ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ Baltic Surveys/The Gallup Organization-ը «Արմնյուզ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ մինչ 2013 թ. նախագահական ընտրություններն իրականացրել են հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր, որի նպատակն է վերլուծել բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-ից 16-ը, երբ դեռեւս հայտնի չէր, թե քաղաքական գործիչներից ովքեր են առաջադրվելու: Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1020 բնակիչ: Պարզվել է, որ քաղաքականությամբ հետաքրքրվածությունը բարձր տոկոս է կազմում: 42 տոկոսն ասել է, որ հաստատ կմասնակցի քվեարկությանը, իսկ 36 տոկոսըՙ հավանաբար կմասնակցի: Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռաիսա Ալիշաուսկիենեի ներկայացմամբՙ հարցվածներն ընտրություններին չմասնակցելը բացատրում են մի քանի հանգամանքովՙ նրանց մեծ մասըՙ 36 տոկոս, համոզված է, որ ընտրությունների արդյունքը ոչ մի բան չի փոխի, մյուսները շեշտել են, որ հետաքրքրված չեն կամ դեռեւս հայտնի չեն թեկնածուները: «Ո՞ւմ ձայն կտայիք նախագահական այս ընտրություններին» հարցին հարցվածների 49 տոկոսը նախապատվությունը տվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 21 տոկոսըՙ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսըՙ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5-ական տոկոսըՙ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հարցվածների միայն 9 տոկոսը թեկնածուի հարցում չէր կողմնորոշվել, ինչն, ըստ Ալիշաուսկիենեի, շատ լավ արդյունք է:
«Ո՞ւմ օգտին ընդհանրապես չէիք քվեարկի» հարցում առաջատարն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էՙ 39 տոկոսով:
16 տոկոսը երբեք չէր քվեարկի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին, 12 տոկոսըՙ Ռոբերտ Քոչարյանի օգտին, 11 տոկոսըՙ Սերժ Սարգսյանի, 7 տոկոսըՙ «Ժառանգության» առաջնորդի: «Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական գործիչներին» հարցի ամենաբարձր վարկանիշն ունի Գագիկ Ծառուկյանըՙ 72 տոկոս, գործող նախագահըՙ 61 տոկոս, երկրորդ նախագահըՙ 49 տոկոս: «Եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան հարցվածների 36 տոկոսն ասել էՙ Սերժ Սարգսյան, 13 տոկոսըՙ Ռոբերտ Քոչարյան, 9 տոկոսըՙ Րաֆֆի Հովհաննիսյան եւ այլն:
Կուսակցությունների վարկանիշի մասին հարցումներով պարզվել է, որ իշխող կուսակցությունըՙ ՀՀԿ-ն ունի 47 տոկոս, ԲՀԿ-նՙ 32, ՀԱԿ-ըՙ 6, իսկ ՀՅԴ-նՙ 5 տոկոս ձայն: Պարզվել է, որ տղամարդիկ առավել հետաքրքրված են քաղաքականությամբ, քան կանայք: Ավելին, քաղաքներում եւ գյուղերում նույնպես նկատելի է մեծ տարբերություն: Բնակչության հիմնական հատվածըՙ 90 տոկոսը, տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսությունից, 41 տոկոսը նախապատվությունը տալիս է բարեկամների ու ծանոթների կարծիքին, 28 տոկոսըՙ ինտերնետին, 23 տոկոսըՙ ռադիոյին, 19 տոկոսըՙ թերթերին:
«Ազգ»-ի հարցին ի պատասխանՙ այս եւ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության տրամադրվածության մեջ փոփոխություններն ինչպիսի՞ն են, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն ասաց, որ էական տարբերություն չկա: «Բնակչությունը միշտ էլ առավել հետաքրքրված է եղել նախագահական եւ ոչ թե խորհրդարանական ընտրություններով: Սակայն այս ընտրությունների ամենակարեւոր ինտրիգին վերջ տրվեց, դա Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունն էր, որ խոստանում էր թեժ պայքար, սակայն դա բացառվեց: Կարող եմ ասել մեկ բան, որ այսօր ընտրողը դարձել է առավել գրագետ եւ ուշադիր»:
Սա ուսումնասիրության առաջին փուլն է, նախատեսվում է, որ հաջորդ փուլի արդյունքները հանրությանը կներկայացվեն հունվարինՙ ընտրարշավի ընթացքում, իսկ վերջինըՙ նախագահական ընտրություններից 2-3 օր առաջ: