Ժամանակին, ճիշտ ու ճիշտ հայաստանյան իրականության նման, Վրաստանում էլ անցկացվող հարցումները երկրի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ու նրա կուսակցության օգտին այնպիսի բարձր ցուցանիշներ էին «արձանագրում», որ իշխանությունների հանդեպ սիրո ու նվիրվածության մասին խորհրդային միֆը կարելի էր վրացական համարել:
Սակայն դա իրականություն չէր այնպես, ինչպես երբեւէ իրականությանը չէին կարող համապատասխանել Սաակաշվիլու օգտին «գրանցվող» գրեթե հարյուրտոկոսանոց կողմ ձայները ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում:
Հիմա էլ Վրաստանում սիրում ու պաշտում են խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլուն հաղթած ու այդ կերպ վարչապետ դարձած միլիարդատիրոջը` Բիձինա Իվանիշվիլուն: Ու փաստացի հետընտրական շրջանում անցկացված առաջին սոցհարցումն էլ հիմա պարզել է, թե Վրաստանի բնակչության համար սիրելին ու հարազատը Իվանիշվիլին է`չնայած նրա միլիարդներին ու երկիրը տակնուվրա անելու ձեռնարկումներին:
Միջազգային զարգացման շվեդական գործակալության ֆինանսավորմամբ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով հանրային կարծիքի ուսումնասիրության նպատակով արված հարցումների համաձայն, որոնց արդյունքները ներկայացրել են վրացական լրատվամիջոցները, հարցվածների 80 տոկոսը հավանում է Բիձինա Իվանիշվիլուն եւ միայն 29 տոկոսը` Միխեիլ Սաակաշվիլուն: Կազմակերպության թբիլիսյան գրասենյակում ներկայացված արդյունքներով` քաղաքական գործիչների վարկանիշների ցանկում Սաակաշվիլին զիջել է ոչ միայն Իվանիշվիլուն, այլեւ մի շարք այլ նորաթուխների, որոնք իշխանության են եկել միլիարդատիրոջ հովանու ներքո:
Հարցման մասնակից 1947 մարդուց 63 տոկոսն իրեն մոտ է համարել միլիարդատեր Իվանիշվիլու կուսակցության գաղափարները, թեեւ վստահաբար հաջորդ հարցի դեպքում, թե որոնք են այդ գաղափարները եւ ինչպես են արտահայտվելու ծրագրերում, դրական պատասխան ակնկալելի չէր լինի ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում իրականացվող հարցումներում բովանդակությունը մնում է ձեւից շատ հեռու:
Ամեն դեպքում, Սաակաշվիլու կուսակցության հայացքներին ու գաղափարներին համակրում է միայն 10 տոկոսը հարցվածների, թեեւ հստակ է, որ որքան էլ դժգոհ լինեն Սաակաշվիլուց, կուսակցության գաղափարների առումով կարծես թե փոփոխություններ չեն արվել ու ըստ այդմ` չպետք է փոխվեր նաեւ այդ գաղափարներին համակրելու մոտեցումը:
Միակ անփոփոխը, որ Վրաստանում վերջին շրջանի համար հաստատուն ու կայուն ցուցանիշ է գրանցում, այդ երկրում պատրիարքի հանդեպ վերաբերմունքն է: Նոյեմբերի 14-25-ը անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 93 տոկոսը հավանում է վրաց պատրիարքին:
Վ. Պ.