Մի քանի տասնյակ թուրք գիտնականներ բողոքել են Դանիայի թագավորական գրադարանի տնօրենության դեմ, որը թույլ էր տվել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողական տեսակետը ներկայացնել ցուցադրության տեսքովՙ «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» խորագրով: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Մտավորականների բողոք-նամակը դեկտեմբերի 17-ին տպագրվել է դանիական մամուլում: «Նոյեմբերի սկզբներին մենք Դանիայում մեր դեսպանատան աջակցությամբ Դանիայի թագավորական գրադարանում բացեցինք ժամանակավոր ցուցադրություն, որի բացումը առաջ էր բերել թուրքական դեսպանության բացասական արձագանքը: Նրանք ամեն ինչ արել էին, որ ցուցադրությունը տեղի չունենա, սակայն, այնուամենայնիվ այն բացվեց նոյեմբերի 6-ին: Դանիական թանգարանը, սակայն, որոշում էր ընդունել որպես այլընտրանքային տարբերակ, թուրքական կողմին մի ցուցադրություն ունենալու հնարավորություն տալ»,- ասաց Դեմոյանը:
Նրա խոսքովՙ սա դանիական հասարակության շրջանում հուժկու բողոք էր առաջացրել: «Մեր դեսպանատան տրամադրած տվյալներով` շուրջ հարյուրից ավելի հրապարակում եղավ, որոնց մեծ մասը քննադատական բնույթի էր եւ դատապարտում էր թուրքական կողմին Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ ժխտողական տեսակետ ներկայացնելու համար: Թուրքական ժխտողականությանը վերջին խոշոր հակահարվածը հասցրին հենց թուրք գիտնականները: Դանիական մամուլում հրապարակվեց մի քանի տասնայակ թուրք գիտնականների նամակ- բողոքըՙ ուղղված գրադարանի տնօրենությանը, որը որոշել էր թուրքական ժխտողական տեսակետը ներկայացնել ցուցադրության տեսքովՙ ի հակադրումն հայկական ցուցադրության»,-հայտնեց Դեմոյանըՙ հավելելով, որ նրանց թվում Թաներ Աքչամն ու շատ այլ հայտնի գիտականներ են:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքովՙ հիմնական բողոքն այն է, որ թուրքական պետությունը, փաստորեն, «վերահսկում է հիշողությունը»: Դա խոսում է այն մասին, որ այդ երկիրը չի աջակցում դեմոկրատական արժեքներին, իսկ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը լավագույն ապացույցն է, թե ինչպես են թուրքերը բռնաճնշումներ իրականացնում այդ հիշողության նկատմամբ: