Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ում հավանաբար տեսողության եւ ընկալման խնդիրներ ունեն
Ավելի քան կես տարի է, ինչ Լենինգրադյան-Իսակով փողոցներն իրար կապող ճանապարհի կառուցման նպատակով ստորգետնյա անցումի շինարարություն է իրականացվում Լենինգրադյան փողոցի մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Այդ հատվածի կարեւորության մասին թերեւս անիմաստ է խոսել, ինչի վկայությունը անցնող ամիսների ընթացքում օրվա բացառապես բոլոր ժամերին մշտական խցանումներն են: Միանգամից երեք` Աջափնյակ, Դավթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչների զգալի մասի համար հենց այդ ճանապարհն է քաղաքի կենտրոնի հետ կապում: Այս ընթացքում, անցնելով անցումի կառուցման համար քանդված ճանապարհի հատվածով, նրանցից շատերը հետեւում են, թե ի՞նչ փուլում են աշխատանքները եւ ե՞րբ կավարտվեն դրանք:
Մյուս կողմից, հենց այդ նույն հազարավոր բնակիչները ականատես եղան, որ անցած 6-7 ամիսների ընթացքում, հատկապես ամռանը, եղավ մի ժամանակահատված` մոտ 2-3 ամիս, երբ այդ հատվածում ոչ մի շինարարական աշխատանք չէր կատարվում: «Քանդել, թողել են»` այս դժգոհությունն էր մշտապես հնչում հասարակական կամ անձնական տրանսպորտով երթեւկողների կողմից:
Ե՞րբ կավարտվեն անցումի կառուցման աշխատանքները, ո՞րն էր ամռան ամիսներին շինարարության ընթացքի դադարեցումը, ո՞ր կառույցը կամ կազմակերպությունն է պատասխանատու դրա համար: Այս հարցերը հետաքրքրում են անցումի կառուցման մոտով ամեն օր անցնողներին, ուստի դրանք ուղղեցինք Երեւանի քաղաքապետարան: «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ընկերությունից տեղեկացանք, որ Լենինգրադյան եւ Իսակովի փողոցներն իրար միացնող ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտ է նախատեսվել 2013-ի փետրվար ամիսը:
Թեեւ մեր հարցն առնչվում էր կոնկրետ այդ հատվածի շինարարական աշխատանքների ավարտին, ինչը հատուկ ընդգծել էինք, կանխատեսելով չինովնիկական ոճի ընդհանուր եւ ոչինչ չասող պատասխանը, այնուամենայնիվ, պատասխանը հենց այդպիսին էլ ստացվեց: Որ Լենինգրադյան-Իսակով փողոցներն իրար կապող ճանապարհի կառուցումը նախատեսված է 2013-ի փետրվարին, բազմիցս ասվել էր եւ նորություն չէր, իսկ որ ամբողջ ճանապարհն ու ստորգետնյա անցումը տարբեր են, դա էլ երեւի Երեւանի քաղաքապետարանի ու ԾԻԳ-ի պաշտոնյաների համար նորություն է: Գոնե պատասխանում նշվեր, որ անցումն էլ այդ ժամկետին է ավարտվելու, հասկանալի կլիներ, թեեւ դատելով շինարարության ներկա վիճակից եւ եղանակային ոչ բարենպաստ պայմաններից, քիչ հավանական է թվում, որ փետրվարին կավարտվի դրա շինարարությունը: Ինչեւէ: Առավել արտառոց էր մեր մյուս հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ամռանը, շինարարության համար առավել բարենպաստ ժամանակ, աշխատանքներ չէին կատարվում:
Քաղաքապետարանից ստացված պատասխանը հետեւյալն է. «Նշված հատվածում ամռան ամիսներին աշխատանքները չեն դադարեցվել, այլ իրականացվել են ինժեներական կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ, որոնք խանգարում էին բուն թունելի կառուցման շինարարական աշխատանքներին: Շինարարական աշխատանքների կապալառու կազմակերպություն է հանդիսանում «Սահակյանշին» ընկերությունը»:
Դատելով այս պատասխանից, կարելի է եզրակացնել, որ կամ հազարավոր մարդիկ տեսողության խնդիր ունեն, որոնք անցնում են այդ հատվածով ու չեն տեսնում ո՛չ աշխատող շինարարներին, ո՛չ շինարարական տեխնիկան, կամ էլ ԾԻԳ-ում այդ նույն խնդիրն ունեն: Առավել հավանական է թվում վերջինս: Ավելին, ԾԻԳ-ում երեւի չգիտեն, որ ինժեներական կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքները եւս շինարարական աշխատանքներ են եւ դրանք նույնպես տեսանելի են մարդկանց: Կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ իրոք կատարվել են, բայց, հատուկ ուշ հասկացող պաշտոնյաների համար ընդգծենք, խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ ոչ մի, կրկնում ենք, ոչ մի աշխատանք չէր տարվում, եւ այդ ժամանակահատվածը հենց կոմունիկացիների տեղափոխման աշխատանքներին հաջորդող ամիսներն էին: Իսկ մեղավորը ԾԻ՞Գ-ն է, թե՞ «Սահակյանշին» ընկերությունը, դա բնակչին առանձնապես չի հետաքրքրում: Հետեւաբար, պետք չէ դեմքի հայտնի արտահայտությամբ ձեւ անել, թե ամեն ինչ ընթացել է եւ ընթանում է իր հունով: Ինչպե՞ս կարելի է կոծկել կամ հերքել մի բան, ինչին ամեն օր ականտես են լինում հազարավոր մարդիկ:
Ակնհայտ է, որ անցումի կառուցման աշխատանքները կարելի էր ավելի շուտ կատարել, եւ խցանումներն այդ հատվածում մինչ ձմռան գալը կվերանային: Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ ամեն ինչ կրկնվում է, իսկ տուժում են ոչ թե լսողության կամ ընկալման խնդիրներ ունեցող պաշտոնյաները, այլ բնակիչները` ամեն օր իրենց ժամանակն ու նյարդերը վատնելով խցանումների մեջ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ