«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿԱՆԽՈՐՈՇՎՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Դրանով է պայմանավորված ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային ուժերի ներգրավվածությունը զարգացումներում

«Ազատ Սիրիայի բանակի» վարձկանները շարունակում են կռիվները նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ: Դրանք ունեն անկանխատեսելի բնույթ: Ակնհայտը թերեւս կռիվների ավերիչ եւ արյունահեղ բնույթն է սիրիացիների համար, ինչպես նաեւ «Ազատ Սիրիայի բանակի» դրսից ֆինանսավորումն ու Սիրիայում ընթացող քաղաքական զարգացումներում տարածաշրջանի երկրների հետ տարածաշրջանում կենսական շահեր հետապնդող միջազգային ուժերի ներգրավվածությունը:

Դժվար է ասել, թե ինչ արդյունքի կհանգեցնեն Սիրիայի քաղաքական զարգացումները, բայց որ տարածաշրջանի քաղաքական ճակատագիրը հենց Սիրիայում է կանխորոշվում, ակնհայտ է: Այլ կերպ, կռիվներում խնդիրը ո՛չ Սիրիան է, ո՛չ նախագահ Ասադի վարչակարգը, ո՛չ էլ սիրիական ժողովուրդը, այլ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն է, որի փոփոխությունն անխուսափելիորեն անդրադառնալու է հարակից շրջանների, այդ թվում նաեւ տարածաշրջանային այն երկրների վրա, որոնք ներգրավված են Սիրիայի քաղաքական զարգացումներում:

Օրինակ, եթե Սիրիայում նախագահ Ասադի վարչակարգին փոխարինի ամերիկամետ նոր իշխանություն, ապա Ռուսաստանըՙ զրկվելով այդ երկրում տեղակայված ռազմաօդային բազայից, ամբողջովին կկորցնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այդ ընթացքում Միացյալ Նահանգների առջեւ կբացվեն Միջերկրականից «արեւմտամետ» Սիրիայի ու դաշնակից Թուրքիայի միջոցով անարգել Հարավային Կովկաս ներթափանցելու լայն հեռանկարներ:

Դա ինքնաբերաբար կհանգեցնի Իրանում Ռուսաստանի ազդեցության աննախադեպ թուլացմանը, ստեղծված իրավիճակում խիստ կսահմանափակվեն Արեւմուտքի ճնշումներին դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները, ինչը անխուսափելի կդարձնի իրանական ազդեցության վերացումը Իրաքում:

Ահա թե ինչու միջազգային ուժերն ու տարածաշրջանային երկրները ոչ միայն ներգրավում են Սիրիայի քաղաքական զարգացումներին, այլեւ կատաղի պայքար մղում միմյանց դեմ, որպեսզի տիրեն զարգացումների նախաձեռնությանը: Այս հանգամանքը առանձնակի թեժացնում է նախաձեռնության պայքարը, հատկապես երբ խնդրո առարկան միանգամայն հակադարձ բեւեռներում հայտնված Իրանն ու Թուրքիան են:

Մինչ այդ «Ազատ Սիրիայի բանակին» սիրիական սահմանում տեղակայելու համար Թուրքիային մեղադրող Իրանը վերջին շրջանում սկսել է մեղադրել «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայման պատճառով: Իրանական մեղադրանքի առումով հատկանշական է «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության երեկվա հրապարակումը, որտեղ գրված է. «Պաշտոնական «ԻՐՆԱ» գործակալության վկայությամբ, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին «Փեթրիոթ»-ների տեղաբաշխումը Թուրքիայում որակեց սադրանք եւ ասաց, որ դա որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի, ոչ էլ կնպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը: Անցած շաբաթ օրը նույն հարցի առնչությամբ հայտարարություն էր արել նաեւ իրանական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին եւ մատնանշել, որ ՆԱՏՕ-ին պատկանող «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը համաշխարհային նոր պատերազմի համար նախադրյալներ է ստեղծում»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4