«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2012-12-14 | #225, 2012-12-15 | #226, 2012-12-18


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԽԱՂԱՑ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Չինաստանում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի շախմատի մրցաշարում մասնակիցներն ավարտեցին մրցավեճն արագ շախմատում եւ կայծակնային մրցախաղում:

Արագ շախմատի մրցաշարում շատ անհաջող խաղաց Լեւոն Արոնյանը, որը 7 հնարավորից վաստակած 2,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Արոնյանը ոչ մի հաղթանակ չտոնեցՙ հաշտություն կնքելով Ալեքսանդր Մորոզեւիչի, Թեյմուր Ռաջաբովի, Վիկտոր Բոլոգանի, Հիկարու Նակամուրայի եւ Վասիլի Իվանչուկի հետ: Սերգեյ Կարյակինին ու Շահրիյար Մամեդյարովին Արոնյանը պարտվեց:

Արագ շախմատի մրցաշարի հաղթող դարձավ ֆրանսիացի Լաուրենտ Ֆրեսինետը, որը վերջին պահին փոխարինել էր մրցումներից հրաժարված բուլղարացի Վեսելին Թոփալովին: Ֆրեսինետը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր ու գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ճապոնացի Հիկարու Նակամուրայից: 3-րդ տեղը 4,5 միավորով գրավեց Ալեքսանդր Գրիշչուկը, որը գործակիցներով շրջանցեց նույնպիսի ցուցանիշ ունեցող չինացի Լիրեն Դինգին:

Կայծակնային մրցախաղում Լեւոն Արոնյանը բավականին հաջող հանդես եկավՙ 9 միավորով գրավելով 4-րդ տեղը: Ընդ որում նա միայն գործակիցներով զիջեց 3-րդ տեղը գրաված ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: 12,5 միավորով չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 11 միավորով 2-րդը ճանաչվեց ճապոնացի Հիկարու Նակամուրան:

Արոնյանը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, Վասիլի Իվանչուկին, Գատա Կամսկուն, Բայադուր Ջոբավային եւ Թեյմուր Ռաջաբովին, ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի, Շահրիյար Մամեդյարովի, Լաուրենտ Ֆրեսինետի, Վիկտոր Բոլոգանի, Անիշ Գիրիի եւ Լիրեն Դինգի հետ: Լեւոնը կրեց 3 պարտություն Սերգեյ Կարյակինի, Վան Հաոյի եւ Պետեր Լեկոյի հետ մրցախաղերում:

Էլինա Դանիելյանը առավել հաջող հանդես եկավ արագ շախմատի մրցաշարումՙ 7 հնարավորից վաստակած 3,5 միավորով գրավելով 8-րդ տեղը 16 մասնակիցների մեջ: Իսկ ահա կայծակնային խաղում Էլինան 15 հնարավորից 6 միավոր վաստակեց եւ զբաղեցրեց 13-րդ տեղը:

Արագ շախմատի մրցաշարում հաղթող դարձավ ուկրաինուհի Կատերինա Լահնոնՙ 5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված Հոու Յիֆանից, Համպի Կոներուից եւ Աննա Մուզիչուկից:

Կայծակնային խաղում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: Այստեղ էլ վճռորոշ եղան լրացուցիչ գործակիցները, որոնց շնորհիվ Կոստենյուկը գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4