Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում մի պահ այնպիսի շիլաշփոթ էր, որ երեւի ողջ նստաշրջանի ընթացքում չի եղել: Բոլորը խոսում էին կրքով ու բուռն, իրարից նեղանալ էլ եղավ, ամբիոնի մոտ կանգնած պատգամավորներին ռեպլիկներ էլ նետվեցին տեղերից: Այդ բոլորը տեղի էր ունենում այն պատճառով, որ մեծամասնությունը որոշել էր փոխել ԱԺ կանոնակարգը եւ Էթիկայի հանձնաժողովի այնպիսի կարգ որդեգրել, որտեղ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները հավասարակշռված ձայներ կունենան: Այս օրինագիծը բուն նախաձեռնողը հավանաբար պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր, որը նախագծի համահեղինակն էր եւ որին նախորդ նիստի ժամանակ ձայնից զրկել էր Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը (այդ ժամանակ ընդդիմության դիմումն էր քննարկվում` մեծամասնության կողմից ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը տապալելու վերաբերյալ): Սակայն հարցը ներկայացնում էր պետաիրավական հանձնաժողովի անդամ, երիտասարդ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որն ասում էր, թե նախաձեռնության նպատակը հանձնաժողովում հավասարակշռություն ստեղծելն է, կոնսենսուսը ելակետ դարձնելը: Փաստորեն հանձնաժողովի կազմավորման կարգը ԲՀԿ-ի` իշխանական ուժից այլընտրանք դառնալու փաստով խախտվել է, եւ ընդդիմությունն այս հանձնաժողովում առավել ձայներ ունի մեծամասնությունից: Չնայած այդ փաստի քաղաքական իրողությանը` Ա. Հովհաննիսյանն առաջարկում էր մի կողմ դնել քաղաքական հայացքները, եւ հարցին նայել միայն ադ` հավասարկշռություն ստեղծելու տեսանկյունից:
Ընդդիմությունը համաձայն չէր, եւ դա հատկապես երեւաց ՀՅԴ ներկայացուցիչների խոսքում, ու երբ ե՛ւ Արծվիկ Մինասյանը, ե՛ւ Արմեն Ռուստամյանը հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ է բացառապես Ազգային ժողովին վերաբերող օրինագիծը կառավարությունը արտահերթության կարգով բերել ԱԺ (կառավարության հրավիրած հարցերով արտահերթ նիստն էր), կամ ինչու է հարցը ներկայացնում էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող Արփինե Հովհաննիսյանը: Այստեղ բարկացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, թե` «Ձեր ինչ գործն է, մենք ենք որոշում` ով ներկայացնի. 5 հոգով ուզում եք 71 մարդու թելադրել, բովանդակային հարցեր տվեք: Օրիորդի հետ եք խոսում, դա հաշվի առեք գոնե»: Վահան Հովհաննիսյանը տեղից ինչ-որ բան ասաց, որ լսելի չէր, «Ահաբեկո՞ւմ եք», հարցրեց Հ. Աբրահամյանը, ու Վ. Հովհաննիսյանի կատակային «Հա» պատասխանին արձագանքեց. «Մի անգամ ահաբեկեցիք, տեսաք ուր հայտնվեցիք»: Հովիկ Աբրահամյանը նաեւ Գուրգեն Արսենյանին, որն ուզում էր ճշտել, թե որ ասում են «Նրանք, նրանք», էդ ԲՀԿ-ի՞ն է վերաբերում, ու նաեւ Արծվիկ Մինասյանին ասաց` «Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել»: «Կամաց-կամաց, տեսնում եք, հասնում ենք կարեւոր հարցերի քննարկմանը, օրինակ, որ պատգամավորը չպետք է բիզնեսով զբաղվի, եւ ուզում եք դեմը փակել», իր ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Վ. Հովհաննիսյանը: Օրինագծին դեմ էին բոլոր ընդդիմադիր խմբակցությունները եւ սպառնում էին այս տեսքով փոփոխություններ ընդունելուց հետո բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այս փոփոխություններով Էթիկայի հանձնաժողովը կդառնա խորհրդարանի փոքր պատկերը: Ազատդեմոկրատական Ալիկ Արզումանյանն ասում էր, որ կանոնակարգով եւ աշխարհում էլ ընդունված կարգով «մեծամասնություն» եւ «փոքրամասնություն» ձեւակերպումներն են աշխատում, այնպես որ ԲՀԿ-ն լավ կլինի կողմնորոշվի, քանի որ «այլընտրանք» հասկացություն չկա եւ դրանով հնարավոր չէ էթիկայի հանձնաժողով կազմելու կարգ սահմանել: Սա այլ պատգամավորներ եւս շուռումուռ էին տալիս, իսկ ահա Ն. Զոհրաբյանն իր ելույթում բավական կոշտ խորհուրդ տվեց գործընկեր պատգամավորներին զբաղվել սեփական գործերով, քանի որ ամեն քաղաքական ուժի մոտ դրանք շատ են, ու բանուգործը թողած ԲՀԿ-ի տեղը պետք չէ որոնել, դրա փոխարեն կանոնակարգը պետք է փոխել քաղաքական առկա իրողություններին ու ԲՀԿ-ի տեղին համապատասխան: Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, թե մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել ԱԺ-ի վրա այս փոփոխություններով, Լեւոն Զուրաբյանը հերթական անգամ խոսում էր իշխանությունների խուճապից, որն այս անգամ դրսեւորվել է այս կարգի փոփոխություններ բերելով ԱԺ : Ընդդիմությանը հակադրվեցին ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանն ու Կորյուն Նահապետյանը, որոնց խոսքի իմաստն այն էր, որ մեծամասնությունը իր կշռին համապատասխան պետք է ներկայացված լինի հավասարկշռված հանձնաժողովում:
Մի խոսքով բավական նյարդային քննարկում էր, ի վերջո ԱԺ նախագահը այսօր ժամը 11-ին շահագրգիռ կողմերին հրավիրեց իր առանձնասենյակ` անհամաձայնությունները մի անգամ եւս քննարկելու քվեարկությունից առաջ:
Մ. Խ.