Լրացավ գիտության ականավոր գործիչ, ակադեմիկոս Էմիլ Հայկի Միրզաբեկյանի ծննդյան 90-ամյակը:
Է. Հ. Միրզաբեկյանը ծնվել է 1922թ. դեկտեմբերի 12-ին Երեւանում, հանրապետության վաստակավոր բժիշկների ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետոՙ 1940թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Հայրենական մեծ պատերազմի սկզբում Է. Միրզաբեկյանը հրետանային ուսումնարանի կուրսանտ էր, իսկ 1942 թվից նա մասնակցել է ռազմական գործողություններին Անդրկովկասյան, ապաՙ Հարավային ռազմաճակատներում: Նրա մարտական ուղին ծանր վիրավորվելուց հետո ավարտվել է Հունգարիայում 1945 թ.: Պատերազմում դրսեւորած արիության եւ սխրագործությունների համար պարգեւատրվել է Կարմիր աստղի եւ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով:
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Է. Միրզաբեկյանը զորացրվել է եւ, վերադառնալով Երեւան, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: 1950թ. ավարտելով համալսարանըՙ աշխատանքի է անցել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում: Հաջորդ տարվա դեկտեմբերին նա ընդունվել է այդ ինստիտուտի ասպիրանտուրան եւ գործուղվել է ԽՍՀՄ ԳԱ աշխարհահռչակ Պ. Ն. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտ: 1953-1955 թթ. նույն ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1955 թ. Է. Միրզաբեկյանը, վերդառնալով Երեւան, աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում, սկզբում որպես կրտսեր, ապաՙ ավագ գիտաշխատող, իսկ 1958-1960 թ.թ.ՙ ռադիոֆիզիկայի բաժնի վարիչ:
Հաշվի առնելով ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի աճող դերը գիտության եւ արդյունաբերության մեջ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վ. Հ. Համբարձումյանի եւ Է. Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ 1960 թ. հիմնվում է Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը (ՌՖԷԻ), որի տնօրենը մինչեւ իր կյանքի վերջը եղել է Է. Հ. Միրզաբեկյանը: Համախմբելով իր շուրջը տաղանդավոր երիտասարդ գիտնականների նա հիմնել է գերբարձր հաճախությունների ռադիոֆիզկայի գիտական դպրոցը, որը մեծ ճանաչում եւ հեղինակություն է ստացել ԽՍՀՄ-ում: Դրա վառ ապացույցն են ՌՖԷԻ-ում անցկացվող ավանդական համամիութենական եւ միջազգային գիտաժողովները, որոնց մասնակիցներն էին Երկրի առաջատար մասնագետները:
Է. Միրզաբեկյանի գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգերի ուսումնասիրությանը եւ կիրառմանը: Նրա կողմից առաջարկվել է ԳԲՀ ազդանշանի մոդուլման սկզբունքորեն նորՙ բեւեռացման փոփոխությամբ մոդուլման մեթոդը, որը թույլ տվեց զգալիորեն բարձրացնել ընդունիչի զգայունությունը բեւեռացված կոմպոնենտի հանդեպ եւ ընդունել շատ թույլ բեւեռացված ազդանշաններ ուժեղ չբեւեռացված ֆոնի վրա: Այդ մեթոդի հիման վրա ստեղծված ռադիոմետրը առաջին սարքն էր 3,2 սմ ալիքի երկարության ռադիոճառագայթման բեւեռացման աստիճանի չափման համար, նրա զգայունությունը այդ ճառագայթման հանդեպ 50 անգամ բարձր էրՙ համեմատած այլ նման սարքերի հետ: Նրա օգնությամբ նոր արդյունքներ էին ստացվել Արեգակի ռադիոճառագայթման վերաբերյալ:
Է. Հ. Միրզաբեկյանի մյուս աշխատանքները նվիրված են ԳԲՀ էլեկտրամագնիսական ալիքների ճշգրիտ փուլաչափման ուսումնասիրմանը եւ կիրառմանը: Նրա կողմից առաջարկված փուլերի տարբերության եւ նրանց փոքր փոփոխությունների նոր մեթոդը հնարավորություն տվեց ստեղծել բեւեռաչափային ինտերֆերենցիոն սարքերի նոր դաս ռադիոլոկացիայում օգտագործման համար:
Է. Հ. Միրզաբեկյանի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ ՌՖԷԻ-ում մշակվել եւ ստեղծվել են ռադիոալեհավաքների բնութագրերի հետազոտման ռադիոաստղգիտական մեթոդներ եւ համապատասխան սարքավորումներ: Ստեղծված ԳԲՀ ընդունիչ համակարգերը գործնական լայն կիրառություն են գտել տարբեր բնագավառներում, մասնավորապես, տիեզերական հետազոտություններում, Երկրի հեռազննման, կենսաբանության եւ այլ ոլորտներում:
Է. Հ. Միրզաբեկյանի ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը դարձել էր ԽՍՀՄ առաջատար կազմակերպություններից մեկը, որը 1960-ից սկսած կատարել է մի քանի տասնյակ կարեւորագույն աշխատանքներ ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշումներով, ապահովելով տիեզերքի ուսումնասիրության եւ պաշտպանության խնդիրների լուծման համար օգտագործվող հեռավոր հաղորդակցության բոլոր ալեհավաքային համալիրների ճշգրիտ աշխատանքը:
Գիտական հասարակությունը ճանաչում էր Է. Միրզաբեկյանին որպես գիտնականի, որը մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդ գիտական կադրերի դաստիարակմանը: Նրա նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ Երեւանի պետական համալսարանում ստեղծվեց ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
1971 թ. Է. Միրզաբեկյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1974 թ.ՙ ակադեմիկոս: Նույն տարում նրան շնորհվել է ՀԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում: 1974-1976 թ.թ. նա ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների եւ մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր, ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, 1976 թ.ՙ ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ: Երկարատեւ բեղմնավոր աշխատանքի համար բազմավաստակ գիտնականը պարգեւատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
Կարճատեւ ծանր հիվանդությունից հետո Է. Հ. Միրզաբեկյանը մահացավ 1980 թ.ՙ կյանքի 58-րդ տարում:
Նրա կողմից դրված գիտական ուղղությունները հաջողությամբ շարունակվել են իր աշակերտների ջանքերովՙ իրականացվել են մի շարք կարեւոր նախագծեր տիեզերական հետազոտությունների տարբեր ծրագրերում, մասնավորապես «Պրիրոդա», «Վեգա», «Օկեան», «Մետեոր», «Միր»:
Այսօր էլ նրա հոգեզավակ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիզկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հստակ զարգացումը ակադեմիկոս Էմիլ Հայկի Միրզաբեկյանի լավագույն հիշատակն է: