«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ՋԱՎԱԽՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹՅԱՆ

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնը Թբիլիսիում

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 15-16-ին հյուրախաղերով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Երկու օր շարունակ կենտրոնի նախակրթարանի եւ կիրակնօրյա դպրոցների սաները, հայկական հանրակրթական դպրոցների աշակերտները, քաղաքի հայ երեխաները հնարավորություն ունեցան դիտելու պուրպիկցիների կատարողական արվեստը:

Թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է դերասան Լիանա Խլոյանի եւ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռեւս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք եւ տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը, երեւանաբնակ երիտասարդ դերասանուհին հաստատ որոշում է տեղափոխվել Ջավախք եւ նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ Առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, հայ երեխային փոքրուց մերձեցնել քրիստոնյա հավատքին եւ մայր եկեղեցուն:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից: Իսկ պրեմիերան կայացել է Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում «Պոչատ աղվեսը» բեմադրությամբ:

Ներկայումս թատրոնում գործում է դերասանական երկրորդ սերունդը: Այժմ թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացումՙ «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը», «Հիսուսի ծնունդը» եւ «Մհերի տունը»:

«Պուրպիկ» տիկնիկային մանկա-պատանեկան թատրոնն իր խաղացանկով շրջագայել է Ախալքալաքի բոլոր հայկական գյուղերում եւ հյուրախաղերով հանդես եկել Արցախում:

Որոշելով իրենց արվեստը ներկայացնել նաեւ թբիլիսահայ մանուկներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս Միրզախանյանի օրհնությամբ, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում անվճար ներկայացրեց «Պոչատ աղվեսը« եւ «Ագահ փայտահատը» բեմադրությունները: Բոլոր երեք ներկայացումներն ընթացան «Հայարտուն» կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում, երեխաների ուրախ ծիծաղի, աշխույժ միջամտությունների եւ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ:

«Պուրպիկ» մանկա-պատանեկան թատրոնը Թբիլիսիում ներկայացում տվեց նաեւ «RHA» վերականգնողական կենտրոնում, նախագահ Էլիսո Ռեխվիաշվիլու հրավերով, ում հետ թատրոնը վաղուց համագործակցում է:

Ողջունելով «Հայարտան» գործունեությամբ եւ թբիլիսահայության շրջանում հայապահպանության նպատակով ծավալված աշխատանքները, «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիանա Խլոյանը թբիլիսյան հյուրախաղերն ավարտեց «Մենք գնում ենք նորից գալու ակնկալիքով» խոսքերով:

Վիրահայոց թեմի մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4