«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Գաբրիել Սարգսյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Հայ շախմատիստը 22 հնարավորից վաստակեց 17,5 միավոր: Նա մեկ միավոր զիջեց չեմպիոն հռչակված ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Բրոնզե մեդալը նվաճեց Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչովըՙ 17 միավոր:

Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ 2-ական պարտիա էին անցկացնում տարբեր գույնի խաղաքարերով: Գաբրիելը շատ վստահ մեկնարկեցՙ 2-ական հաղթանակ տոնելով Մարչին Տաբոլայի եւ Կլաուդիա Կուլոնի նկատմամբ: Հետագայում նա նույնպիսի արդյունքի հասավ Յան-Կրժիժտոֆ Դուդայի, Մարսել Կանարեկի, Վոյցեխ Մորանդայի եւ Դանիել Ֆրիդմանի հետ մրցախաղերում:

Թամաշ Բանուցի եւ Բարտոշ Սոչկոյի հետ պարտիաներում Գաբրիելը 1,5-ական միավոր գրանցեց իր օգտին: Կիրիլ Բրիզգալինի եւ Անդրեյ Իստրատեսկուի հետ մրցախաղերում հայ շախմատիստը մեկական միավոր վասկատեց: Առավել անհաջող նա խաղաց մրցաշարի հաղթող ճանաչված Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 9-րդ տուրում կայացած այդ մրցախաղում Սարգսյանն ընդամենը կես միավոր վաստակեց: Հենց այդ արդյունքն էլ փաստորեն վճռեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի հարցը հօգուտ ֆրանսիացու:

Մրցաշարին մասնակցած Զավեն Անդրեասյանը 16 միավորով 444 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանը 15,5 միավորով 12-րդն էր: 14 միավոր վաստակեց Հրայր Սիմոնյանըՙ գրավելով 58-րդ տեղը, իսկ Վահե Բաղդասարյանը 13,5 միավորով զբաղեցրեց 77-րդ հորիզոնականը: Մարկ Բասենչյանը 11 միավորով 241-րդ տեղը գրավեց:

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստների ցուցանիշները համեստ էին: Լավագույն արդյունքը ցույց տված Գաբրիել Սարգսյանը 8,5 միավորով գրավեց 14-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Տիգրան Պետրոսյանը 16-րդն էր: 7,5-ական միավորով Հրայր Սիմոնյանն ու Զավեն Անդրեասյանը զբաղեցրին համապատասխանաբար 72-րդ եւ 77-րդ տեղերը: Մարկ Բասենչյանը 7 միավորով 156-րդն էր, իսկ Վահե Բաղդասարյանը 6,5 միավորով հանգրվանեց 162-րդ հորիզոնականում: Արագ շախմատի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեցին 775 շախմատիստներ:

Արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը, որը 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավից ու Ալեքսեյ Շիրովից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4