի թեկնածուի ծրագրային ելույթը կարեւոր է` երկրի եւ հասարակության ապագա զարգացումները մատնանշելու առումով, հետաքրքրական` իշխող ուժի ապագայի տեսլականի տեսակետից, որտեղ առանցքային դրույթ էր ապահով Հայաստանի հեռապատկերի ուրվագիծը: Ենթատեքստ փնտրողների համար ասենք, որ ելույթում հայ-թուրքական հարաբերությունների մասով որեւէ միտք չկար, իսկ քաղաքական ուժերից էլ հրավիրված էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, Դեմոկրատականը, իսկ խորհրդարանականներից «ժառանգությունն» ու ԲՀԿ-ն չէին հրավիրված, ի տարբերություն նախորդ համագումարի:

Նախագահ Սարգսյանը նախ ամփոփեց անցած ճանապարհը` պատմելով խորհրդային ժամանակահատվածից ժառանգած համակարգերը անկախության շրջանում բարեփոխելու եւ արդիականացնելու մասին: Ապա անցավ 5 տարի առաջ, այսինքն նախորդ նախագահական ընտրություններից հետո «հասարակական-քաղաքական անհանդուրժողական ժայթքումին», երբ շուրջ մեկուկես տասնամյակ շարունակ մի կողմ թողնված խնդիրներն ու ցավոտ խոցերն իրար հերթ չտալով հրատապ լուծումներ էին պահանջում. «Եվ մենք ձեզ հետ միասին կարողացանք լսել ժամանակի կանչը... կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթեւացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության եւ շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթեւ արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ»:

Նախագահը վստահեցրեց, որ սկսել են «քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները». «Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական եւ պետական գործիչների: Մենք սկսեցինք եւ մինչեւ վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերություններիՙ եթեր ունենալու իրավունքը: Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը եւ վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելուՙ մարդկանցՙ ընդդիմախոսելու իրավունքը: Մենք չենք խուսափել ոչ մի դժվարությունից: Բարեփոխումներն սկսել ենք ամենադժվար եւ ամենակարեւոր ուղղություններով: Սկսել ենք ոստիկանության եւ արդարադատության համակարգերից: Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն: Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»:

Ո՞վ , օրինակ, չունի այս ցանկությունը. «Միասին մենք կարողանալու ենք կայացնել այն երկիրը, որը մրցունակ կլինի նաեւ իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն առաջարկելու տեսանկյունից, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որեւէ ցանկություն եւ արժանապատվորեն կկանչի իր զավակներինՙ վերադարձե՛ք ապահով Հայաստան: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ եւ շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը...Ապահով հայրենիք եւ ապահովված ընտանիքներՙ կազմակերպված պետության համար սրանք անհրաժեշտ նախադրյալներ ենՙ կյանքի կոչելու ապահով Հայաստան նպատակադրումը»:

Անդրադարձ անելով սպառնալիքներով եւ վտանգներով լի տարածաշրջանին, ուր «որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը», եւ որտեղ մեծ է զինված բախումների հավանականությունը, նախագահ Սարգսյանը հավաստեց. «Մենք շարունակելու ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործընթացում», միեւնույն ժամանակ նշելով, որ ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը Հայոց արդիականացվող, ժամանակակից սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով համալրվող բանակն է:

Արտաքին ոլորտում շարունակվելու են արդեն առկա հայտնի ուղղություններով ջանքերը` Ս. Սարգսյանը ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա հերթականությամբ գործընկերության եւ համագործակցության ընդլայնման ծրագրերը կարեւորեց. «Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել եւ նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորող եւ մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր կողմից որդեգրված գործընկերության եւ համագործակցության ոգուն: Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակելու է մնալ որպես վստահելի եւ կանխատեսելի գործընկեր», ասաց` ապահով հայրենիքի կարեւորագույն բաղադրիչ որպես նշելով Արցախի խաղաղ կարգավորումը, Սփյուռքի հետ համագործակցությունը, մինչեւ 2015 Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հանգրվանի կարեւորումը:

Մի ելակետ, որ ոչ ոք չի վիճարկում, ու դրան համաձայն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորեց. «Ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը», ասաց նախագահը` կանգ առնելով տարբեր ոլորտներում արդարությանն ուղղված միջոցառումների, արմատական բարեփոխումների ուղղվածության վրա: Ապա շարունակվեց ապահով Հայաստանի մյուս կոմպոնենտների եւ դրանք ապահովելու քայլերի թվարկումը` «ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը» ու «մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարեւոր սկզբունք է, որի պահպանման եւ զարգացման համար մենք դեռեւս հսկայական անելիքներ ունենք»:

Հատկապես ԲՀԿ-ի շուրջը գործընթացներից հետո սպասվում էր քաղաքական դաշտին վերաբերյալ նախագահի խոսք. «Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման եւ այլ անհարգալից մոտեցումները... Միայն գաղափարական եւ գաղափարախոսական մրցակցությունն է վկայում ժողովրդավարական երկրների քաղաքական համակարգերի զարգացվածության մասին: Մեր գործունեության հիմքում կրելով ազգային եւ ժողովրդավարական արժեքներըՙ մենք կարեւորում ենք նաեւ սփյուռքի մեր գործընկերներիՙ ավանդական կուսակցությունների հետ կայուն հարաբերությունները, որոնք միտված են ամրապնդելու Հայաստան-Սփյուռք քաղաքական կապերն ու բարենպաստ պայմաններ են ստեղծում», որեւէ կոշտ արտահայտություն կամ որակում թույլ չտվեց ՀՀԿ ղեկավարը:

Իր առաջադրման համար շնորհակալություն հայտնելով կուսակիցներին` նախագահ Սարգսյանը խոստումի նման ասաց, թե «Հայաստանում բացվող ամեն նոր օրը պետք է տարբերվի նախորդիցՙ լինելով ավելի լավը». «Ապահով Հայաստանի նպատակադրումն իրագործելու ենք հենց այս տրամաբանությամբՙ ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ,բարեկեցիկ ապրելու եւ գործելու համար հարմարավետ, ուժեղ եւ անառիկ Հայաստանի տրամաբանությամբՙ հիմքում ունենալով ապահովված ընտանիքի գաղափարը: Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան եւ ազգային նպատակներըՙ անցյալում թողնելով արատավոր երեւույթներըՙ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը: Ապահով հայրենիք եւ ապահովված ընտանիքՙ սա է մեր զարգացման նպատակադրումը»:

Եվ ավարտեց. «Ես ասում եմՙ հետեւողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում եւ կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը: Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ:

Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է, եւ վերջ:

Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է, եւ վերջ:

Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է, եւ վերջ:

Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է, եւ վերջ:

Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է, եւ վերջ:

Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է, եւ վերջ»:

«Սա Հայաստանն է, եւ վերջ»` Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքն էր` Արցախը, Հայաստանը եւ ողջ հայությունը ամփոփող բանաձեւ որպես:

Բազմաթիվ ելույթներից մեկից` ՀՀԿ-ական, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի` որպես Սերժ Սարգսյանի առաջադրման հիմնավորում ներկայացված խոսքից մի կտոր. «ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքացիներին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու է առաջադրում պատերազմի ու խաղաղության փորձություններով անցած մարդու, ով մեկ անգամ արդեն առիթ ունեցել է ապացուցելու ժողովրդի ընտրության ճիշտ ու արդարացի լինելը, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել` առաջիկա հինգ տարիներին շարունակել սկսած բարեփոխումները, խորացնելու եւ անշրջելի դարձնելու հաջողությունները, վերացնելու թերություններն ու սխալները, որոնք կան ու որոնց գոյությունը ոչ ոք չի ժխտում, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ էլ բաց աչքերով է նայել իրականությանը եւ երբեք չի հերքել ու չի խուսափել դժվարություններից»: Սա որպես ընդհանրացում բոլոր հնչող ելույթներում եղած հիմնական ուղղվածության:

ՀՀԿ համագումարը ողջունել էր (ուղարկված տեսագրությամբ) ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը` ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը փոխանցելով Սերժ Սարգսյանին եւ նշելով, որ նա երկիրը դրել է ճիշտ ճանապարհին: Ընդհանրապես` ՀՀԿ-ն կարող է ապավինել ԵԺԿ-ի աջակցությանը. «Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը եւ, հետեւաբար, նույն ճակատագիրը: Նախագահի եւ վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը», ասել էր Մարթենսը:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը նույնպես առկա էր` այն ընթերցեց այդ կուսակցության անդամ, հայազգի հայտնի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, նշելով, որ իշխող կուսակցության համագումարը կարեւոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետեւաբար նաեւ ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ուղերձում խոսք կար նաեւ ՀՀԿ-ի եւ «Միասնական Ռուսաստանի»` իրենց երկրներում մեծամասնություն ստացած ուժերի արգասաբեր համագործակցության մասին, որպես ապագայում համագործակցության գրավական, իսկ Հայաստանին էլ Մեդվեդեւը խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք է մաղթել: Ողջույնի խոսքով հանդես էր եկել նաեւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ Ցյան Նայչենը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4