«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆ. «ՍԻՐԻԱՅՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ»

Նախորդ օրը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է. «Նախագահ Բաշար Ասադին հաշված օրեր են մնացել»: Այս հայտարարությամբ նա արտահայտում էր Անկարայի ցանկատեսությունը, թերեւս դրանով էլ ձայնակցում միջազգային լրատվական առաջնակարգ այն միջոցներին, որոնք երկու տարի շարունակ անդադար Սիրիայում իշխանափոխության քարոզչություն են ծավալում:

Որքան էլ երկրի համար արյունաբեր եւ աղետալի լինեն սիրիական այսպես կոչված ընդդիմության ու կառավարական զորքերի կռիվները կամ Արեւմուտքը, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջոցով ամեն կերպ աջակցի «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններին, վերջիններս ի վիճակի չեն երկրի որեւէ շրջանում ամրանալու կամ այդ շրջանը վերահսկելու: Նրանց գլխավորապես հաջողվում է սպանել խաղաղ բնակիչներին, որ միջազգային մամուլը դա վերագրի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերին:

Համենայն դեպս, այն օրը, երբ հայտարարությամբ հանդես էր գալիս Դավութօղլուն, Նյու Յորքում մամուլի ասուլիս է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա, կարծես ի չիք դարձնելու համար Սիրիայում շուտափույթ իշխանափոխության Անկարայի հաշվարկները, ասել է, որ երկրում ծավալվող կռիվների վերջը չի երեւում, ոչ էլ կառավարության ու ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսություն սկզբնավորելու հիմքեր կան: Վերջում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Սիրիայում ծավալվող պատերազմը դադարեցնելու միակ ուղին քաղաքական հաշտեցումն է եւ կողմերի այդ ճանապարհով ուղղորդումը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4