«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ»` ԴՈՒԴՈՒԿԻՑ ՈՒ ԽԱՉՔԱՐԻՑ ՀԵՏՈ

Դեկտեմբերի 3-7-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համալրման հարցը:

7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել էին ներկայացված 70 հայտերից 36-ը, որոնց թվում էր նաեւ «Սասնա Ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը: 36 հայտերից վերջնական դրական որոշում ստացել եւ ընդունվել են միայն 27-ը` այդ թվում Հայաստանի ներկայացրած հայտը, ինչի համաձայն` այսուհետեւ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» արժեքներից բացի հայ ժողովուրդը համաշխարհային հանրությանը կներկայանա նաեւ «Սասնա ծռեր» էպոսով:

Այդ առիթով երեկ լրագրողների հետ կազմակերպվել էր հանդիպում, որի ժամանակ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը չբացառեց, որ մինչ «Սասնա Ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտի ընդունումը հարեւան Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են իրենց բնորոշ ոճով քաղաքականացնել մշակույթը, սակայն` ապարդյուն, քանի որ հայկական կողմը կարողացել է շրջանցել հերթական խանդն ու ոտնձգությունները: Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը պատմում է, որ Սասուն անվանը կապված թուրքական կողմի առարկություններից որեւէ մեկը տեղ չգտավ, քանի որ հայկական կողմը կարողացել է ներկայացնել այն փաստը, որ այն ժամանակ, երբ գրի են առել «Սասունցի Դավիթ» էպոսը, դեռեւս գոյություն չեն ունեցել Օսմանյան կայսրությունն ու ներկայիս թուրքական պետությունը:

Իսկ թե հայ ժողովրդին ու մեր երկրին ի՞նչ կտա «Սասունցի Դավիթ» էպոսի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը պատասխանում է, որ դա առաջին հերթին կնպաստի հայկական մշակութային արժեքների, մասնավորապես հայկական էպոսի ճանաչմանը: Առաջացնելով հետաքրքրություն արդեն մյուս ազգերի, նրանց գիտնականների շրջանում` հայկական էպոսը կարող է խթանել Հայաստանի ու այլ երկրների միջեւ համագործակցումը նաեւ գիտության ոլորտում:

Եկող տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջկառավարական նիստը լինելու է Բաքվում: Ըստ Վահրամ Կաժոյանի` Հայաստանը դեռեւս չի որոշել կմասնակցի՞ հաջորդ նիստին, թե՞ ոչ: Նիստն անցկացվելու է Բաքվում, քանի որ յուրաքանչյուր տարի նիստը պետք է անցկացվի աշխարհագրական 6 գոտիներից մեկում, հետեւաբար եկող տարի` Արեւելյան Եվրոպայում, որի կոմիտեի անդամ երկրներից միայն Ադրբեջանն է հյուրընկալելու հայտ ներկայացրել:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4