Լրատվամիջոցները հիմա էլ նոր սկանդալով են զբաղված` համացանցում տեղադրված Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնաձայնագրությամբ: Ասենք, որ այնտեղ մեծ բացահայտումներ չկան, սովորական կուսակցական արիշ-վերիշ է, թե ընդդիմությամբ ում առաջադրեն, որ 7-8 տոկոս ստանալն ամոթ չլինի: Եթե ամեն օր մեր պատգամավորներից երկու-երեքին Ազգային ժողովի միջանցքում միմյանց հետ շփվելիս ձայնագրեն ու տեղադրեն համացանցում, ավելի մեծ բացահայտումներ կլինեն հաստատ: Ուղղակի նշենք, որ սկանդալները եւս կառավարման ձեւ են: Դրանով, օրինակ, հանրության ուշադրությունը կարելի է շեղել պրոբլեմներից, հայկական Նոր տարի անելու հնարավորություն չունենալուց, հակադրությունները, անարդարությունները ու բեւեռացումը այլեւս չհանդուրժելուց: Ինչ հիշում ենք` այս երկու տարին ինտրիգների ու սկանդալներ միջոցով գործընթացները կառավարելու ձեւերից լայնորեն օգտվել են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, որոնք երկուսն էլ զբաղված են «տեսարաններ եւ հաց» կարգախոսով մարդկանց իրական խնդիրներն անտեսելով:
Այնպես որ մեկ խորհուրդ կարելի է տալ հանդիսատես ժողովրդին` արհամարհեք այս կարգի սկանդալները, եթե կարող եք, դրանք հատուկ սարքվում են ձեզ համար: Մենք էլ այս պահին այդպես ենք վարվում` չծավալվելով այն անիմաստ գործի մեջ, թե ո՞վ ինչ ասաց, ով ի՞նչ հակադարձեց, ո՞վ է մեղավոր, ո՞վ է գաղտնալսել ու գաղտնաձայնագրել: Տեսնենք` որքան կդիմանանք: Իսկ եթե վաղը-մյուս օրը սկանդալը ծավալվի, ստիպված «Ազգն» էլ գուցե մանրամասնի:
Մ. Խ.