Այս խոսքերը պատկանում են Statuko հանդեսի գլխավոր խմբագիր Օքան Բաշին : Հանդեսը հրատարակվում է Սեւ ծովի առափնյա Սամսուն քաղաքում, իսկ խոսքերը հրապարակվել են հանդեսի նախավերջին համարի առաջնորդող հոդվածում:
Դեկտեմբերի 11-ին «Մարդասպան թուրք հրոսակը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի՞ն է պատրաստվում, թե՞ Խոջալուի 2-րդ հանրահավաքին նախապատրաստվելու աշխատանքներ կատարում» վերնագրով հոդվածում նշել էինք Թուրքիայի հայկական վարժարանները, եկեղեցիներն ու հիմնադրամները հարձակման թիրախ դարձնելու «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյի չարանենգ նկրտումների մասին: Միաժամանակ ավելացրել էինք, որ հարցի էությունը Գյուլբեյով չի սահմանափակվում, որովհետեւ այս ստահակի պաշտպանությամբ հանդես է եկել Statuko-ի գլխավոր խմբագիր Բաշը, չմոռանալով գովեստի խոսքեր շռայլել Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հասցեին:
Ահա թե t 24.com.tr կայքէջի վկայությամբ, Statuko-ի առաջնորդողում, որը հրապարակվել է «Պարոնայք, ի՞նչ եք ուզում ազգայնականներից» վերնագրով, ինչ է գրել այս թուրք հրոսակը. «Ո՞րն է հակակրանքի պատճառը: Թուրքական կոչվող պետության մեջ մի՞թե կարելի է անխղճորեն հալածել ազգային եւ բարոյական արժեքների պահպանության պայքար մղող հարազատ քաղաքացիներին: Ինչպես հայտնի է, «թուրքերի արյան աղտոտության» մասին ակնարկող Հրանտ կոչեցյալ տիպարին վերացնելու պատճառով անտեղի պատժում են Սամասթի պես ամուր մի երիտասարդի, կարծես վատ բան արած լինի: Մի ամբողջ ազգին ամենայն ամբարտավանությամբ անարգող այդ անձնավորությունը իր արարքով արդեն արժանի էր սպանության: Եթե պետությունը աչք է փակում անարգանքին, հայերին շողոքորթելու համար օրը ցերեկով երկրում ոտնահարվում են ազգայնականության սկզբունքները, այդ դեպքում ինքնաբերաբար ասպարեզ են իջնում ազգի նվիրյալ զավակները, որոնց դատապարտելն առնվազն անհասկանալի է մնում ինձ:
Չեմ կարողանում հասկանալ նաեւ այն թուրքերին, որոնք «Բոլորս հայ ենք» սադրիչ կարգախոսով փողոց էին իջել: Մեր ժողովուրդը միլիոնավոր նահատակ է տվել: Երբեւէ տեսե՞լ եք, որ հայկական ծագումով քաղաքացիներից որեւէ մեկը «Բոլորս թուրք ենք» կարգախոսով փողոցում հայտնվի: Նրանք, ովքեր մտադիր են շարունակել «Բոլորս հայ ենք» կարգի սադրանքները, Հայաստանի տեղը հայտնի է: Գնացե՛ք այնտեղ: Բայց ձեր չափն էլ իմացեք, որովհետեւ մենք Թուրքիայում ենք»:
Ի դեպ, Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի «Ընդդեմ ռասիզմի եւ ազգայնամոլության» նախաձեռնությամբ դատական հայցի հիման վրա Սամսունի 2-րդ ատյանը 1 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտել Statuko հանդեսի գլխավոր խմբագիր Օքան Բաշին:
Հ. Չ.