«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ «ՄԱՐԱԹՈՆԸ» ՓԱՐԻԶՅԱՆ ԲԵՄՈՒՄ

2012-2013 թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվեց հայ հեղինակիՙ Անահիտ Թոփչյանի անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է, ինչ հաջողությամբ գնում է «Մարաթոն» վերնագրով ներկայացումըՙ բեմադրված ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրողՙ Նինա Դիվ, դերակատարներՙ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր:

«Մեր ռացիոնալ եւ ավտոմատացված ժամանակաշրջանում «Մարաթոն» ներկայացումը ընկալվում է որպես մետաֆոր: Երկու անորոշ սեռի դիմակավորված ծաղրածուները հիշեցնում են Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի պերսոնաժներին: Նրանց շարժումները վազքի նմանակում են: Նրանց կյանքը մի անվերջ մարաթոն է, եւ յուրաքանչյուրը համոզված է, որ գտել է իր գոյության իմաստը: Ներկայացման բոլոր բաղադրիչներըՙ լույսը, ձայնը, զգեստներըը, բեմական դատարկ տարածքը, ընդգծում եւ առաջին պլան էր մղում ամենակարեւորը. արարի խորը փիլիսոփայությունը: Այդ ամենն այնքան նուրբ է ներկայացված, որ ո՛չ մի բառ, ո՛չ մի ձայն չի վրիպում հանդիսատեսի ուշադրությունից:

Անահիտ Թոփչյանի տեքստը հարազատ է Բեկետի եւ Իոնեսկոյի աբսուրդի թատրոնին:

Այդ խորիմաստ ու սեղմ երկխոսությունը, իսկապես, հանդիսատեսի լարված ուշադրությունն է պահանջում:

Ամեն ինչ տեղի է ունենում նույն ժամանակի եւ տարածքի մեջ, մեկ գործողության ընթացքում: Երկու գործող անձինք վազքով են ապրում իրենց կյանքը մինչեւ վերջ: Ո՞րն է նրանցից իրավացի: Նա, որն անվերջ վազում է եւ ձգտում ապրել ժամանակին համաքա՞յլ, թե՞ նա, որն ուզում է անշտապ ապրել, կյանքն ըմբոշխնել, հաճույք ստանալ... Այլապես ոչ թե ապրում ես, այլ վազում կյանքի կողքով:

Դա երկու հայացքների հակադրությունն է, որի մեջ հանդիսատեսն ազատ է ընտրել այն, ինչն ավելի հարազատ է նրան:

Բայց բոլորս, ավա՜ղ, ի վերջո հասնում ենք միեւնույն ավարտին...»,- գրում է ներկայացման մասին ֆրանսիական մամուլը:

«Նինա Դիվի ծաղրածուները եւ նրանց դիմակ-դեմքերը հիշեցնում են Ֆելինիի աշխարհը: Տեքստը եւ ներկայացումը հասնում են գրոտեսկի, թեթեւ հեգնանքի երանգով, որի տակ մի խորը փիլիսոփայություն կա»,- ասվում է ներկայացման անոտացիայում:

Հանդիսատեսը լարված ուշադրությամբ հետեւում է երկխոսությանը, հաճախ ծիծաղում, ինչն, ի դեպ, չի խանգարում նրան մտորելու կյանքի բուն իմաստի մասին:

...Երկու ծաղրածու են հայտնվում բեմումՙ մեկը լուրջ, մյուսնՙ անլուրջ: Ծիծաղաշարժ եւ անհեթեթ իրավիճակներում նրանք, գրեթե ամբողջությամբ եւ յուրովի մատուցում են պատմվածքի տեքստը, մի երկխոսություն կյանքի ողբերգական, միաժամանակՙ անհեթեթ կողմերի մասին: Անլուրջը շարունակ զավեշտի է վերածում Լուրջ ծաղրածուի փիլիսոփայական դատողությունները եւ դրանով հարուցում հանդիսատեսի ծիծաղը: Բայց հանդիսատեսը ծիծաղում է նաեւ Լուրջ ծաղրածուի վրա: Ստացվում է, որ մենք ծիծաղում ենք երկու ծաղրածուների վրա էլ, դրանով իսկ, ասես, ընդգծելով ամեն ինչի հարաբերականությունը: Մի խոսքով, իսկական աբսուրդի թատրոն:

Փարիզից հետո «Մարաթոնը» պիտի հյուրընկալվի Ֆրանսիայի այլ քաղաքների բեմերում: Բեմադրիչը հրավեր է ստացել նաեւ մասնակցելու թատերական միջազգային փառատոներին:

«Մարաթոն» պատմվածքը Անահիտ Թոփչյանի «Lady S.DF.» առաջին ժողովածուից է: Ժամանակին թագմանվել է ֆրանսերեն եւ տպագրվել բելգիական «Liaison» հանդեսում: Լույս է տեսել նաեւ հունարենՙ «Մանդրագորա» մշակութային ամսագրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4