Խոսքը Իլհամ Ալիեւի մասին է: Եվ` ոչ չափազանցված, ոչ` քաղաքականացված: Հայտնի խոսք է` «ոճը մարդն է»: Այսինքն` խոսքով է դատվում, թե մարդ ով է: Այս իմաստով խիստ բնութագրական էր Իլհամ Ալիեւի ելույթը Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեում:
Իր խոսքում նա անդրադարձել է Ադրբեջանի տնտեսական խնդիրներին եւ խոստովանել, որ նավթարդյունահանության ոլորտում «որոշակի անկում է եղել»: Ի՞նչ կա որ, տնտեսության այս կամ այն ոլորտի խնդիր ունենում է ամեն մի երկիր: Բայց` ոչ «նորին գերազանցություն» շիզոֆրենիկի ընկալմամբ: Անդրադառնալով BP ընկերության հասցեին իր «դիտողություններին», Իլհամ Ալիեւը ենթադրել է, որ դրանից հետո «Ադրբեջանին չսիրողները, արտաքին ուժերը, հայկական լոբբին եւ, ցավոք, նրանց հետ նույն ճամբարում գտնվող ներքին (կարծես թե արտաքին էլ է լինում- Վ. Ա.) ընդդիմությունը փորձեցին չափազանց սրել այդ հարցը` իբր թե Ադրբեջանի, Պետական նավթային ընկերության (Ադրբեջանի) եւ նրա գործընկերների միջեւ ինչ-որ խնդիրներ կան»:
Ի՞նչ կապ ունեն այստեղ «Ադրբեջանին չսիրողները, արտաքին ուժերը, հայկական լոբբին եւ նրանց հետ նույն ճամբարում գտնվող ներքին ընդդիմությունը», եթե Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն անձամբ էր հայտարարել, որ «BP-ի փոխարեն հարկ կլինի գտնել այլ օպերատոր, եթե նավթի արդյունահանման ծավալները չվերականգնվեն»: Սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանի կառավարությունը BP-ի հետ ունի տարաձայնություններ:
Գումարած, որ բրիտանական եւ համաշխարհային մամուլը նույնպես հեղեղված է վերլուծություններով, որ մի կողմից քննադատում են Ադրբեջանի բռնապետությունը, մյուս կողմից` այդ երկրի համար կանխատեսում, մեղմ ասած, ոչ այնքան «պայծառ հեռանկար»: Եվ այստեղ «հրճվելու» կամ «ապոկալիպսիս գուշակելու» խնդիր չկա: Մանավանդ` հայկական կողմի համար: Խնդիրը խորքային է, ինչին կարծես Իլհամ Ալիեւի ինտելեկտը հասու չէ. Ադրբեջանը «նստած է նավթային ասեղի վրա», եւ կոնյունկտուրայի թեկուզ աննշան փոփոխությունը կարող է պսակազերծել «խոշոր քայլերով առաջընթացի» առասպելը:
Դա է թերեւս շարժառիթը, որ Իլհամ Ալիեւը բառացիորեն փրփուրներից է կառչում. «... Ուզում եմ ասել, որ թող չուրախանան մեզ չսիրող ուժերը, դավաճանները (սա վերաբերում է ադրբեջանական ընդդիմությանը- Վ. Ա.), այն մարդիկ, որոնք ուրախանում էին, երբ Լոնդոնի ամառային օլիմպիադայի առաջին օրերին մեր մարզիկները չէին կարողանում ոսկե մեդալներ նվաճել: Այդ մարդիկ հետո հայկական լոբբիի հետ միասին հիասթափված էին խաղերի (օլիմպիական) արդյունքներով: Թող չհրճվի հայկական լոբբին, չհրճվեն արտաքին ուժերը (ներքին ընդդիմությանն ինչո՞ւ է անտեսում- Վ. Ա.), որոնք մեզ չեն սիրում եւ չեն ընդունում Ադրբեջանի հաջող զարգացումը», եզրափակել է Իլհամ Ալիեւը:
Տրվե՞լ գայթակղությանը, գնա՞լ դիտարկումների, համադրությունների, վերլուծությունների եւ եզրահանգումների: Ըստ երեւույթին իմաստ չունի: Երբ մի երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական միջոցառման ելույթը կառուցում է ամենաշարքային «Հասանի ընկալումների», իրականում` բնազդային «նախասիրությունների» եւ ատելության նկատառմամբ, այստեղ արդեն չեն օգնի ոչ քաղաքագիտական վերլուծությունները, ոչ սոցիոլոգիական հարցումները, ոչ դասականներից արված մեջբերումները, ոչ էլ նույնիսկ հղումը «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի «դարակազմիկ ասույթներին»:
Պարզապես հարկ է արձանագրել, որ եւ ադրբեջանական ժողովուրդը, եւ մենք գործ ունենք մի «ֆենոմենալ» երեւույթի հետ` երբ պետության ղեկավարը սկսում է «դատողություններ անել»... բակային տղայավեճի մակարդակով: Այ, սա ողբերգություն է: Ամենից առաջ` ադրբեջանական ժողովրդի եւ հասարակության համար: Հետո` մեզ: Թե ինչպե՞ս կարելի է պետական, միջպետական, միջազգային հարաբերություններն իջեցնել «լավ-վատ տղայի մակարդակի»` դասական օրինակը տալիս է Իլհամ Ալիեւը:
Պատահականությո՞ւն է սա, թե՞ «օրինաչափություն»: Հավանաբար` երկրորդը. գործնականում «այս աշխարհի ուժեղներին» ձեռնտու է նավթով եւ գազով հարուստ տարածքում, որը միջազգային հարաբերությունների կոնյունկտուրայի բերումով կնքվել է Ադրբեջան եւ «օժտվել սուվերենությամբ», ունենալ շիզոֆրենիայով տառապող կառավարիչ: «Թող նա լուռ պահի հպատակներին, թող երբեմն հոխորտա»,- դրանից BP-ի եկամուտները չեն տուժում: Ոչ ոք չի տուժում: Առայժմ:
Վ. Ա.