«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԱԶԳԵՐԻ

Ամանորի նախօրեին սննդակարգի թեման առավել ուշադրության է արժանանում

Ներկայացվող թվերը վերցվել են ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2012» 1006 էջերից կազմված տեղեկատուիՙ գյուղատնտեսությանը եւ պարենին նվիրված ՄԱԿ-ի ուսումնասիրությունից: Միջազգային հեղինակավոր այս կազմակերպությունը իր վերլուծությունները կառուցում է հիմնական համարվող բուսական ու կենդանական ծագման 3-ական սննդատեսակների արտադրության ու սպառման հիման վրա, առաջինի մեջ ընդգրկելով բրինձը, ցորենն ու եգիպտացորենի հատիկը, երկրորդումՙ տավարի, խոզի ու հավի միսը: Յուրաքանչյուր պարագայում նկատի է առնվում ինչպես դրանց անմիջական, այնպես էլ վերամշակված տեսակների օգտագործումը: Թվերից պատկեր է ուրվագծվում, ըստ որի երկրներն ամեն ինչ անում են բնակչության հիմնական պահանջները սեփական արտադրության միջոցով բավարարելու առումով: Կան շատ քիչ բացառություններ, որոնց թվումՙ Հայաստանը, ուր պարենի խնդիրը հիմնականում լուծվում է ներկրումների հաշվին, թեեւ սպառվող մթերքների տեղական լիարժեք արտադրության համար կան մարդկային, հողային ու բնակլիմայակամ լավագույն պայմաններ, որոշ դեպքերում 2-3 բերքի ստացման հնարավորություն: Թեեւ հետխորհրդային ու նախկին սոցիալիստական, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ դեռ ընդգրկված չեն 1980-2007 թթ տեղեկատվությունում, այսուհանդերձ թեման իր հետաքրքրությունն ունի:

Հայաստանցիներս, օրինակ, այն պատկերացումն ունենք, որ, ասենք, ճապոնացիներն ու չինացիները օրվա ընթացքում սնվելիս պարտադիր բրնձի որոշակի քանակ են ուտում: Այսպես է, թե ոչՙ մտորեք ինքներդ. Ճապոնիայում ու Չինաստանում 1 բնակչի հաշվով բրնձի տարեկան սպառումը համապատասխանաբար 57 եւ 77 կգ է: Ռեկորդակիրը վենեսուելացիներն ենՙ 166 կգ ցուցանիշով, բանգլադեշցիներըՙ 160 կգ, կամբոջացիներըՙ 152 կգ, հաջորդը ինդոնեզացիներն ու ֆիլիպինցիներն ենՙ 125 եւ 129 կգ: Բրնձի համաշխարհային 680 մլն տոննա արտադրության հիմնական սպառողները հիշատակված եւ հեռավորարեւելյան այլ երկրներ են, որոնց հակադիր կողմում են հիմնականում եվրոպացիները, տարեկան 6-10 կգ սպառումով:

2009 թ. 680 մլն տոննա էր նաեւ ցորենի համաշխարհային արտադրությունը, որի հազիվ 0,1 տոկոսն օգտագործում ենք հայաստանցիներսՙ սեփական արտադրածի ու ներկրումների հանրագումարում: Պարզվում էՙ գրեթե նույնչափ են այս մշակաբույսն օգտագործում մեզնից առավել բարեկեցիկ ապրող Արաբական Միացյալ Էմիրություններումՙ 1 բնակչի հաշվով տարեկան 204 կգ, հաջորդը թուրքերն են, 191 կգ, հարեւան Իրանում 152 կգ, որոնց շատ աննշան են զիջում մակարոնասեր իտալացիներըՙ 146 կգ: Ոմանք կարող են տարօրինակ համարել ֆրանսացիների 100 կգ օգտագործումը, որը թերեւս կապված է հրուշակեղենի նախասիրության հետ:

Եգիպտացորենի հատիկի արտադրությունը 21-րդ դարից սկսած զգալիորեն գերազանցում է նշված մշակաբույսերինՙ անցնելով 800 մլն տոննան: Գյուղոլորտում լուրջ արդյունքների հասած երկրներում այն հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր, վերջին տարիներին նաեւՙ ավտոմեքենաներում որպես վառելիք կիրառվող սպիրտի ստացման հումք: Բայց կան երկրներ էլ, ուր ցորենհացին փոխարինում է եգիպտացորենի հացը, եւ ուղղակի եւ անուղղակի ձեւով թիվ 1 այս մշակաբույսի 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը, ասենք, Մեքսիկայում, կազմում է 123 կգ, Հարավաֆրիկյան Հանրապետությունումՙ 104 կգ, Քենիայումՙ 84 կգ: Այս մշակաբույսի համաշխարհային արտադրության մոտ կեսը իրականացվում է ԱՄՆ-ում:

Ինչպիսին է վիճակը մսատեսակների առումով: Այստեղ առաջատարը ԱՄՆ-ն է, ուր 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը կազմում է 122 կգ, որից խոշոր եղջերավորի, այդ թվումՙ հորթի միսՙ 41 կգ, խոզիՙ 30 կգ, հավիՙ 51 կգ: Հավի մսի առավել սպառում ունեն իսրայելցիներըՙ 68 կգ, որը հիմնականում տեղական է, երբ ՀՀ-ում սեփական արտադրությունը հազիվ 3 կգ է: Հավի մսի օգտագործման 2-րդ ցուցանիշն ունեն ԱՄԷ-ումՙ 61 կգ, Սաուդիան Արաբիայումՙ 41 կգ:

Տավարի մսի առումով 37 կգ սպառում ունեն բրազիլացիները, 33 կգՙ կանադացիները, 32 կգՙ նորզելանդացիները. այս երկրներում զգալի է մյուս 2 հիմնական մսատեսակների օգտագործումը, տարեկան մինչեւ 100 կգ:

Խոզի մսի սպառման առաջատարը իսպանացիներն են. այս երկրում 1 բնակչի հաշվով տարվա ընթացքում օգտագործվում է խռխռան կենդանու 62 կգ միս: Գերմանացիների ցուցանիշը 60 կգ է, իտալացիներինըՙ 45 կգ: Ամանորյա տոներին սպառումով ռեկորդակիրը թերեւս հայաստանցիներս ենք: Նշված մսատեսակների 80-ական կգ են օգտագործում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները:

Տպավորիչ են հազիվ 3 տասնամյակ առաջ պարենապահովության խնդիր ունեցած Չինաստանի արդյունքները: 1990-2007 թթ. 3 հիմնական մսատեսակների 1 բնակչի հաշվով օգտագործումը 25 կգ-ից հասել է 60 կգ-ի, որոշակիորեն նվազեցնելով բրնձից ու ցորենից օգտվելը: Երկիրը սկսել է հայտնվել մթերքներ արտահանողների ցանկերում, ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդատեսակների գծով: Երբեմն այս ամենը անհավատալի է թվում, քանզի Չինաստանի հողային կարողունակությունը գյուղգործունեության առումով այնքան էլ նպաստավորներից չէ: Բայց իրողություն է, որ երկրի 1,3 միլիարդ բնակիչները սոցիալական առումով շատ ավելի բարենպաստ պայմաններում են, քան ընդարձակ հողատարածքներ ունեցող շատ ու շատ երկրներ, որոնց թվում կարելի է հիշատակել նաեւ Հայաստանը, եթե նկատի ունենանք մեզնից յուրաքանչյուրին բաժին ընկնող 1600 քմ վարելահողը, երբ Չինաստանի ունեցածը հազիվ 800 քմ է: Այսուհանդերձ լավատեսության տրվենք, որ եկող եւ առաջիկա տարիներին մեր ամենօրյա եւ ամանորյա սեղաններն առավել առատ կլինեն ոչ թե ներկրվող մթերքների հաշվին, այլ հայրենական արտադրության բուսական ու կենդանական ծագման սննդատեսակներով, հայ հողագործի արարած բերք ու բարիքով: Այնպես որ, կանխավ շնորհավո՛ր Ամանոր, հա՛յ հողի մշակ մեր հայրենակից:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4