«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2012-12-15 | #226, 2012-12-18 | #227, 2012-12-19


ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԷՐ ՄԱՏՆՎԱԾ

Երթուղիների սպասարկման մրցույթները շահած ընկերությունները պատրաստ չեն ձմռանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչ ձյան գալը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, որ պատրաստ են դրան, ունեն աղի, ավազի պաշարներ, տեխնիկա եւ այլն: Թե ինչպե՞ս մաքրվեցին փողոցները եւ մայթերը ձյունից, թողնում ենք յուրաքանչյուր երեւանցու եզրակացությանը, անկախ այն բանից, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ ձնամաքրման աշխատանքները ընթացքի մեջ են: Ամեն դեպքում, եթե այս առումով, լավ թե վատ, ինչ-որ աշխատանքներ կատարվեցին, ապա նույնը չի կարելի ասել երեկվա եւ նախորդ օրվա հասարակական տրանսպորտի վիճակի մասին: Այստեղ պարզապես խայտառակ անտերություն էր:

Ձյուն գալու առաջին օրն արդեն կանգառներում սկսվեցին ավելանալ կուտակումները: Թե առավոտյան, թե երեկոյան ժամերին, ինչպես միկրոավտուբուսները, այնպես էլ ավտոբուսները սկսեցին ավելի հազվադեպ ու գերբեռնված երեւալ:

Տրանսպորտի դեֆիցիտն այնքան մեծ էր, որ տեղացող ձյան տակ անհուսորեն սպասողների համար դժվար էր անգամ ազատ տաքսի գտնելը: Այդ նույն օրը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը (Հենրիկ Նավասարդյանը) զեկուցում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ շարունակվել է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ եւ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան եւ երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին: Առնվազն տարօրինակ է թվում, թե ինչպե՞ս է կատարվել այդ հսկողությունը եւ ի՞նչ արդյունքներ է տվել ուշադրությունը չվացուցակների խախտման դեպքերին, երբ քաղաքապետարանի պատերից դուրս այդ ամենն աննկատ էր: Այնուամենայնիվ, մնում էր հուսալ, որ գուցե հաջորդ օրը ինչ-որ դրական փոփոխություն լիներ: Հաջորդ օրը, այսինքն երեկ, իրոք, որ փոփոխություն եղավ, բայց ոչ դրական:

Վաղ առավոտից կուտակումները կանգառներում ոչ միայն չէին նվազել, այլեւ ավելացել էին, ինչին զուգահեռ` շահագործվող ավտոբուսներն ու միկորավտոբուսներն էլ նվազել էին: Հատկապես միջնականգառներում, երթեւեկող միկրոավտոբուսներից շատերը պարզապես չէին կանգնում, քանի որ գերհագեցած էին ուղեւորներով, իսկ կանգնողներն էլ անմիջապես գրոհի էին ենթարկվում այնտեղ մտնելու նպատակ ունեցողների կողմից: Բնականաբար, քչերին էր դա հաջողվում: Նույնն էր տեղի ունենում նաեւ երեւացող ավտոբուսների դեպքում: Մի խոսքովՙ տրանսպորտի վարչության պետի «ուշադրությունը» չվացուցակները խախտողների նկատմամբ առանձնապես չէր երեւում:

Կցանկանայինք այստեղ հիշեցնել, որ Հենրիկ Նավասարդյանը տրանսպորտի վիճակի բարելավման նախապայման էր համարում սակագնի բարձրացումն ու 200 դրամ դարձնելը: Հիմա, եթե սակագինը լիներ 200 դրամ, երեկ եւ նախորդ օրը տրանսպորտը նորմալ կաշխատե՞ր եւ կբավարարե՞ր մարդկանց: Ոչ իհարկե: Ընդամենը սակագինը փոխված կլիներ, եւ մարդիկ 100 դրամի փոխարեն 200 դրամ պետք է վճարեին, քանի որ մինչեւ սակագնին անդրադառնալը հարկ է նախ ապահովել անհրաժեշտ քանակի շարժակազմով:

Մինչ սակագնի մասին խոսելը հիշեցնենք, որ երթուղիների մրցույթները նոր են ավարտվել, եւ շահած կազմակերպությունները պետք է պատրաստ լինեին նաեւ ձմռան խնդիրներին: Ինչպես տեսնում ենք, այդպես չէ` միկրոավտուբուսներից շատերը ձյան պատճառով դուրս չեկան երթուղիներ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ քաղաքապետարանը եւ «Երեւանտրանս» պետական ընկերությունը պատժամիջոցներ չեն կիրառում նրանց նկատմամբ: Այսինքն, հերթական անգամ պետք է փաստել այս կառույցների անգործությունն ու ավելորդությունը:

Հարկ է արձանագրել նաեւ, որ տրանսպորտային սպասարկման այս համակարգն իրեն չի արդարացնում: Քաղաքացիները արդացիորեն բողոքում են տրանսպորտի անմխիթար վիճակից, երթուղիները սպասարկողները` սակագնից, իսկ քաղաքապետարանը ոչինչ չի կարողանում անել հավերժ թվացող այս իրավիճակը շտկելու ուղղությամբ: Գուցե ժամանակն է լրջորեն քննարկելու երթուղիների սպասարկումը մասնավորից վերցնելու եւ քաղաքային իշխանություններին վերապահելու հարցը, երբ պատասխանատվությունն ավելի որոշակի կլինի եւ սակագնի ու տրանսպորտային ծախսի տարբերությունն էլ կհոգա քաղաքային բյուջեն: Նման առաջարկ արել է օրենսդրության կարգավորման կենտրոնը, եւ մնում է սպասել, թե ինչ հետագա զարգացումներ կունենա: Իսկ մինչ այդ շտապենք կանգառ` համալրելու տեղացող ձյան տակ տրանսպորտի սպասող մեր աննկուն համաքաղացիների շարքերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4