«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԻՍԿԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ ՎԱՅԵԼ ՄԵՆԱՄԱՐՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Արթուր Աբրահամը շատ վստահ իրականացրեց WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսի 1-ին պաշտպանությունը: Նյուրնբերգում կայացած մենամարտում Արթուրը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց չեմպիոնական գոտու հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

Այդ մենամարտում Արթուրն իր բազմահազար երկրպագուներին ներկայացավ նոր որակներովՙ մարտը վարելով ագրեսիվ ու հարձակողական ոճով, անընդմեջ հարվածների տարափ հասցնելով մրցակցին: Առաջին իսկ ռաունդներից հայ բռնցքամարտիկը դրսեւորեց առավելությունը մրցակցի նկատմամբՙ փորձելով հուժկու հարվածների շնորհիվ ոչ միայն անհրաժեշտ միավորներ վաստակել, այլեւ ծնկի բերել Բուադլային: Այդ մարտավարությունն իրեն լիովին արդարացրեց: Ճիշտ է, Բուադլան շատ դիմացկուն բռնցքամարտիկ դուրս եկավ ու կարողացավ ոտքի վրա մնալ Արթուրի հուժկու հարվածներից հետո: Սակայն այդ հարվածները չէին կարող անհետեւանք մնալ: Արդեն 7-րդ ռաունդում Բուադլայի աչքի շրջակայքում պատռվածք էր առաջացել ու արյունահոսում էր: 8-րդ ռաունդում Աբրահամը մի այնպիսի հարվածների տարափ տեղաց մրցակցի վրա, որ մրցավարը լուրջ հետեւանքներից խուսափելու համար ստիպված էր դադարեցնել մենամարտըՙ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցելով Արթուրի օգտին:

Ամեն ինչ շատ տպավորիչ էր: Արթուր Աբրահամն ապացուցեց, որ անհաջողությունները հետեւում են մնացել, լուրջ հետեւությունների է հանգել պարտություններից ու նորից ուժեղագույն բռնցքամարտիկների շարքում է: Այս տպավորիչ հաղթանակը հույս է ներշնչում, որ Արթուր Աբրահամը դեռեւս մեծ ներուժ ունի եւ կարող է ոչ միայն երկար պահպանել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, այլեւ հաջողությամբ պայքարել այլ վարկածներով ուժեղագույնի տիտղոսի կոչման համար:

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում 36-րդ հաղթանակը տոնեց, որից 28-ը նա տարել է ժամանակից շուտ: Իսկ Բուադլան 5-րդ պարտությունը կրեց:

Գերմանական ARD հեռուստաալիքով Աբրահամ-Բուադլա մենամարտի ուղիղ հեռարձակմանը հետեւել են այդ երկրի 3,74 մլն հեռուստադիտողներ: Դա կազմում է այդ պահին հեռուստացույց դիտողների 14,1 տոկոսը: Իսկ Նյուրնբերգի մարզասրահում 7 հազար հանդիսականներ էին հետեւում մրցամարտի ընթացքին:

Նշենք, որ օգոստոսին կայացած Ռոբերտ Շտիգլից-Արթուր Աբրահամ մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը նվաճել էր WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաքրքրել էր Գերմանիայի 4,92 մլն հեռուստադիտողների: Ի դեպ, նախատեսվում է 2013-ի ապրիլին կազմակերպել Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի 2-րդ մենամարտը: Այս մասին հայտարարել են պրոմոութերներ Կալե Զաուեռլանդը եւ Ուլֆ Շտայնֆորտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4